RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013



Միիազգային

Տեղադրվել է` 2013-03-30 00:24:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1042, Տպվել է` 53, Ուղարկվել է էլ.փոստով` 56

ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԼԻԱՐԺԵՔ ՉԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Սակայն Թուրքիան դարձել է Իսրայելի անվտանգությունն ապահովող գլխավոր երկիրը տարածաշրջանում

2012-ին Մալաթիայի Քյուրեջիք շրջանում տեղակայվել էր հակաօդային պաշտպանության համակարգ: Քանի որ Էրդողանի կառավարությունը դա պատճառաբանում էր ՆԱՏՕ-ի օբյեկտների պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ, ուստի համակարգը վերագրվեց Հյուսիսատլանտյան դաշինքին: Մինչ ընդդիմությունը, մասնավորապես Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, բացականչում էր, թե համակարգը որեւէ առնչություն չունի ՆԱՏՕ-ի օբյեկտների հետ, տեղակայվել է Իսրայելին Իրանի հնարավոր հարձակումից պաշտպանելու առաջադրանքով, պարզվեց, որ համակարգը ամերիկյան է, ՆԱՏՕ-ին կհանձնվի հետագայում:

Դրան հետեւեց մեկ այլ բացահայտում, ըստ որի, Իսրայելն օգտվում է ՆԱՏՕ-ին վերագրվող Քյուրեջիքում տեղադրված ամերիկյան պաշտպանության համակարգի ծառայություններից, ավելին, դա միացած է իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգին: Իսրայելի վրա վարչապետ Էրդողանի չդադարող հոխորտանքների ֆոնին այս բացահայտումները թուրքական կառավարության տեսանկյունից մերկացման նշանակություն էին ստանում:

2012-ի վերջերին Թուրքիայի սիրիական սահմանի մոտակայքում, ըստ ամենայնի Այնթապի վիլայեթի վարչական տարածքում տեղակայվեցին հակահրթիռային PAC-3 «Պետրիոտ» համակարգերը: Դրա տեղակայումն էլ, ինչը ՆԱՏՕ-ից պահանջել էր Թուրքիան, պատճառաբանվեց Սիրիայի հնարավոր հարձակումից երկիրը պաշտպանելու անհրաժեշտությամբ: Հարձակման պարագայում Սիրիա ասելով պետք է հասկանալ նախագահ Բաշար Ասադի վարչակարգին, որովհետեւ նրա դեմ կռվող «Ազատ Սիրիայի բանակը» տեղաբաշխված է թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում:

Հարկ է, սակայն, նշել, որ այս բանակի սանձազերծած պատերազմը Ասադի վարչակարգին զրկել է նույնիսկ երկիրը վերահսկելու հնարավորությունից: Մտածել, որ ստեղծված իրավիճակում նախագահ Ասադը հարձակվի Թուրքիայի վրա, իրատեսական չէ: Ահա թե ինչու Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը «Պետրիոտ» համակարգերի տեղակայումը նույնպես վերագրեց Իսրայելի անվտանգությունն ապահովելու նկատառումներին:

Ինչպես երեւում է, խնդիրը հակաօդային եւ հակահրթիռային համակարգերի տեղակայումը չէ, այլ այս համակարգերի առկայության պարագայում 4 մլրդ դոլար արժողությամբ պաշտպանության նոր համակարգ գնելու Էրդողանի կառավարության պատրաստակամությունը: Դա հայտնի է դարձել օրերս: Մնում է ենթադրել, որ նախատեսվող համակարգը նույնպես ծառայելու է Իսրայելի ազգային անվտանգությանը: Այդ դեպքում արդեն Թուրքիան կդառնա Իսրայելի անվտանգությունն ապահովող գլխավոր երկիրը տարածաշրջանում, այսպիսով երկրորդ պլան կմղվեն Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը:

Եթե «Մավի Մարմարայի» միջադեպից հետո ընդհատված թուրք-իսրայելական հարաբերություններին մոտենանք Իսրայելի անվտանգության դիտակետից, ապա ակնհայտ կդառնա վարչապետ Նաթանյահուի բանավոր ներողության հորդորական բնույթն ու Թուրքիային Իսրայելի հետ հաշտեցնելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շահագրգռությունների էությունը:

Հատկանշական է, որ իսրայելական կողմը առհասարակ չի հիշատակում ներողության մասին, եւ ներողություն խնդրելը Իսրայելի վարչապետին վերագրում են Էրդողանն ու նրա կառավարությունը: Թերեւս դա է պատճառը, որ Նաթանյահուի ներողության մասին Էրդողանի հայտարարություններին կասկածանքով են վերաբերում երկրի քաղաքական շրջանակները:

Այդ կասկածանքները հստակ արտահայտել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին նախագահ Դենիզ Բայքալը մարտի 28-ի ելույթում: Ըստ odatv.com-ի, Բայքալն ասել է. «Անձամբ ներողությունը չեմ լսել: Հետեւաբար չգիտեմ, ներողություն խնդրե՞լ են, թե՞ ոչ: Միգուցե: Մեր արտգործնախարարը ինչ-որ բաներ է ասում, բայց հայտնի չէ, թե ո՞վ է ներողության հեղինակը: Մեզ հասցեագրված ներողության մասին խոսում ենք միայն մենք: Մինչդեռ պետք էր, որ անձամբ Նաթանյահուն խնդրեր: Այսինքն որքանո՞վ է ճիշտ հեռախոսազրույցից քամված բառը իբրեւ ներողություն ընդունելը: Միաժամանակ այդ ներողությունը շատ ակնթարթային, շատ կարգավորված տեսք ունի: Այսինքն հեռախոսը Օբաման վերցնում է, լսափողը տալիս է նրան (Նաթանյահուին), ապա հետ է ստանում եւ այլն: Այսպիսով, չես հասկանում, թե ո՞վ է ներողություն խնդրել: Կուզենայի իմ ականջով լսել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ներողությունը թուրք ազգից: Պետություններն իրարից այս կերպ ներողություն չեն խնդրում»:

Չնայած Բայքալի կասկածանքներին, հաջորդ օրը արտգործնախարար Դավութօղլուն, ինչպես CNNturk-ն է վկայել, պնդել է, որ «Մավի Մարմարայի» առնչությամբ «Իսրայելը Թուրքիայից ներողություն է խնդրել» կառավարության հետեւողական եւ համառ քաղաքականության հետեւանքով, ցավոք այդ հարցը քաղաքական շահարկումների առարկա են դարձնում: Որքանով է տեղին շահարկում բառի օգտագործումը, չգիտենք: Բայց որ Իսրայելը ներողություն չի խնդրել Թուրքիայից, ակնհայտ է: Հետեւաբար ներողության հարցը կամ Դավութօղլուն է շահարկում, կամ էլ զբաղված է անհիմն ցանկատեսությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ