RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-03-30 00:24:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1997, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 79

ՀԱՐՑԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՌՈՒՄՈՎ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Սեւանա լիճը, որը ջրահավաք ավազանի երբեմնի Գեղամա երկիր անվանման շնորհիվ նաեւ Գեղամա լիճ է անվանվում, մշտապես է գտնվում հայության ուշադրության կենտրոնում: Երբ տասնամյակներ առաջ սկսված գործընթացների արդյունքում լճի ջրային հաշվեկշիռը էապես նվազեց, դրան էլ ավելացավ լիճ լցվող գետերի աղտոտված ջրերի խնդիրը, համազգային տագնապն ահագնացավ, եւ կազմավորվեց Հայաստանի նախագահին առընթեր Սեւանա լճի խնդիրների հանձնաժողովը, որի ղեկավարումը վստահվեց փորձառու պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանին:

Փաստ է, որ առաջնահերթ համարվող լճի մակարդակի բարձրացման հարցում տեղաշարժ կա, որն արտահայտվում է վերջին մի քանի տարումՙ 1897 մետրից 1900 մետր 18 սմ հասնելու իրողությամբ: Լճի հայելու 3 մետրից ավելի բարձրացումն իրականացվեց 8-9 տարիների ընթացքում: ՀՀ կառավարության նախատեսած 1903 մետր 50 սմ նշագծին հասնելու համար պահանջվում է լճի մակարդակը բարձրացնել եւս 3,5 մետրով, այնքանով, որքանով արձանագրվել է նշված նախորդ ժամանակահատվածում: Այս թվերը գումարելու պարագայում ստացվում է 2020 թվականը, որի առումով անհասկանալի է դառնում վերջնանիշը 2030 թվականով պայմանավորելը: ՀՀ քաղաքացուս այսօրինակ մտորումը պայմանավորված է Վլադիմիր Մովսիսյանի մի «եթե»-ով, որը պաշտոնական գործավարությունում տեղ չպետք է ունենա: Իր մարտի 27-ի ասուլիսում խոսելով Սեւանա լճում իշխանի էնդեմնիկ տեսակների նվազման մասին, նա նշում է ձկների ձվադրման ամիսներինՙ ապրիլին, մայիսին եւ հունիսին սեւան-հրազդանյան 8 հիդրոկայաննների աշխատելու նպատակահարմարության մասին, հավելելով, ըստ «Ազգի» լրատվության, «իսկ եթե աշխատելու են...» խոսքերով:

Տողերիս հեղինակի կարծիքովՙ ինչ-որ ասելիք լիարժեք չի մատուցվել: ՀՀ նախագահին առընթեր հանձնաժողովում երկրի լավագույն գիտական եւ հասարակական ուժեր են ընդգրկված, որոնց կողմից ձկների ձվադրման շրջանում լճից ջրի թողքի հստակ դիրքորոշում պետք է լինի: Այլապես ստացվում է, որ ապրիլին, երբ հողօգտագործները ջրելու խնդիր դեռ չունեն, Սեւանից ջրթող հնարավոր է, որն անգամ խիստ անհրաժեշտության դեպքում իրականացնել չի կարելի, քանզի կան այլ հնարավորություններ: Ջրամբարներից ջրի թողքի պարագայում արդեն ՀԷԿ-երն աշխատեցնել հնարավոր չէ, քանզի չի ապահովվի հիդրոտուրբինների համար անհրաժեշտ ջրի պահանջվող քանակը: Ուրեմն ինչո՞ւ է հանձնաժողովի նախագահը մտահոգություն արտահայտում, երբ երկընտրանք չպետք է լինի: Այս պարագայում ջրթողի հարցը քննարկման ենթարկելը արդյոք չի՞ հուշում, որ անհանգստություն ծնող գործունեություն կարելի է ծավալել առավել պակաս խնդրահարույց այլ պայմաններում, որի արդյունքում էլ 1903 մ 50 սմ նիշը տեղափոխվում է 2030 թվական: Հանրային մտահոգության մաս կազմող շարքային քաղաքացու այսօրինակ մոտեցումը վստահաբար կարող են փարատել հանձնաժողովի մասնագետները, անշուշտՙ որեւէ «եթե»-ի բացառումով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ