RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-03-30 00:24:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1695, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 81

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՑՅԱԿԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Չնայած արդարադատության նախարարությունում գրանցված են շուրջ 80 քաղաքական կուսակցություններ, այսօր քաղաքական դաշտում առավել ակտիվ են դրանցից վեցը: Հենց այս վեց կուսակցություններն են մասնակցելու ավագանու ընտրություններին (չհաշված ընտրագրավի փնտրտուքների մեջ գտնվող «Առաքելություն» կուսակցությունը), եւ հենց այս վեցն էին, որ անցյալ տարի մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին, վեցն էլ հայտնվեցին խորհրդարանում: Տրամաբանորեն հիշյալ վեց քաղաքական ուժերն են, ուրեմն, որ այսօր ունեն հստակ ձեւավորված էլեկտորատ, որոշակի սկզբունքներ եւ քաղաքական, քաղաքացիական կերպ: Օրինակ, երբ ասում ենք Հանրապետական կուսակցության էլեկտորատ, որքան էլ գուցե ցավալի հնչի իշխող կուսակցության գաղափարագիրների համար, ամենեւին էլ չենք հասկանում, տեսնում Նժդեհի գիրքն ու ուսմունքը ամեն օր թեւի տակ դրած մայրաքաղաքի երթուղային տաքսիներով տեղաշարժվող, կամ կանաչ այգիներում նստած երիտասարդների, այլ երիտասարդների, որոնք կամ իրենց բուհերում ուսխորհրդի անդամ են, եթե ոչ նախագահ, փողկապ են կրում, անպայման մտահոգ չեն իրենց ապագայի հարցում, կամ ավելի մեծ տարիքի կանանց ու տղամարդկանց, որոնցիցՙ առաջինները առավելագույնըՙ մարզպետարանում են աշխատում, նվազագույնըՙ գրադարանավարուհի են եւ, ըստ էության գոհ չեն իրենց աշխատանքից, բայց վստահ են, որ ավելի «ապահով Հայաստանը», ինչն իրենց համար ընկալելի է որպես ավելի ապահովված կյանք, սարերի հետեւում չէ: Իսկ տղամարդիկՙ կրկին փողկապներով, մեքենայով, անպայման որեւէ հարց լուծող:

ՀՀԿ-ի էլեկտորատի ներկայացուցչին բավական նման է ԲՀԿ-ի «երկրպագուն» կամ ներկյացուցիչը: Այս մեկը, սակայն, ի տարբերություն ՀՀԿ-ականի կամ ՀՀԿ-ի գաղափարակրի, պարտադիր չէ, որ փողկապ կրի, բայց անպայման ներկայացված է գործարար միջավայրում: Ինչպես ՀՀԿ-ական կամ ՀՀԿ-ի գաղափարակիր, այնպես էլ ԲՀԿ-ական եւ ԲՀԿ-ի գաղափարակիր լինելը վեր է ածվել շահագրգռության, առաջին պարագայումՙ հատկապես կարիերային, երկրորդում հատկապեսՙ բիզնես: Հետեւաբար, եթե անգամ այսօր ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի կողմնակիցների միջեւ որոշակի պայքար կա, ապա դա չի նշանակում, որ նրանք կարող են յոլա գնալ առանց մեկը մյուսի:

ՕԵԿ: Խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ այս կուսակցությունը բավականին ուշագրավ քայլ կատարեց, մասնավորաբար իր համամասնական ցուցակում ներառելով արտասահմանի ճանաչված բուհերի շրջանավարտներին ու առհասարակ կրթության որոշակի բարձր մակարդակ ունեցող երիտասարդների: Սրանով, ինչպես նաեւ եվրոպացի տարբեր պաշտոնյաների հետ Արթուր Բաղդասարյանի ընդլայնվող կապերով, ՕԵԿ-ը աստիճանաբար սկսում է ձեռք բերել «հարվարդցի տղաներ»-ի համարում, ինչը, բնականաբար, տեղի է ունենում հայաստանյան հասարակության շրջանակներում ներկայացվածության մակարդակի նվազման հաշվին, ի տարբերություն մնացած ազդեցիկ քաղաքական կուսակցությունների, որոնք չնայած «հարվարդցի տղաներ» չունեն, բայց պարբերաբար հայտնվում են քաղաքական բանավեճերի կիզակետում: Այս բանավեճերում իր անփոխարինելի տեղն ունի ՀԱԿ-ը: Չնայած վերջինիս ձեռնարկած «պայքար, պայքարՙ մինչեւ վերջ»-ը կարծես թե տեմպի որոշակի նվազում է արձանագրել, այդուհանդերձ գոյություն ունի ՀԱԿ համակրի հստակ կերպար: Նա ծայրահեղ բողոքական էՙ իշխանությունների, առանձին երեւույթների, անգամ եկեղեցու հանդեպ: Քաղաքական բանավեճերում որպես կանոն բռնում է անկոտրում ծայրահեղական ընդդիմադիրի դիրքերՙ նստվածքայինՙ «Ով մեզ հետ չէ, սրիկա է...» հոգեբանությամբ: ՀԱԿ համակիրների մեջ սովորաբար նկատվում է անհանդուրժողականություն այլ ընդդիմադիր կուսակցությունների հանդեպ եւս. ներկայանալով իբրեւ լիբերալ, նրանք մոռանում են, որ ազատականության առանցքային հենքը հենց հանդուրժողականությունն է:

Այլ հարց է «Ժառանգության» էլեկտորատը. այստեղ Րաֆֆիի ասած ամեն խոսք չէ, որ սրբությամբ է ընդունվում, հենց կուսակցության ներսում հաճախ տեղի են ունենում հրապարակային բանավեճեր, որոնք եթե անգամ շոու են, ապա այդ շոուն, փաստորեն, միայն «Ժառանգություն»-ում է: Կա վարկած, որ «ժառանգականներն» ու նրանց համակիրները այն նախկին դաշնակցականներն են, որոնք այլեւս չեն մտածումՙ իբրեւ դաշնակցական: Կուսակցության ղեկավարիՙ Սփյուռքում ծնված լինելն ու այնտեղ ունեցած կապերը, ազգային հարցերում, մասնավորաբար Ցեղասպանության դատապարտման հարցում, պահանջատեր լինելը, որոշակիորեն ընդհանրացնում են ՀՅԴ-ին եւ «Ժառանգությանը»: Սակայն ի տաբերություն պահպանողական, ավանդապաշտ ՀՅԴ-ի համակիրների, «Ժառանգության» համակիրներն անհամեմատ ավելի ազատական ենՙ բառիս բուն իմաստով ընկալելով ազատություն կոչվածը: Հայաստանում «հեղափոխություն անելու» հերթը հասավ հենց այսՙ ամենաոչհեղափոխական ուժին, թեեւ ի դեմս առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ժառանգությունն» ու իր համակիրները չունեն հեղափոխություն անելու համար կարեւոր մի հատկությունՙ անհանդուրժողականություն. նրանք հանդուրժում են անգամ աղանդավորներին եւ զանազան այլ հասարակական բազմազանություններին...

Դաշնակցությունն, իհարկե, նույնը չի անում: ՀՅԴ-ի համակիրներին (որոնք գոնե Հայաստանում շատ քիչ են մնացել) կարելի է տեսնել ամենուր, բոլոր ոլորտներումՙ բիզնես, գիտություն, մշակույթ, արվեստ... եւ իհարկեՙ քաղաքականություն: ՀՅԴ-ն բավականին ամուր հիմքերով տիրապետում է մեր երկրում միջին մակարդակի որոշակի ռեսուրսների, շարունակում է սկզբունքային դիրքորոշում ունենալ ազգային հարցերում, պահպանում է քաղաքական հեղինակությունը Սփյուռքի քաղաքական ու քաղաքացիական շրջանակներում, միեւնույն ժամանակ բավական հեռացել է իր ավանդական «հեղափոխական» կերպիցՙ ձեռք բերելով ավելի շատ կոնյուկտուրային տրամադրված քաղաքական ուժի անուն: Դաշնակցությունն ու դրա համակիրն այսօր ոչ թե զենքը ձեռքին «կիսաահաբեկիչ-կիսափրկիչ» գործիչն ու ուժն են, այլ հիմնական ամբիցիաներն ու սկզբունքները պահպանած, պարզապես գործունեության խիստ ծայրահեղական ձեւը, խիստ, երբեմն էլ ընդդիմադիր որոշ շրջանակների համարՙ կասկածելի հանդուրժողականությամբ փոխարինած:

Ուրեմն սա է Հայաստանի քաղաքական ակտիվ դաշտն այսօրՙ իր համակիրներով: Վերջիններս էլ, ի դեպ, հենց երկրի քաղաքացիական դաշտի ձեւավորողներն ու ներկայացուցիչներն են, հետեւաբար մեր երկրում քաղաքացիական դաշտն ըստ էության ոչնչով չի տարբերվում քաղաքական դաշտից, պարզապես քաղաքական ուժերի համակիրների համար բանավիճելու տեղ է, ոչ թե ինքնուրույն, անկախ, ամուր գործող եւ իր ընթացքով երկրում քաղաքականություն որոշող, փոխող մի ուժ, այսինքնՙ իսկապես քաղաքացիական հանրույթ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ