RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-03-30 00:24:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1847, Տպվել է` 90, Ուղարկվել է էլ.փոստով` 74

«ԿԱՐՖՈՒՐԸ» ԿԲԱՑՎԻ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի Հայաստան մուտք գործելու հարցը շարունակում է հասարակական քննարկումների առիթ մնալ: Երեկ «Մեդիա կենտրոնում» այս հարցի քննարկման համար հրավիրվել էին էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Կարեն Վարդանյանը, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը եւ «Փարիզյան սուրճ» ընկերության նախկին սեփականատեր Վալերիա Գործունյանը:

Կարեն Վարդանյանը հայտնեց, որ էկոնոմիկայի նախարարության տեսանկյունից «Կարֆուրի» հետ կապված ոչ մի խնդիր չկա: Առաջին փորձը Հայաստան մուտք գործելու չհաջողվեց, բայց մինչեւ տարեվերջ կտեսնենք «Կարֆուրի» մուտքը Հայաստան: «Այդ ժամանակ կտեսնեք, որ դա զուտ բիզնեսի խնդիր էր», ասաց նա: Նախարարության վարչության պետի կարծիքով, այս ընկերության մուտքը կբարելավի Հայստանի տնտեսական մրցակցությունը եւ անգամ կարող է դրական ազդել տեղական արտադրության վրա, քանի որ «Կարֆուրը» իր ցանցով կարող է իրացնել հայկական արտադրանքն այլ երկրներում:

Վարդան Այվազյանը նույնպես պետական կառավարման համակարգի կողմից ոչ մի արգելակ չի տեսնում այս հարցում: Նրա կարծիքով, այստեղ բիզնեսի եւ մրցակցության խնդիր կա: Նշելով, որ մրցակցային խնդիր է առաջանում անգամ, երբ որեւէ կրպակի մոտ այլ կրպակ է հայտնվում, ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահը նշեց, որ «Կարֆուրի» մուտքը Հայաստան կլինի «սովորական, նորմալ եւ ուրախալի երեւույթ»: Նա միաժամանակ անհասկանալի համարեց նման աղմուկը այս ընկերության շուրջը, ասելով, որ եթե այս ընկերությունը «100 մլն դրամի կարգի» ներդրումներ պետք է կատարի, որի մեծ մասը լինելու է շենքի կառուցման համար, ապա մի քանի հարյուր միլիոն դրամի ներդրումային ծրագրեր կան, որոնց շուրջը նման քննարկումներ չեն լինում:

Այն հարցերին, թե ինչո՞ւ տեղի չունեցավ «Կարֆուրի» բացումը «Դալմայում», Վարդան Այվազյանը պատասխանեց, որ բիզնեսով զբաղվողի տեսանկյունից պետք է նայել այդ հարցին, եւ ենթադրելի է, որ ակնկալվող շահույթը հարմար չի եղել «Դալմայի» սեփականատիրոջ համար: «Երեւան սիթի» սուպերմարկետների սեփականատեր Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող այս պատմության վերաբերյալ էլ Վարդան Այվազյանն ասաց, որ ինքը գիտի, որ «Կարֆուրը» 35-40 հազար քմ տարածք ունենալու ցանկություն է հայտնել, եւ բացառված չէ, որ Սամվել Ալեքսանյանը վարձակալությամբ տա այդ տարածքը կամ վաճառի:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը մտավախություն հայտնեց, որ «Կարֆուրի» մուտքը Հայաստան կարող է բերել նրա գերիշխող դիրքի, եթե մյուս տնտեսվարողները չփորձեն փոխել իրենց մոտեցումները եւ վերաբերմունքը պետության հանդեպ: Սակայն նա հույս հայտնեց, որ դա տեղի չի ունենա: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրենի կարծիքով, տեղական սննդարդյունաբերությունը լավ դիրքեր ունի շուկայում, բայց, օրինակ, թեթեւ արդյունաբերությունը` ոչ: Բանն այն է, որ ներմուծվող թուրքական արտադրանքը մաքսայինում ձեւակերպվում է քաշով, այլ ոչ թե հաշիվ ապրանքագրերով: Այս հարցը միությունը բարձրացնում է կառավարության առջեւՙ պահանջելով հավասար մրցակցային դաշտ ապահովել:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նոր ընկերության մուտքի առնչությամբ նույնպես կարեւոր համարեց տեղական արտադրության պաշտպանությունը: Նա հույս հայտնեց, որ սպառողը նախապատվություն կտա տեղական արտադրանքին, մյուս կողմից էլ տեղական արտադրողը կձգվի եւ ավելի լավ ապրանք կարտադրի:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի կարծիքով, սակայն, Հայաստանի «օլիգարխիկ մոնոպոլացված տնտեսությունը» վախով է մոտենում մրցակցության նկատմամբ, մյուս կողմից էլ` պետությունը պետք է պաշտպանի իր ներքին շուկան:

«Փարիզյան սուրճ» ընկերության նախկին սեփականատեր Վալերիա Գործունյանը , որը քննարկմանը մասնակցում էր վատ աշխատող սքայպի միջոցով, ասաց, որ Հայաստանի մեջ բիզնեսը պաշտպանված չէ եւ մեր տնտեսությունը «սարսափելի վիճակի մեջ է»: Նա հարց ուղղեց, թե «Կարֆուրը» կարո՞ղ է իր շաքարը ներմուծել, երբ այս ոլորտը մոնոպոլիզացված է: Վարդան Այվազյանն ասաց, որ կարող է, եւ հայտարարեց, որ «շաքարավազի ներկրումը մոնոպոլիզացված չէ», քանի որ ակնհայտ է, որ 25 հազար տոննա ներկրողը եւ 500 կգ ներկրողը չեն կարող նույն գնով շաքարավազ գնել, եւ պարզ է, որ ավելի էժան ձեռք կբերի ավելի մեծաքանակ ներկրողը:

Վալերիա Գործունյանի մյուս հայտարարության կապակցությամբ, որ Հայաստանում բիզնեսը ճնշում են, ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանն ասաց, որ Հայաստանում գործում են 70 հազար տնտեսվարողներ եւ հարցադրում արեց` «բոլորին ճնշո՞ւմ են»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ