RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-03-30 00:24:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1879, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 78

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՁԱԽՈՂԵՑ ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ»

«Դրանում Վարդան Մինասյանը մեղավոր չէ»

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը քննարկեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումը, որից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց լրագրողներին: Նա տեղեկացրեց, որ գործկոմն էլ մերժել է դիմումը եւ Վարդան Մինասյանին վերահաստատել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

«Յուրաքանչյուր նորմալ մարզիչ անհաջող խաղից հետո, մանավանդ երբ հավաքականը 3-րդ անընդմեջ պարտությունն է կրում, հրաժարական կտար: Ես այն չեմ ընդունել, գործկոմն էլ մերժեց դիմումը, քանի որ այդ անհաջողություններում Մինասյանը մեղավոր չէ: Կային օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, հավաքականում կազմի կորուստներ: Եթե Մինասյանը պրոֆեսիոնալ չլիներ, ֆուտբոլիստները նրան չընդունեին, այդ դեպքում հարցն այլ լուծում կստանար: Հավաքականն ունի խաղային ձեռագիր, ունի ծրագիր, որը պետք է իրագործվի: Երբ վնասվածք ունեցող ֆուտբոլիստները վերականգնվեն եւ հավաքականն իր մարտական կազմով հանդես գա, խոստանում եմ, որ արդյունք կլինի», նշեց Ռուբեն Հայրապետյանը:

Անդրադառնալով չեխերի հետ խաղից հետո Վարդան Մինասյանի այն հայտարարությանը, թե հավաքականի առջեւ խնդիր չի դրվել եզրափակիչի ուղեգիր նվաճել, ՀՖՖ նախագահը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Մինասյանը գուցե հուզված է եղել ու պահի տակ է դա ասել: Հարցին պետք է փիլիսոփայորեն մոտենալ, հարկավոր չէ կառչել նրա բառերից, որոնք չպետք է ասեր: Վարդանը լավ է գիտակցում պատասխանատվությունը, հավասարակշռված անձնավորություն է: Ինքս ամենամեծ քննադատն եմ ու խնդիր էի դրել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարել: Այդ խնդրի իրագործումն արդեն ձախողվել է: Բայց պետք է շարունակել աշխատանքը, ամեն ինչ անել վերականգնելու մեր հավաքականի հեղինակությունը, ապացուցել, որ հավաքականը կարող է իր նախկին դիտարժան ու արդյունավետ խաղը ցուցադրել: Իսկ եթե Վարդան Մինասյանը մեր որոշումներից հետո եւս մեկ հրաժարական ներկայացնի, ուրեմն մենք անլուրջ մարդու հետ գործ ունենք: Ազգային հավաքականն ազգինն է, այլ ոչ թե Մինասյանինը կամ Հայրապետյանինը: Նա լավ հավաքական է ստեղծել ու պիտի շարունակի աշխատել»:

Լրագրողները ՀՖՖ նախագահին խնդրեցին մեկնաբանել նաեւ Հենրիխ Մխիթարյանի հայտարարությունը, որը խաղից հետո իր որոշ խաղընկերներին մեղադրել էր նվիրվածության բացակայության, հանդիսականի համար խաղալու, իրենց ցուցադրելու համար: Համամիտ լինելով Մխիթարյանի հետ, Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Հենրիխն իրավունք չուներ նման բան ասելու: Դա վերապահված է գլխավոր մարզչին: Ըստ նախագահի, գուցե Հենրիխը զայրացած է եղել: Նա նաեւ ավելացրեց, որ Հենրիխի խոսքերից չպետք է եզրակացնել, թե կոլեկտիվում մթնոլորտը բարվոք չէ, խմբավորումներ կան: Հայրապետյանը հայտարարեց, որ իր գլխավորած կոլեկտիվում պառակտվածություն չի կարող լինել:

Ռուբեն Հայրապետյանն անուններ չտվեց, սակայն նշեց, որ կան հավաքականին չհամապատասխանող ֆուտբոլիստներ, որոնք եթե իրենց լավ չեն դրսեւորում, ապա չպետք է հրավիրվեն ազգային ընտրանի: Նա հիշեցրեց, որ երբ քննադատել էր Էդգար Մանուչարյանին, արժանացել էր լրատվամիջոցների մեղադրանքին: Ըստ ՀՖՖ նախագահի, ուրախալի է, որ երիտասարդական հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ արդեն ազգային թիմում են խաղում: Նա գոհ էր Տարոն Ոսկանյանի, Կամո Հովհաննիսյանի խաղից, թեեւ նրանց գործողություններում որոշ սխալներ կային: Հայրապետյանը գտնում է, որ Արտյոմ Խաչատուրովը դեռ պատրաստ չէ ազգային հավաքականում խաղալու: Ըստ նրա, Վարազդատ Հարոյանն ու Տարոն Ոսկանյանն իրենց պատրաստվածությամբ գերազանցում են Խաչատուրովին:

Ռուբեն Հայրապետյանը ներողություն խնդրեց բոլոր այն ֆուտբոլասերներից, որոնք չէին կարողացել տոմսերով մուտք գործել մարզադաշտ: Նա նշեց, որ խաղից առաջ ստեղծված իրավիճակի պատասխանատուն «Արմոբիլ» ընկերությունն է, որի հետ ՀՖՖ-ն պայմանագիր ունի կնքած: Այդ ընկերության աշխատակիցներն են ստուգում տոմսերը եւ ներս թողնում հանդիսականներին: Իսկ ոստիկանությունը պատասխանատու է միայն հասարակական կարգի պահպանության համար: Ըստ Ռուբեն Հայրապետյանի, հենց «Արմոբիլի» աշխատակիցներն են անտոմս ֆուտբոլասերների մարզադաշտ թողել, որի հետեւանքով էլ «Հանրապետականում» այլեւս ազատ տեղ չի մնացել, ինչի արդյունքում տուժել են տոմս ունեցող մի քանի հարյուր մարզասերներ:

Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ այսուհետեւ հավաքականի կարեւորագույն խաղերն անցկացվելու են «Հրազդան» մարզադաշտում, որտեղ նման խնդիրներ չպետք է ծագեն: ՀՀ նախագահի հանձնարարականով «Հրազդանն» առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է հիմնովին վերակառուցվի: ՀՖՖ-ն մտադիր է 2020-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի անցկացման հայտ ներկայացնել:

Խոսք գնաց նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի մասին: ՀՖՖ նախագահը նշեց, որ գլխավոր խնդիրն ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստելն է, իրատեսական չի համարում եզրափակիչի ուղեգրի համար պայքարելը, քանի որ երիտասարդականի շատ ֆուտբոլիստներ նաեւ ազգային հավաքականում են խաղում: Սակայն դա չի նշանակում, թե հավաքականը չպետք է պայքարի ու փորձի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճել:

Ռուբեն Հայրապետյանը մեկ անգամ եւս անդրադարձավ Խոակին Պողոսյանին ՀՀ հավաքական հրավիրելու խնդրին, նշելով, որ վերջինս իր մտածելակերպով իրավունք չունի խաղալու Հայաստանի հավաքականում: Նույնը վերաբերում է նաեւ Մաուրո Գեւգեոզյանին, որը հավաքական ժամանելու համար ֆեդերացիայից ինքնաթիռի 1-ին կարգի տոմս էր պահանջել:

«Քանի դեռ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն եմ, Պողոսյանն ու Գեւգեոզյանը Հայաստանի հավաքականում չեն խաղա», եզրափակեց Ռուբեն Հայրապետյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 30-03-2013

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ