RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013



Տեղադրվել է` 2013-04-01 23:09:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2062, Տպվել է` 94, Ուղարկվել է էլ.փոստով` 81

ԽԱԲԵԼՈՒ ՕՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ, խաբելու օրը, մի պտույտ անելով Երեւանում, մեր Տոտոյի` Նկարչի տանը կազմակերպած հումորի միջազգային փառատոնից հումորային տրամադրությունը դուրս բերելով սովորական կյանքի պրոզան, փորձեցինք տեսնել կյանքի այն հակադրությունները, որ առկա էին ցուցահանդեսում: Ու, պատկերացրեք, ստացվում էր. հանրահավաքավորից ազատ Ազատության հրապարակում կարելի էր հանդիպել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, որ երեխաների ու կնոջ հետ վայելում էր գարնանային արեւոտ օրը, միաժամանակ նույն պատկերի մեջ սրբապատկեր դեմ տվող ու դրա դիմաց 100-1000 դրամ ուզող բիձուկը լավ ինտեգրվում էր ժանրային հակադրությանը: Սքեյթ քշող ու Հյուսիսային պողոտայի թանկ խանութներից հագնվող մանկանց ու մոր հետ արեւածաղիկ վաճառող թերհագնված մանչուկի պատկերային կոնտրաստի թելը եւս ձգվում դեպի ժանր: Ու ակամա մարդ ուզում էր հասկանալ կյանքի ու ժանրի ցուցահանդեսի տարբերությունը (չնայած` ցուցահանդեսը միջազգային է, ու այնտեղ չինացի, սիրիացի, իրանցի եւ այլ երկրների երգիծանկարիչներն էլ իրե՛նց երկրների կյանքի պրոզան ու կոմիզմն էին ցույց տվել` մերոնց հետ միաժամանակ): Տարբերությունը պայմանական էր, փաստորեն, նկարչի տանը արվեստ էր, Երեւանի փողոցներում բուն կյանքը, որ չէր տարբերվում Տոտոյի, Արզոյի, Դավիթ Ղազանչյանի, Ցոլակ Կանթեղի նկարածներից:

Իսկ թե ինչու է գրոտեսկի համար ամենօրյա նյութ մեր կյանքի մեկ օրը միայն` ապրիլի 1-ը, կոչվում խաբելու օր, երբ կյանքն ու երգիծանքը ամեն, ամե՛ն օր այդքան նույնանում են, գլուխ քորելու բան է: Դե էս էլ երեւի` որ միջազգային սովորույթներից հանկարծ դուրս չմնանք` ոնց որ մարտի 8-ին ենք մեզ պատկերացնում ինչ-որ համաշխարհային մի գործընթացի մաս, այդպես էլ հումորի, խաբելու օրը մեզ չենք ուզում դուրս դնել գաբրովցիների պես իբր մի օր միայն ընդհանուր կանոններից դուրս ապրելու պայմանականությունից:

Բայց մեր կյանքի պրոզան մեզ թույլ չի տալիս ի վերջո Մյունխհաուզենի բարձր հումորով վարակվել` մերը խաբելն է, մեր շուրջն ամեն օր խաբում են, բայց ձեւ ենք անում, որ էդ մի՛ օրն է խաբելու օր, էն էլ` կատակով: Կարելի է կարծել, թե մյուս օրերին բացարձակապես եւ ազգովին ճշմարտությունն ենք ասում: Հարց է ծագում` ո՞ր օրն ենք ավելի անկեղծ, այդ մի օ՞րը, որ կատակով խաբում ենք, թե մյուս 365 օրերին, որ լուրջ տեսքով, անհումոր եւ դեմքի ամենախելացի արտահայտությամբ «ճշմարտությունն ենք ասում» իբր:

Ասենք` մեր քաղաքական գործիչները ո՞ր օրն են խաբում` այս մի օ՞րը (կատակո՛վ), թե՞ մյուս օրերին, երբ խելացի դեմքով, փողկապ կապած, մազերը սղալած` խոսում են ամենատարբեր խնդիրների լուծումից, ժողովրդի վիճակը թեթեւացնելուց, ազգային ինքնագիտակցությունից, հայրենասիրությունից, ծնողասիրությունից, օջախից եւ ընտանիքից: Բայց նույն պահին, էդ իրենց ասածի հենց նույն վայրկյանին` զուգահեռ ժողովրդի վիճակը ծանրանում է ավելի, ազգային իքնագիտակցությունից մի սանտիմետրով ավելի ենք նահանջում, մեր ծերերը մնացել են արտերկրներում թափառող որդիներից անհույս` ընտանիքները մասնատված, անսիրուհի չինովնիկ մոմով կարելի է գտնել: Կամ որ ասում են` մեզ քվե տվեք, եւ մենք Երեւանը կդարձնենք ավելի լավը, ուզում ես պատասխանել` մի խաբեք, էսպես էլ մնա, ավելի վատը չդառնա -գոհ ենք: Որ ասում են` մենք գալիս ենք մարդկանց սոցիալական խնդիրները լուծելու, է, ո՞վ է հավատում ու ո՞վ չգիտի, որ այդպես ասողները սոսկ իրենց սոցիալական խնդիրներն են լուծելու: Մերոնք ասում են` մենք երբեք հուսախաբ չենք արել ձեզ: Հա, ճիշտ է այնքանով, որքանով որ մենք ձեզ հետ հույս չենք կապել, եթե կապեինք` ուրիշ բան, սուտ չէ, բայց ճիշտ էլ չէ: Քաղաքական գործիչներից մեկն ասում էր, թե ինքը երբեք չի ստում, քանի որ այդպես ավելի ազատ է զգում իրեն: Բայց ո՞վ է նրան կաշկանդում, կամ ումի՞ց եք քաշվում` խաբեք, մի խաբեք, ամուսնացեք, բաժանվեք` ոչ մեկին հետաքրքրիր չեք, քանի որ ոչ ձեր ճիշտն է պետք, ոչ սուտը Էն հորը, որ տուն է գնում, ու երեխան ասում է. «Պապ, քինդերսյուրպրիզ բերե՞լ ես»: Ու հայրն արժանապատվությունը պահում է ամենօրյա ստով` «Խանութում չկար»: Ահա քեզ փրկարար սուտ, որովհետեւ եթե ասի` բալես, փող չկա, էդ 500 դրամով որ քինդեր առնեի, էսօրվա հացը չէինք կարողանա առնել»:

Կամ որ ասում են` սկսում ենք պայքար կոռուպցիայի դեմ, ու մի ձեռքով տակից վերցնում են էն քաղցր կաշառքը, նույնիսկ մանկապարտեզի երեխան գիտի, որ խաբում են, բայց եվրոխոտը հավատում է: Այսինքն, ուզում ենք ասել` էդ մարդկանց համար ամեն օր խաբելու օր է: Երեւի ապրիլի 1-ը նրանց ամենաչխաբելու օրն է, որովհետեւ աշխատանքային չէ, կափսոսան էդ օրը բազմոցի վրա պառկելն ընդհատել, խաբելու օրվա մասին հաղորդման վրա ծիծաղելու հաճույքից զրկվել` բա խաբելու օրն է:

Կամ որ սուպերմարկետում սիրուն փաթեթավորած ապրանքը տանում ես տուն ու տեսնում ես, որ վրան նորմալ միրգ է շարված, տակըՙ ճաքած ու փչացածը. էս խանութի տերերի համար ուրեմն ամեն օր խաբելու օրն է:

Երեկ Կապանում մի կին ընդհատում էր Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը, թե` մեր մեռելոցն ինչի՞ ես եկել խանգարում. տեսնես ճի՞շտ էր ասում, թե՞ մեկն ուղարկել ու մի բանի դիմաց նրան խաբել էր տալիս: Կամ որ Րաֆֆին ասում է` Ժողովրդի հետ իշխանություն ենք կիսելու, տեսնես իշխանությունը խնձո՞ր է, կեսն` ինձ, կեսը` քեզ:

Ու այդպես էլ ապրում ենք` ամեն օր համբուրելով ստի ճակատը: Եվ ավելի լավ է` մեկ օր միայն գոնե սահմանել ճշմարտության օր, քանի որ մյուս օրերին ամենքը եւ ամենուր խաբում են:

Թեթեւ տարեք, երեկ ապրիլի 1-ն էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ