RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013



Տեղադրվել է` 2013-04-01 23:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1185, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՒ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Երեւանից հետոՙ Լիբանանում

Մարտի 21-ին եւ 22-ին Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված միջազգային գիտաժողովից հետո, առաջիկա ապրիլի 6-ին, Անթիլիասում, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության թանգարանում կազմակերպվելու է համաժողովՙ «Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի աշխատանքներու համադրումն ու գործակցութեան կարելիութիւնները» թեմայով: Երեւանյան գիտաժողովին հարկ չենք համարում անդրադառնալ, քանի որ մեր թերթն արդեն հակիրճ անդրադարձում կատարել է, թեեւ արժեր վերադառնալ դրան, մանավանդ որ մասնակից արտասահմանյան փորձագետները խիստ դժգոհ էին գիտաժողովի կազմակերպական աշխատանքներից, գտնելով, որ իրենք Երեւան էին ժամանել ոչ թե դասախոսություն կարդալու կամ ելույթ ունենալու, այլՙ գործնական առաջարկների եւ դրանց իրականացման շուրջ քննարկումներ կատարելու: Մեկ այլ առիթի վերապահելով այդ խնդրի վերարծարծումը, առայժմ մի քանի խոսք անթիլիասյան համաժողովի վերաբերյալ, ըստ մեզ հասած նյութերի:

Առաջինՙ բազում անգամ շեշտվելուց հետո, որ Հայոց ցեղասպանության պարագայում «100-ամյակ» արտահայտությունը պետք չէ օգտագործել, Լիբանանի կենտրոնական մարմնիՙ Միջին Արեւելքի համանման մարմիններին հղած մասնակցության հրավեր-նամակում հենց այդպես էլ գրվել էՙ «Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակ»: «Ամյակ» բառի գործածությունը ավելի հարմար է ծննդյան տարեդարձների եւ կամ բարեբաստիկ այլ առիթների վերապահել:

Երկրորդՙ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հովանավորությամբ կազմակերպվող այդ ձեռնարկի հայտարարության մեջ ինձ դուր չեկավ թուրքերի դեմ պահանջատիրական «աղմուկ բարձրացնելու ու միջազգային հանրութեան ուշադրութիւնը գրաւելու» վերաբերյալ կազմակերպիչների առաջարկած ծրագրային դրույթը: Արդեն 50 տարի մենք այդ բանն ենք անում: Եվ մեր հանած «աղմուկը» միայն մենք ենք լսում: Իսկ ուրիշների լսելու դեպքում էլՙ այլ աղմուկներ գալիս խլացնում են մերինը: Վաղուց արդեն շեշտադրումները պետք է կատարած լինեինք մնայո՛ւն գործերի, մնայո՛ւն աշխատանքների վրա, որտեղ «աղմուկը» հաճախ խանգարող դեր կարող է ունենալ:

Երրորդՙ համագումարի հրավերին կցված օրակարգից տեղեկանում ենք, որ բացման խոսքը արտասանելու է «Հայաստան-Սփիւռք հայոց ցեղասպանութեան Հայաստանի Կեդրոնական յանձնաժողովի նախագահ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը»: Երկու անգամ պատիվ եմ ունեցել մասնակցելու Ցեղասպանութեան 100-ամյա տարելիցի պետական հանձնաժողովի նիստերին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ գումարված, որտեղ երկու անգամին էլ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը իրեն արժանի ներկայությունն է ունեցել: Բարձրագույն այդ հանձնաժողովի նախագահը, սակայն, է՛ եւ մնում է Սերժ Սարգսյանը: Հետեւաբար տարակուսելի է Արամ կաթողիկոսին նման նոր կոչում ու պաշտոն շնորհելը կազմակերպիչների կողմից: Միգուցե կա՞ այլ հանձնաժողով նման անվանումով եւ նախագահով, որին ծանոթ չենք:

Չորրորդՙ օրակարգի վերջին կետում, «հավաքական ընթրիքից» անմիջապես առաջ, նախատեսվում է խորհրդակցություն անցկացնել «միաձեւ բնոյթի ու բովանդակութեամբ ձեռնարկներ իրագործելու կարելիութեան շուրջ», եւ այդ թվումՙ «նշանաբանի», «դրոշմաթուղթի» վերաբերյալ: Բայց չէ՞ որ «միաձեւ բնոյթի ու բովանդակութեան» նշանաբան-լոգոյի հարցի շուրջ արդեն որոշում կայացված է Կենտրոնական հանձնաժողովի վերջինՙ սեպտեմբերյան նիստում եւ համահայկական մրցույթն էլ է հայտարարված: Կարիք կա՞ միաձեւությունից շեղվելու:

Հինգերորդՙ համագումարի հրավերին կցված Annex II-ում, որը կրում է «Համագումարի միտք բանին» վերնագիրը, նախապես գրվածին տարօրինակ հակադրությամբ խոսվում է նախագահ Ս. Սարգսյանի գլխավորությամբ գործող Կենտրոնական հանձնաժողովի մասին եւ անմիջապես ավելացվում մեր զույգ կաթողիկոսների անունները եւ, մեկ անգամ եւս, Գարեգին Բ Վեհափառ հայրապետի անունը նշվում է որպես «Ս. Էջմիածնի Ամենայն հայոց կաթողիկոս»: Տիտղոսՙ որ ոչ պատմական եւ ոչ էլ գործնական որեւէ կիրառություն չունի եւ չի կարող ունենալ, բացի Անթիլիասի ու նրան ենթակա որոշ կառույցների նեղ ու նեղմիտ շրջանակից: Թե Արամ կաթողիկոսը ու նրա գործակիցները ի՛նչ նպատակ ունեն այդ անհեթեթությունը անդադար կրկնելուց, հայտնի է բոլորին: Բայց որ այդ «տեղայնական» տիտղոսը, որը տրվում է Ամենայն հայոց հայրապետին նաե՛ւ նմանՙ հայության համար այդքան կարեւոր առիթովՙ անսպասելի, ավելինՙ ամոթալի է իսկապես, նաեւՙ վտանգավոր: Փառամոլ ուրիշ եկեղեցականներ էլ ունենք, որոնց խելքին կարող է փչել իրենց, ասենք, պատրիարքությունը կամ թեմը եւ կամ ծուխը հռչակել կաթողիկոսություն, այն էլՙ «ամենայն հայոց»...

Վերջում չեմ կարող տրտմությամբ չարձանագրել, որ թե՛ հրավերը, թե՛ օրակարգը եւ թե կցյալ մյուս գրություններն սխալաշատ են եւ անգրագետ լեզվով շարադրված, որը պատիվ չի բերում այդ հանձնաժողովին ու լիբանանահայությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ