RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013



Տեղադրվել է` 2013-04-01 23:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1259, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 60

ԴԱՐՁՅԱԼ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԽՈՋԱԼՈՒ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ծովից մի կաթիլն էլ բավական է, որ համոզվես` ջուրն աղի է

Մենք ներկայացնում ենք Խոջալուի դեպքերով Ադրբեջանում հարուցված քրգործի նյութերից մեկը: Դա վկա ճանաչված Նաթիկ Հուսեյնովի հարցաքննության արձանագրությունն է: Նախՙ «վկայի» մասին: Արձանագրությունում նշված է նրա ծննդյան թվկանը` 1959: Ծննդյան ամիսը եւ ամսաթիվը բացակայում են: Գրված է, որ բնակվում է Աղդամ քաղաքի Հունվարի 20-ի փողոցում, բայց տան համարի դիմաց դրված է գծիկ: Անձնագրի փոխարեն էլ անորոշ լրացված է` «անձը հաստատող փաստաթուղթ»: Կրկնենք, սա լրագրողական հետաքննություն չէ, այլ` վկայի հարցաքննության արձանագրություն: Հարցաքննել է Ադրբեջանի դատախազության հատուկ կարեւոր գործերով քննիչ Մ. Հուսեյնովը: Ի դեպ, քննիչի եւ «վկայի» ազգանունների նույնությունը պատահակա՞ն է:

Այժմ անցնենք բուն նյութին: Նաթիկ Հուսեյնովը վկայել է, որ «1990թ.-ից Ադրբեջանական Հանրապետության Աղդամի շրջանի Ժողովրդական ճակատի ինքնապաշտպանության խմբի անդամ է»: Այսինքն, հարցաքննության պահին եւ հատկապես Խոջալուի դեպքերի օրերին եղել է զինվորական անձ: Նրա խոսքերով, «1992թ. փետրվարի 27-ին Աղդամի շրջանի մի խումբ բնակիչներով, մոտավորապես 200 հոգի, առավոտյան ժամը 9-ի սահմաններում Աղդամ քաղաքի կողմից որոշել են գնալ դեպի Շելլի գյուղը»:

Այս «երթի» մասին Հուսեյնովը շարունակում է, որ Աղդամից «գնալով շուրջ 3-400 մ»ՙ հասել են Շելլի, որտեղից «ուղղություն են վերցրել դեպի Ասկերան քաղաքը»:

Երբ նրանք Շելլիից «հեռացել են մոտ 2 կմ, տեսել են շատ մարդկանց դիակներ, որոնց մեջ շատ էին կանանց եւ երեխաների դիակները»: Ուշադրություն դարձնենք. խումբը շարժվել է Աղդամից, մոտ 3-400 մ հետո հասել Շելլի, իսկ 2 կմ անցնելով` «հանդիպել շատ մարդկանց դիակների»: Փաստորեն Հուսեյնովը հաստատում է, որ դիակներ տեսել է Աղդամից ոչ ավելի, քան 2 կմ հեռավորության վրա: Այնուհետեւ նա խոսում է այն մասին, որ իրենց «ճանապարհն օդից ապահովել են ուղղաթիռները», որոնցից մեկը «վայրէջք է կատարել», եւ իրենք «սկսել են դիակները բարձել (տեքստում օգտագործված է այդ բառը-Վ. Ա.) ուղղաթիռի մեջ»:

Նրա խոսքով, ուղղաթիռը 2 ուղերթ է կատարել, ամեն անգամ տեղափոխելով 30-35 դիակ: Ու թեեւ «հայ գրոհայինները բոլոր կողմերից ենթարկել են հուժկու զենիթա-գնդացրային (՞- Վ. Ա.) կրակի, իրենցից ոչ ոք չի տուժել»: Պատկերացնելի՞ է, որ բաց տեղանքում, դիակ տեղափոխող 200 հոգու խմբի վրա «հուժկու զենիթա-գնդացրային կրակ բացվի», բայց «ոչ ոք չտուժի»: Ակնհայտ է, որ «վկան» այստեղ փորձում է «հիմք» ստեղծել, թե «շատ մարդկանց դիակները գտնվել են հայկական կողմի վերահսկողության տարածքում»:

Բայց ինչ-որ բան ձեւակերպելու համար մարդ պետք է գոնե տարրական տրամաբանություն ունենա: «Հայ գրոհայինների հուժկու զենիթա-գնդացրային կրակի տակ ընկած» ջոկատը, ըստ Հուսեյնովի, ոչ թե նահանջել է դեպի Շելլի, այլ... «առաջ շարժվել դեպի Խոջալու»: Բայց մինչ այդ «վկան» հասցնում է եւս մի հիմարություն թույլ տալ. «Մենք դիակները բարձել ենք Ասկերան քաղաքի դիմաց, մոտ 800-1000 մ տարածության վրա»: Ընդ որում, այդ ընթացքում արդեն նրանց վրա «կրակել են ԲՄՏ, ԲՏՌ եւ ԲՄՊ մարտական մեքենաներից, ավտոմատ զենքերից», բայց դարձյալ «իրենք կորուստ չեն ունեցել»: Թե 200 հոգուն ինչ աղետ կարող է պատճառել ԲՄՊ մարտական մեքենայի կրակը, գիտեն ոչ միայն զինվորականները, այլեւ բոլոր բանական մարդիկ: Իսկ Ադրբեջանի դատախազության հատուկ կարեւոր գործերով քննիչ Հուսեյնովի ուղեղին չի հասել, որ ոչ թե սիրուհուն ժամադրատոմսակ, այլ իրավական փաստաթուղթ է գրում:

Նա շարունակել է արձանագրել «վկայի» բարբաջանքները. «Որքան մենք մոտենում էինք ք. Խոջալուին, դիակների թիվը մեծանում էր: Իմ հաշվարկներով, կար մոտ 450-500 դիակ: Դիակների վրա կային մարտական մեքենաների անիվների եւ թրթուրների հետքեր: Կային մեծ քանակությամբ ճզմված կանացի եւ մանկական դիակներ: Ես տեսել եմ սպանված շատ հղի կանանց եւ կրծքի երեխաների»,- կարդում ենք փաստաթղթում: Նկատելի է, չէ՞, Ժողճակատի գործակալի միտումը`քննության ուշադրությունը կենտրոնացնել Խոջալուի «շրջակայքում ավելի մեծ թվով դիակների առկայության փաստի» վրա: Նա հասկանում էր, որ Շելլի մոտ դիակների վրա սեւեռվելու դեպքում սպանությունները հայկական կողմին վերագրելու հավանականությունը գրեթե զրոյական է դառնում:

Այնուհետեւ Հուսեյնովն ասել է, որ «մոտեցել են Խոջալուին մոտավորապես մինչեւ մեկ կիլոմետր տարածության վրա», Խոջալուի եւ Ասկերանի «միջեւ տեղամասից իրենց վրա կրակել են գնդացիրներից եւ հրանոթներից, իրենց վրա են շարժվել 3 ԲՏՌ եւ 2 ԲՄՊ, ինչպես նաեւ` հայ գրոհայինները, ինքը նրանց հետ տեսել է ռուս զինվորների, որ ղեկավարում էին (՞-Վ. Ա.) գրոհը, իրենց սկսել են շրջապատել, ստիպված են եղել նահանջել»: Այստեղ արդեն «վկան հիշել է», որ իրենցից մի քանի հոգի «սպանվել եւ վիրավորվել են»: Այդուհանդերձ, ԱԺՃ «ինքնապաշտպանական ջոկատը փոթորկալի կրակի տակ նահանջել եւ նույն օրվա ժամը մոտավորապես 17-17.30-ին հասել է իրենց վերջին դիրքը, որ գտնվում է ադրբեջանական Շելլի գյուղի եւ Ասկերան քաղաքի սահմանի վրա»:

Մենք անիմաստ ենք համարում, որ միտք առ միտք հերքենք «վկա» Հուսեյնովի ցուցմունքները: Ոչ թե` որ բավարար հիմքեր չունենք, այլ` որ դա անում է հենց ինքը: Վերոբերյալ «ներածականն» արձանագրելուց հետո քննիչը հարց է ուղղել. «Ասացեք, ի՞նչ նպատակով եք դուք շարժվել դեպի Խոջալու»: Միջանկյալ հիշեցնենք, որ «վկան» նախապես չի ասել, որ Ժողճակատի «ինքնապաշտպանության ջոկատի» ռազմերթի նպատկը Խոջալու հասնելն է եղել: Բայց հետեւենք նրա պատասխանին. «1992թ. փետրվարի 26-ին Աղդամ քաղաք էին հասել Խոջալու քաղաքից վիրավորներ եւ պատմել, որ հայկական գրոհայինները եւ ռուս զինվորները մարտական մեքենաներով սպանում են խաղաղ մարդկանց եւ հրկիզում քաղաքը: Խոջալուի բնակիչները ռացիայով օգնություն էին խնդրում եւ ասում, որ իրենք շրջապատված են, (գտնվում են) կործանման եզրին»:

Ուշադրություն դարձնենք. Հուսեյնովը սկզբից ասել է, որ Աղդամից շարժվել են դեպի Շելլի փետրվարի 27-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում: Քննիչի լրացուցիչ հարցին պատասխանելիս նշել է, որ փետրվարի 26-ին «Աղդամ քաղաք էին հասել Խոջալու քաղաքից վիրավորներ եւ պատմել, որ...»: Դրանով նա փորձ է արել «պոստ-ֆակտում բնույթ» տալ ԱԺՃ ջոկատի ռազմերթին, բայց նույն տեղում էլ խոստովանել է, որ «Խոջալուի բնակիչները ռացիայով օգնություն էին խնդրում»: Իսկ դա կարող էր տեղի ունենալ միայն փետրվարի 26-ի գիշերը: Ահա փաստ, որ փետրվարի 26-ի գիշերը Աղդամից Շելլիի ուղղությամբ շարժվել է ԱԺՃ 200 հոգուց ջոկատ: Եվս մեկ անգամ շեշտենք` զանգվածային սպանության վայրը Շելլի գյուղին մոտ Գարագայա կոչված տեղանքն է: Այստեղ են իրենց մահը գտել Խոջալուից անվտանգ հեռացած խաղաղ մարդիկ: Եվ Նաթիկ Հուսեյնովի ցուցմունքներից պետք է մի եզրակացություն անել միայն. նաեւ այդ 200 հոգուց ջոկատն է «գրկաբաց դիմավորել» խոջալուցիներին:

Իսկ որ Ադրբեջանի դատախազության հատուկ կարեւոր գործերով քննիչի կազմած արձանագրությունը ոչ մի կապ չունի իրականության հետ, կարող ենք եւս մեկ անգամ ապացուցել նրա եւ «վկայի այս երկխոսությամբ.

«Հարց - Ասացեք, ի՞նչ եք տեսել Խոջալուի սպանված բնակիչների դիակների վրա:

Պատասխան - Շատ դիակների վրա կային մարտական մեքենաների թրթուրների եւ անիվների հետքեր, դրանք պարզապես ճզմված էին, որոշ դիակների վրա ծակոտված էին աչքերը»: - Ադրբեջանի գլխավոր դատաբժշկական փորձագետի ստորագրած եզրակացության մեջ սպանվածների մահվան պատճառ նշված են «բեկորային, հրազենային եւ բութ գործիքի հարվածից վնասվածքները»: Փաստաթղթում ոչ մի խոսք չկա «մարտական մեքենաների թրթուրներից եւ անիվներից ճզմված դիակների» մասին: Այդ եզրակացությունը քրգործի նյութերից մեկն է:

Եվ` վերջին «կաթիլ»-ը. քննիչը հարցնում է ջոկատից սպանվածների մասին, խնդրում տալ նրանց անուն-ազգանունները: «Վկան» պատասխանում է. «Սպանվածներից ես միայն անունով գիտեմ Խոսրովին, Վագիֆին եւ Սամեդին, երեքն էլ` երիտասարդ: Ազգանունները կճշտեմ եւ այդ մասին կտեղեկացնեմ»: 1990-ից ԱԺՃ «ինքնապաշտպանության ջոկատի անդամ եղածն» ինչպե՞ս կարող էր անուն-ազգանունով չիմանալ իր նմաններին: Ուրեմն, դա տեղական ջոկատ չի եղել: Բերվել է ինչ-որ տեղից, կատարել իր գործը, ապա շտապել Բաքու, որպեսզի շրջապատի Մութալիբովի նստավայրը եւ պահանջի նրա հրաժարականը:

Եվ օրինաչափ է, որ այս որակի «վկայի» ոչ ծննդյան ամիս-ամսաթիվն են նշված, ոչ բնակության վայրի լրիվ հասցեն, ոչ` անձնագրի տվյալները: Այսպես պատահում է միայն վարձկան մարդասպանների հետ: Այդ կերպ Ադրբեջանի դատախազությունը «ալիբի է ստեղծել»` քողարկելով «վկայի» իրավաբանական ինքնությունը: Ադրբեջանում հնարավոր է հազարավոր Նաթիկ Իսա օղլու Հուսեյնով գտնել, բայց նրանցից ոչ մեկը չլինի նա, որին պետք է պատասխանատվության ենթարկել ակնհայտ կեղծ ցուցմունք տալու համար: Եվ նույնքան էլ բնական է, որ Մ. Հուսեյնովի ձեռքով Ն. Հուսեյնովի խոսքերից «ճիշտ կազմված եւ ընթերցված» արձանագրությունը թվագրված է... մարտ, 1992: Սրանով ամեն ինչ ասված է: Ու թեեւ մենք կշարունակենք ներկայացնել «սեւի վրա սպիտակով կարված» գործից այլ հետաքրքրական դրվագներ, բայց «մի կաթիլն էլ բավական է, որ համոզվենք` ծովի ջուրն աղի է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ