RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013



Երեք օր սահմանում

Տեղադրվել է` 2013-04-01 23:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 2104, Տպվել է` 117, Ուղարկվել է էլ.փոստով` 114

ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐ. «ՄԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՓՈՔՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵԾ ԲՈԼՈՐԸ ԳԵՆԵՐԱԼՆԵՐ ԵՆ»

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ասյա տատիկին Ներքին Կարմիրաղբյուրում բոլորն են ճանաչում: 1992-ի ձմռանը շուրջ չորս ամիս վաթսուն զինվորի իր տանն է պահել: «Նկուղում էին մնում, ես էլ իրենց համար ճաշ էի սարքում, տեղերն էին մաքրում: Հերթափոխով էին մնում: Երեսունը մնում էր, մյուս երեսունը բարձրանում դիրքեր: Նկուղում գետնին ցորենի հասկեր էր փռում, որ գոնե մի քիչ տաք ու փափուկ լիներ», հիշում է Ասյա տատը: Մի քանի անգամ գյուղի տղամարդիկ իրեն փայտ են բերել, որ վառի, տաքանա, «նվերն» ընդունել է, բայց ուղարկել է «դիրքեր»: «Եսՙ ջհանդամ, թող երեխեքը վառեին տաքանային: Ինձ ոչ մի բան պետք չէ, մենակ էդ մարդկանց օրհնանքը գա իմ երեխեքին», ասում է տիկին Ասյան` հավելելով, որ երկու որդիներն այսօր Գերմանիայում են: Թոռները հաճախակի են զանգում, նվեր ու գումար ուղարկում: «Թոռներիս շատ եմ կարոտել, որ զանգում են, ասում են` տատի, տոմսը ուղարկենք, արի մեզ մոտ մնա, ասում եմ` չէ, ես իմ գյուղից հեռացողը չեմ: Ես էստեղ ծնվել եմ, էստեղ էլ պիտի մեռնեմ: Դուք ջահել եք, ձեր կյանքը դասավորեք, մեր վախտն անցավ»:

Ներքին Կարմիրաղբյուրում այսօր բնակվում է 1150 բնակիչ: Պատերազմն այստեղ սկսվել է 1991-ից ու մինչ օրս չի ավարտվել: Հատկապես վերջին երկու տարիներին հակառակորդը շատ է ակտիվացել, հողատարածքները գյուղացիները չեն կարողանում մշակել: «Ավելի լավ էՙ մենք հնարավորություն ունենանք, հողը մշակենք ու հողի հարկ վճարենք, քան մեզ ազատեն հողի հարկից, բայց գյուղացին վախենա ու չմտնի դաշտ: Էս ժողովուրդն ընդամենը մի բան է ուզում` խաղաղություն:

Մենք շատ լավ գիտենք խաղաղության գինն ու արժեքը: Մեր գյուղում փոքրից մեծ բոլորը գեներալներ են, որովհետեւ իրենք են պաշտպանել գյուղը քսան տարի առաջ ու էսօր էլ, եթե հարկ լինի, էլի իրենք են զենք վերցնելու, որ պաշտպանեն», ասում է գյուղապետ Մովսես Կամենդատյանը :

Վաչիկ Մելքումյանն անցյալ տարիՙ հունիսի մեկին, առավոտյան ժամը վեցին խաղողի այգիներն էր սրսկում, երբ թշնամու դիպուկահարից վիրավորվեց: «Տղերքը օգնության հասան, բայց իրենց վրա էլ կրակեցին: Բարեբախտաբար իրենք չվիրավորվեցին: Թշնամու գնդակը կպավ ծնկիս», հիշում է Վաչիկը: Մի քանի ժամի վիրահատությունից ու մի քանի ամսվա ապաքինումից հետո Վաչիկին տրվեցին հաշմանադամության երրորդ կարգ ու ամսական տասնութ հազար դրամ թոշակ: Այսօր Վաչիկը ձեռնափայտերով է քայլում: Ոտքի երկաթներն անհանգստացնում են, չի կարողանում տանը գործ անել: Արդեն մեկ տարի դաշտ չի մտել, տղաներին էլ արգելում է, որ դաշտում գործ անեն: Ասում է` իմ բախտը բերեց, վիրավորվեցի, բայց ո՞վ իմանա, կարող է հաջորդ անգամ բախտներս չբերի:

Սահմանին վիրավորված Վաչիկին գրեթե ոչ ոք չհիշեց` ո՛չ պաշտպանության նախարարությունը, ոչ նախագահի աշխատակազմի կամ այլ բարձրաստիճան կառույցներ: Գյուղապետի միջնորդությամբ վիրահատության գումարը տրամադրեց նախկին պատգամավոր Միքայել Վարդանյանը: «Որ ինքն էլ չլիներ, չգիտեմ ինձ հետ ինչ էր լինելու: Շուտով երկրորդ վիրահատությունը կանեն` ոտքիցս երկաթները պետք է հանեն, որպեսզի ցավեր էլ չունենամ»: Վիրահատության գումարը կրկին Վարդանյաններն են տվել: «Ո՞վ պետք է գար, որ ինձ տեսներ: Իրենք մենակ խոսում են, մենակ ասում են կրակեցին, մենք պատասխանեցինք, բայց չեն ասում, էդ կրակոցներներից մարդ է զոհվում, մարդ է վիրավորվում, բա դրանց վիճակը ո՞նց պետք է լինի: Բա մեզ թուրքի գյուլեն կպնում է, չեն էլ ուզում իմանան, սաղ մնացի՞նք, մեռանք` ի՞նչ եղանք», ասում է նա:

75-ամյա Անիկա տատիկի այգուց տեսարան է բացվում թշնամու հենակետը: Անիկա տատիկը վախենալով է այգին մշակում, աշխատում է հաստաբուն ծառերի տակով քայլել, որպեսզի փամփուշտներն իրեն չկպչեն: Տունը գյուղի այլ տների պես քանդված է ու գնդակոծված: Տիկին Անիկայի որդիներն ու թոռները դրսում են, գյուղ գալ հրաժարվում են: Այստեղ ապրում է դստեր հետ: «Վախիլով ապրում ենք, կրակում են` տուն ենք մտնում, մի ձայն լսում ենք` վախում ենք, բայց ինչ անենք, ուր գնանք, մեր գյուղն է, թողնենք ինդորը գնանք: Իմ տունը հենց դիրքի դիմացն է, մեր տան վրա շատ են կրակել: Մի անգամ տան հետեւի մասը կրակ էր ընկել: Գյուղացիներն օգնեցին, հանգցրեցին»: Տարիներ առաջ, երբ կրակում էին, նկուղում էր թաքնվում, վերջին տարիներին, կրակոցների ժամանակ գնում է ննջասենյակ ու պառկում անկողնու վրա: «Թուրքի գնդակը որ կպնի, գոնե անկողնու մեջ մեռնեմ, գետնին ընկած չլինեմ»:

Արմանուշ Ալավերդյանի հարսը, որդին ու ամուսինը շուտով կմեկնեն Մոսկվա: «Մնալ չի լինում, իրենք գնում են աշխատելու, բայց ես գնամ ի՞նչ անեմ, ես մնում եմ իմ տանը: Հարսս չի ուզում մնալ, վախենում է, ինքն ուրիշ գյուղից է, կյանքում կրակոց չի լսել, էստեղ ամեն օր լաց է լինում: Ես ասեմ` մնա՞: Որ մնաց, թշնամու գնդակը եկավ կպավ, ո՞վ է մեղավոր լինելու: Ջահել են, թող գնան, հանգիստ ապրեն», ասում է տիկին Արմանուշը: Նախորդ տարի որդին Ռուսաստանից գումար է ուղարկել: Տիկին Արմանուշը սկզբում ցանկացել է տան համար կահույք գնել, հետո զղջացել է. «Գնեմ, ի՞նչ անեմ, թշնամին շաբաթական երկու-երեք անգամ կրակում է: Ես գնեմ, ինչ իմանամ` կվայելեմ, չեմ վայելի: Հացը դնում ենք սեղանին` չգիտենք, էդ հացը կուտենք, թե կոկորդներիս կկանգնի: Դրա համար էլ դեմ չեմ, որ գնան: Իմ երեխու ապագան ինձ համար ավելի թանկ է: Ի՞նչ անեմ, ասենքՙ հայրենիք, երեխես զոհվի՞: Արդեն հոգնել ենք զոհերից էլ, պատերազմից էլ, կրակոցից էլ: Մենք մի բան ենք ուզում` խաղաղություն, որ մարդ հանգիստ իր դաշտում վար ու ցանք անի, չմտածի, որ դիմացի սարից կկրակեն»:

Տասնմեկամյա Մարին երկու երազանք ունիՙ դառնա իրավաբան, մեկ էլ մահճակալի տակ էլ չթաքնվի: «Որ կրակում են` շատ եմ վախենում, մամայիս եմ գրկում կամ էլ մահճակալի տակ եմ թաքնվում», պատմում է Մարին: Երկու ամիս առաջ Մարիի տան դիմաց են կրակել, փամփուշտն ընկել է հենց դռան դիմաց: Փոքրիկը վախեցել է, գոռացել ու թաքնվել մահճակալի տակ: Ընկերուհին` Կարինեն պատմում է, որ մի քանի ժամ մնացել է մահճակալի տակ. մայրիկն ու տատիկն են համոզել, որ դուրս գա. «Ես վախեցա, լաց էի լինում, ասացիՙ մամա, ես ուրիշ տուն եմ ուզում, արի գնանք էս տնից: Մամաս լացեց, իսկ պապաս ջղայնացավ, ասաց, որ բոլորը գնան, բա ո՞վ մնա էս գյուղում», հիշում է Մարին` հավելելով, որ դեռ լիովին չի ընկալել հոր ասածները, բայց էլ չի ուզում գյուղից հեռանալ:

Ներքին Կարմիրաղբյուրից հեռանալու մտադրություն չունի նաեւ 32-ամյա Լեւոն Առաքելյանը : Գյուղի մի փոքրիկ տարածքում Լեւոնը կենցաղային մաքրող միջոցներ է արտադրում` ժավելի սպիրտ, աման լվանալու հեղուկ, օճառ: «Luys» անվամբ այս ապրանքները հիմանականում վաճառվում են Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանում: Արտադրության մեջ աշխատում են երեք բանվորներ, նրանք ամսական ստանում են վաթսուն հազար դրամ աշխատավարձ: «Luys»-ն ընդամենը երեք ամսեկան է, Լեւոնը դեռ շահույթ չի ստացել: Կարողանում է միայն հարկերը վճարել: «Գյուղին հենց նման փոքր արտադրություններ են անհրաժեշտ, որ գյուղացին կարողանա ապրել ու աչքը թեքել խոպանի ճանապարհից: Հենց նման ձեռնարկություններն են այսօր գյուղը պահում, սակայն սկսնակ բիզնեսմեններին հարկային արտոնություններ են անհրաժեշտ, որովհետեւ սա առաջին հերթին ազգային անվտանգության հարց է», ասում է Լեւոնը` հավելելով, որ իր ապրանքի որակից դժգոհություն չի լսել: Կարող են ավելի լավ որակի ապրանք էլ ստանալ, սակայն տարածաշրջանում պահանջարկ չկա, մարդիկ մի կերպ են գնում: «Իրենց համար կարեւորը, որ էժան լինի»: Լեւոն Առաքելյանը մտադիր է զուգարանի թղթի արտադրություն էլ հիմնել: Նա վստահ է, որ այս նախաձեռնությունն առավել հաջողություն կունենա, ու կկարողանա ե՛ւ ծախսերը փակել, ե՛ւ աշխատողներին առանց ուշացնելու աշխատավարձը վճարել: Լեւոնը պատմում է, որ մի քանի օր առաջ թշնամին ողջ օրվա ընթացքում կրակել է, ու իրենք չեն կարողացել շենքից դուրս գալ: «Ես կուզեմ, որ մեր գյուղում մարդիկ աշխատեն, բայց չկա, ի՞նչ անես: Գյուղացին մենակ չի կարողանա, իրան օգնող ուժ է պետք, մեզ պետությունը պետք է օգնի, որ մենք մեր տներից չփախչենք, որ շահագրգռված լինենք մնալ»:

Ներքին Կարմիրաղբյուր, Տավուշի մարզ

Նկար 1. Լեւոն Առաքելյան

Նկար 2. Գյուղապետ Մովսես Կամենդատյան

Նկար 3. Կարինե, Մարի

Նկար 4. Վաչիկ Մելքումյան

Նկար 5. Տիկին Ասյա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ