RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013



Բանաձեւ

Տեղադրվել է` 2013-04-01 23:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1964, Տպվել է` 96, Ուղարկվել է էլ.փոստով` 80

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՈՐԵՎԷ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հարցազրույցը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւի ընդունման մասին

- Մարտի 22-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի առաջադրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձեւը: Առաջին անգամը չէ, որ մեր երկիրը նման թեմայով բանաձեւ է ներկայացնում ՄԱԿ-ում, եւ հետաքրքրական կլիներ իմանալ այս հարցի նախապատմությունը:

- Այո, Դուք իրավացի եք, ցեղասպանության հարցով բանաձեւ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է առաջին անգամ դեռեւս 1998 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում: Այն նվիրված էր «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի» 50-ամյակին: Այնուհետեւ բանաձեւը հաջորդաբար ներկայացվել է 1999, 2001, 2003 եւ 2005 թվականներին: Բանաձեւի տեքստը յուրաքանչյուր անգամ կատարելագործվում էր եւ ընդգրկում հարցերի ավելի լայն շրջանակ: ՄԱԿ-ում կատարված կառուցվածքային վերափոխումների արդյունքում Մարդու իրավունքների հանձնաժողովը վերափոխվեց Մարդու իրավունքների խորհրդի, եւ 2008 թվականին ՀՀ ներկայացրեց բանաձեւ արդեն այդ կառույցում եւ առաջին անգամ կանխարգելման համատեքստում: Ինչպես եւ նախորդ բոլոր բանաձեւերը, այնպես էլ 2013 թվականին ներկայացվածն ընդունվել են խորհրդի 47 անդամների կողմից առանց քվեարկության` կոնսենսուսի հիման վրա, ինչը վկայում է ցեղասպանության կանխարգելման հարցում ընդհանուր լուծումներ գտնելու միջազգային հանրության ցանկության եւ կամքի մասին:

- Ի՞նչ քայլեր է ենթադրում բանաձեւի ներկայացումը այնպիսի բազմաբնույթ եւ բարդ կազմակերպությունում, ինչպիսին է ՄԱԿ-ը:

- Ցեղասպանության կանխարգելումը միջազգային կառույցներում քննարկվող կարեւորագույն, արդիական եւ ամենազգայուն խնդիրներից է: Արդեն իսկ որոշակի պարբերականությամբ ներկայացվող նման նախաձեռնությամբ հանդես գալը օգնում է այս կարեւոր հարցը մշտապես միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելով նպաստել կանխարգելմանը, վերահաստատել պետությունների ջանքերի համախմբման կարեւորությունը:

Ինչ վերաբերում է ենթադրյալ քայլերին, ապա պետք է ասեմ, որ նախագծի մշակումը պահանջում էր լուրջ նախապատրաստական աշխատանք` կոնվենցիայի կիրառման ընթացքում դեռեւս չլուծված, չկարգավորված խնդիրների վերհանում, նոր զարգացումների վերլուծություն եւ դրանց հիման վրա երկրների հետագա քայլերը նախանշող հանձնարարականների ձեւակերպում: Տեքստը պետք է ներառեր ցեղասպանության կանխարգելման եւ պատժման հարցերում մարդու իրավունքի հիմնական մոտեցումները: Պետք է նշեմ նաեւ, որ բանաձեւի տեքստի նախապատրաստման ընթացքում մենք սերտորեն համագործակցել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ:

Նման համամարդկային նշանակություն ունեցող թեմաների ներկայացումը ենթադրում է երկրների լայն աջակցություն, սակայն դա չի նշանակում, որ բանակցային գործընթացը դյուրին է եղել: Հայաստանի պատվիրակությունը կոնսենսուսային տեքստի հասնելու համար բազմաթիվ երկկողմ եւ բազմակողմ բանակցություններ եւ խորհրդատվություններ է կազմակերպել: Բանաձեւի տեքստի շուրջը հիմնական տարաձայնությունը ՄԱԿ շրջանակներում նոր զարգացում ստացող «պաշտպանության պատասխանատվություն» կոնցեպցիայի շուրջն էր, որի էությունը պարունակում է երեք հիմնական տարր` երկրներն ունեն իրենց բնակչությունը ցեղասպանությունից պաշտպանելու առաջնային պատասխանատվություն, միջազգային հանրությունը պետք է ցուցաբերի անհրաժեշտ աջակցություն, եւ, վերջապես, պետության կողմից ստեղծված իրավիճակից դուրս գալու անհնարինության դեպքում միջազգային նորմերի համաձայն հնարավոր է ապահովել միջազգային հանրության միջամտությունը` ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման նպատակով:

Սակայն առաջացած հակասությունները հնարավոր եղավ հաղթահարել, եւ այս պահի դրությամբ բանաձեւի համահեղինակ է դարձել արդեն ՄԱԿ-ի 59 անդամ պետություն: Հնարավոր է, որ այս թիվը կավելանա, հաշվի առնելով, որ դեռ տասը օր տեքստը բաց է լինելու համահեղինակելու համար: Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ բանաձեւի համահեղինակների թվում են ՄԻԽ բոլոր տարածաշրջանային խմբերը ներկայացնող պետությունները:

Այս առումով բարձր եմ գնահատում այն թիմի աշխատանքը, որը հնարավոր դարձրեց բանաձեւի նախագծի նախապատրաստումը, նրա ներկայացումը եւ բանաձեւի վերջնական ընդունումը: Մասնավորապես, պետք է առանձնացնեմ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների բաժնի եւ Ժնեւումՙ ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացության աշխատակիցներին:

- Բնականաբար պարզ է, թե ինչու ենք մենք նախաձեռնում բանաձեւի ներկայացումը հենց այս թեմայով, այնուամենայնիվ, ի՞նչ «հավելյալ արժեք» կունենա բանաձեւի ներկա տեքստը:

- Միջազգային կառույցներում որեւէ նախաձեռնութան դրսեւորումը պայմանավորված է տվյալ երկրի քաղաքականության առաջնայնություններով, մեր պարագայում ցեղասպանության կանխարգելումը, ցեղասպանության հանցագործությունների պատժումը եւ, այդպիսով, անվտանգ միջազգային միջավայր ստեղծելուն նպաստելը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, եւ այս ուղղությամբ ՀՀ որեւէ քայլ արդեն իսկ արժեքավոր եւ կարեւոր է: Բնականաբար, որպես ցեղասպանություն վերապրած եւ աշխարհասփյուռ հայության ջանքերով ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի փորձ ունեցող ժողովուրդ, մենք մեր պարտք ենք համարում թույլ չտալ նման սոսկալի հանցագործության կրկնությունը որեւէ ժողովրդի հանդեպ եւ վստահ ենք, որ այդ նպատակին հասնելու կարեւորագույն պայմանը պետությունների համատեղ ջանքերի գործադրումն է: Նշեմ նաեւ, որ բանաձեւի ներկայացումը ՀՀ ԱԳՆ առաջարկով ընդգրկվել էր ՀՀ կառավարության գործունեության 2013թ. գերակա խնդիրների ցանկում:

Ինչ վերաբերում է բանաձեւում տեղ գտած նոր ձեւակերպումներին, ապա դրանցից է ճշմարտության իրավունքի ապահովման կարեւորությունը: Դա մարդու իրավունքների ոլորտում համեմատաբար վերջերս ներմուծված իրավական հասկացություն է, որի համաձայն պետությունները պարտավոր են ճշմարիտ տեղեկատվություն տրամադրել տեղի ունեցած ոճրագործությունների եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: Այս իրավունքի կարեւորությունը զոհերի արժանապատվության վերականգնման, հատուցման տրամադրման եւ անպատժելիության դեմ պայքարի ապահովումն է, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել ժողովուրդների միջեւ թշնամանքի ու ատելության վերացման եւ համապարփակ հաշտության:

Հաջորդ կարեւոր դրույթը վերաբերում է ՄԱԿ-ի նորաստեղծ կառույցների ընդգրկմանը ցեղասպանության կանխարգելման գործում, մասնավորապես խոսքը Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի մասին է, որը նախատեսում է ՄԱԿ-ի 193 անդամ պետությունների վերաբերյալ մարդու իրավունքների իրավիճակային վերլուծություն ազգային զեկույցների հիման վրա, ինչի արդյունքում գործընթացն անցնող երկրին մյուս բոլոր երկրների կողմից տրվում են մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանն ուղղված համապատասխան հանձնարարականներ: Այսպիսով, այս ընթացակարգը եւս կարող է օգտագործվել որպես ցեղասպանությունը կանխարգելող կարեւոր մեխանիզմ, քանի որ հնարավորություն է ընձեռում պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու տեղեկատվություն ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին:

Բանաձեւով պետություններին առաջարկվում է քննարկել ցեղասպանության կանխարգելման հարցերով պատասխանատու անձերի նշանակում, որոնք կարող են համագործակցել, փոխանակել տեղեկատվություն եւ փորձ ինչպես միմյամց միջեւ, այնպես էլ ցեղասպանության կանխարգելման հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի, ՄԱԿ-ի այլ կառույցների եւ տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մեխանիզմների հետ:

Կարեւոր եմ համարում նշել նաեւ բանաձեւում բարձրացված ցեղասպանության կանխարգելման նպատակով մարդու իրավունքների կրթության խնդիրների` համապատասխան կրթական ծրագրերն ու նախագծերը խրախուսելը: Անկախ այն բանից, թե որտեղ ենք մենք բնակվում կամ որ ազգին ենք պատկանում, ցեղասպանություն առաջացնող վտանգների, ինչպես նաեւ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է փոխանցվի երիտասարդ սերունդներին, դա անհրաժեշտ պայման էՙ ապահովելու խաղաղությունը եւ երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը:

Պետք է նշեմ նաեւ բանաձեւի այն նոր դրույթը, որը վերաբերում է ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օրերի սահմանմանը: Բանաձեւը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին, որպես կանխարգելիչ միջոց, ձեռնարկել քայլեր, այդ թվում` զոհերի հիշատակը հարգող ազգային օրեր սահմանելու միջոցով: Ցեղասպանությունների պատմությունը միայն անցյալ չէ, դա նաեւ ներկա է, որը վերաբերում է մեզ բոլորիս, անկախ ծագման, ռասայական կամ կրոնական պատկանելությունից:

Եվ վերջապես, եւս մեկ կարեւոր հատված բանաձեւում, որը կցանկանայի հիշատակել` 2014 թվականին Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպվելու է բարձրաստիճան քննարկում` ՄԱԿ-ի անդամ պետությունների, կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների եւ այլ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ եւ ՄԻԽ նույն նստաշրջանի ընթացքում ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ ինտերակտիվ քննարկումների անցկացում` վերջինիս մանդատի ստեղծման 10-ամյակի կապակցությամբ:

Սա հնարավորություն է տալու մարդու իրավունքների պաշտպանության եւ խրախուսման այնպիսի կարեւոր եւ հեղինակավոր ատյանում, ինչպիսին է Մարդու իրավունքների խորհուրդը, ցեղասպանության կանխարգելման թեման օրակարգում պահպանելու համար:

- Այս տարի լրանում է նաեւ «Ցեղասպանության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի» 65-ամյակը, անդրադառնո՞ւմ է արդյոք բանաձեւը այս տարելիցին:

- Վերը նշված բարձրաստիճան քննարկումը կազմակերպվում է հենց այս առիթով, եւ ընդհանրապես կոնվենցիան արմատական տեղ է գրավում այս բանաձեւի առաջադրման գործում, ինչպես արդեն նշեցի, ամեն ինչ սկսվեց կոնվենցիայի 50-ամյակի կապակցությամբ նախաձեռնած քայլերից եւ հետո ստացավ իր շարունակությունը: Մեր նպատակն էր կոնվենցիային վերաբերող փաստաթղթերի միջոցով նորից մարդկության ուշադրությունը սեւեռել ցեղասպանությունը դատապարտող այդ կարեւոր փաստաթղթի վրա, նշել նրա կենսունակ նշանակությունը, կրկին կոչ անել կոնվենցիային չմիացած կամ այն չվավերացրած պետություններինՙ անդամակցել դրան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ