ՎՐԱՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ «ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻՆ» ՈՒ «ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՆ» Վ. ՊՈՂՈՍՅԱՆ Հաճախ է պատահում, որ պարապ մարդիկ անպայման հետաքրքրվում են, թե ինչու են հայերն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահից պահանջում, որ ապրիլի 24-ին նշի 20-րդ դարասկզբի մեծ ոճրագործության մասին որպես ցեղասպանության: Ով ինչպես է այս հարցին մոտենում` յուրաքանչյուրի մտքի ու խղճի, նաեւ հիշողության ու պատասխանատվության հարցն է, սակայն մեկ բան հստակ է ու կարեւոր. ԱՄՆ նախագահին նման պահանջ են ներկայացնում հայերը, որոնք ապրում են Միացյալ Նահանգներում, այդ երկրի քաղաքացի են, հետեւաբար` իրենց ընտրովի նախագահից ինչ ուզեն` կպահանջեն: Հարեւան Վրաստանում, եւ ոչ միայն այնտեղ, շատերը վատ են հասկանում կամ էլ գրեթե չեն հասկանում, որ, ասենք, Ջավախքում ապրող հայն էլ է Վրաստանի քաղաքացի ու այդ երկրում, այո, պետք է ունենա բոլոր այն իրավունքները, նաեւ պարտավորությունները, որ ունեն մյուս քաղաքացիները` վրացի, թե ոչ: Եվ ջավախքցիները երկրի ղեկավարությունից` ի դեմս օրենսդիր մարմնի, պահանջում են վավերացնել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիան, որը Վրաստանը ստորագրել, բայց այդպես էլ չի վավերացնում: Խարտիայի վավերացումը Վրաստանի համար նույնպիսի պարտավորություն է, որպիսին այդ երկիրը եվրոպական կառույցներում ստանձնել է հազարներով ու որոշները հաճույքով կատարում ու եվրոպահաճո է ներկայանում, որոշներն էլ չի կատարում ու դեռ ի լուր աշխարհի էլ հայտարարում է, թե դեռ մտադիր էլ չէ: Վերջինը հենց վերաբերում է նշված եվրոպական խարտիային, որի վավերացմանը միանալու պահից դեմ են եղել վրաց բոլոր իշխանությունները: «Ազգը» ներկայացրել է, թե մեկնաբանությունների ինչ անհեթեթ հարթակների են հասցվել անդրադարձները Ջավախքից խարտիան վավերացնելու պահանջ հնչեցնելու հեռանկարի առնչությամբ` մինչեւ անջատողականություն եւ դրա նման ստահոդ բաներ: Որ Վրաստանի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ամենասուր քննադատությամբ պետք է խոսեր այս ամենի մասին, կարելի էր սպասել` ելնելով ներկայի իշխանություններին սեւացնելու ցանկությունից: Ավելին, Սաակաշվիլու եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հակադրությունը ամեն ինչում է արտահատվում, եւ այս հարցը եւս դրան պիտի ծառայեցվեր: Սակայն երբ հոգեւորը թողած` հարցին բնավ էլ ոչ դրական մոտեցմամբ միջամտում է նաեւ վրաց պատրիարքը, հարց է առաջանում, թե Վրաստանում ի վերջո ով եւ ինչ իշխանությամբ է հանդես գալիս: Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը, պարզվում է, դեմ է եվրոպական խարտիայի վավերացմանը: Այս մասին վրաց պատրիարքին Հելսինկիՙ վերականգնողական պրոցեդուրաների համար ճանապարհելիս հայտարարել է վրաց եկեղեցու առաջնորդի մամուլի խոսնակը: Նրա խոսքերովՙ պատրիարքի համար խարտիայի վավերացման քննարկումների վերսկսումն իսկ անընդունելի է: «Մեր կարծիքով, այդ քննարկումը կարող է բերել անջատողական շարժումների սրմանը եւ երկրում նոր ծանրագույն խնդիրների առաջացմանը», «Գրուզիա օնլայն» կայքէջի փոխանցմամբ` հայտարարել է վրաց եկեղեցու ներկայացուցիչը: Նրա խոսքերով, «քանի դեռ լուծված չէ պետական լեզվի ուսուցման հարցը եւ վերականգնված չէ Վրաստանի տարածքային ամբողջականությունը, մենք անթույլատրելի ենք համարում այդ խարտիայի վավերացումը խորհրդարանում»: Էլ ուր մնացին հանդուրժողականությունն ու նման գեղեցիկ հասկացությունները, որոնցով Վրաստանը, առաջադեմի դրոշակը ձեռքին, անցել է Կովկասի գլուխ... |