RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013



ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Տեղադրվել է` 2013-04-01 23:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1698, Տպվել է` 100, Ուղարկվել է էլ.փոստով` 83

ԱՐՍԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ԳԱԱ Պատմ. ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պգթ

Լինում են դեպքեր, երբ առաջին հայացքից աննշան թվացող որեւէ արարք, իրադարձություն, թվում է, շատ արագ կխամրի, կմոռացվի, սակայն հետո, ժամանակի ընթացքում դրանք կարեւորվում են այնքան, որ ընդմիշտ մխրճվում, տեղավորվում են ուղեղիդ ծալքերում ու այլեւս չեն հեռանում, չեն մոռացվում:

Երբ լսեցի մահագույժը, անկեղծ ցավ ապրեցի: Չէ, ամերիկահայ Արսեն Դեմիրճյանը այնքան էլ հայտնի չէ մեր հասարակությանը, առանձնապես մեծ տիտղոսներ չունի, սակայն նրա կորստյան ցավը մեծ է: Որովհետեւ նա նման էր մարդու այն տեսակին, ովքեր մեծագործություններ ու հերոսական արարքներ գուցե եւ չեն անում, սակայն իրենց գոյության բոլոր ժամանակներում, իրենց ներվային համակարգի բոլոր թելերով նպաստում են ուրիշների բարգավաճմանը: Իսկ ամենառեղծվածայինը, որ կրում են մարդու այդ տեսակի ներկայացուցիչներն, այն զարմանալի ու մեր օրերում շատ քիչ հանդիպող բնույթն է, որ լավ, բարի, մարդանպաստ արարքներ կատարելով նրանք անում են ամեն ինչ աննկատ մնալու, իրենց արածը դրոշակ չդարձնելու համար:

Մի քանի տարի առաջ, գիտության համեստ մշակս, իմ գործընկեր շատերի նման, հեղինակային գրքերս տպագրելու խնդիր ունեի: Քանի որ դրանք պատմագիտական ուսումնասիրություններ էին եւ նվիրված էին Ռամկավար Ազատական կուսակցության արմատներին ու անցած ուղուն, դիմեցի այդ օրերին հայրենիքում գտնվող սփյուռքահայ նշանավոր մտավորական, ակադեմիկոս Երվանդ Ազատյանին: Զարմանալի զուգադիպությամբ, նրանք երկուսն էլ միմյանցից անկախ, ինձ ասացին, որ այդ հայրենանպաստ գործն ամենայն հավանականությամբ կանի ՌԱԿ երկարամյա անդամ Արսեն Դեմիրճյանը: Իսկ երբ մոտիկից ծանոթացա, ինքս էլ հասկացա, որ նա անձամբ չայրվող, սակայն ամեն ինչով մարդկային հոգու հրդեհին նպաստող անհատ է, հիրավի մարդկային վեհ ներաշխարհի տեր անձնավորություն:

Առանց վարանելու, ինչպես ասում են նման դեպքերումՙ առանց աչք թարթելու Արսեն Դեմիրճյանն իրար հետեւից հովանավորեց իմ երկու մենագրությունների# տպագրությունը: Ավելին, երկրից մեկնելուց առաջ պատվիրեց, որ հենց պատրաստ աշխատանք կունենաս, անմիջապես դիմիր ինձ: Ունեմ, ընկեր Դեմիրճյան: Միաժամանակ գրել ավարտել եմ եւս երկու աշխատություն, երկուսն էլ վերաբերում են քեզ շատ հուզող հայ ազգային ազատագրական պայքարի չլուսաբանված կողմերին, մեր ավանդական կուսակցությունների պահվածքին, նրանց կողմից թույլ տված սխալներին ու վրիպումներին, որոնք ցավալիորեն անդառնալի հետեւանքներ ունեցան մեր ազատագրական պայքարն ու հետո նաեւ գոյակռիվը բարեհաջող հանգրվանի հասցնելու համար: Իհարկե, դրանք կհրատարակվեն, միայն, ափսոս, դու չես տեսնի, ինչպես այն բազում ծրագրերիդ իրականացումը, որոնք թերի մնացին:

Ընկեր Դեմիրճյան, ես գիտեմ, որ շատ էիր հպարտանում քո անմոռանալի Ռուբեն Երկաթ հայրիկով: Մարդ, ով Հաճընի իննամսյա մաքառման հերոսներից էր, Հայ դատի իսկական զինվոր, ով արհամարհելով ամեն տեսակ դժվարություններ, անտեսելով նույնիսկ մահվան իրական գոյությունը, դիմակայեց բռնակալ թուրքին եւ պատվով դուրս եկավ այդ փորձությունից: Միայն ափսոս, որ ուժերը խիստ անհավասար էին: Ամեն անգամ, երբ առիթ էր ներկայանում որեւէ լավ գործ կատարելու, անպայման ձգտում էիր այն նվիրել նրա հիշատակին: Ահավասիկ այդպես եղավ նաեւ իմ մենագրությունների դեպքում:

Իսկապես ցավալի է գիտակցել, որ այլեւս չի բաբախում հայրենակարոտ սիրտդ, չենք լսելու հայրենաբաղձ ծրագրերիդ մասին: Ասում ենՙ մարդըՙ հրաժեշտ տալով երկրային կյանքին, տեղափոխվում է երկնային աշխարհ: Ուրեմն բարի ճանապարհ, բարի ու լավ մարդ: Խաղաղությամբ գնաս, լավ ու իմաստալից ես ապրել: Իսկ քեզ մշտապես տանջող մորմոքը կփարատվի, քո հոգում անթեղված կորուսյալ հայրենիքը վերադարձնելու երազը, վստահ եղիր, եթե ոչ այսօր, ապա վաղը հաստատ իրականություն կդառնա: Խաղաղություն քո մարդասեր հոգուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ