RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-04-01 23:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1620, Տպվել է` 95, Ուղարկվել է էլ.փոստով` 80

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Ես միշտ մտածել եմ, թե որեւէ անհատի կյանքում «հիշողությունը» վճռորոշ նշանակություն է ունենում միայն այն դեպքում, երբ վերջինիս մոտ փոխվելու անհրաժեշտություն է առաջանում, երբ այն, դաջվելով ուղեղի բջիջներում, փոխակերպվում, վերաձեւում է դրանք, այլ ոչ թե սոսկ նոր կապեր հայտնաբերում գորշ նյութի նեյրոնների միջեւ:

Ճիշտ այդպես պատահեց ինձ հետ. հորս մահվանից հետո ես տեւական ժամանակ անդրադառնում էի նրա հիշողությանըՙ անձկությամբ այնտեղ տարրալուծելով իմ մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունը», «Սփռվածները» գրքի ներածականում գրում է հեղինակըՙ Իտալիայում ՀՀ պատվո հյուպատոս Պյետրո Քուչուկյանը : Գրքի բնագրայինՙ իտալերեն առաջին հրատարակությունը եղել է 1998-ին, որին հաջորդել են տարբեր տարիների չորս վերահրատարակություններ: Հայերեն թարգմանությունն իրականացրել է Լիլիթ Մելիքյանը, տպագրվել է 2013 թ., Երեւանում («Ակտուալ արվեստ»): Շնորհանդեսը հեղինակի ներկայությամբ կայացավ Ավ. Իսահակյանի անվ. գրադարանում, օրեր առաջ: Գրքի եւ հեղինակի մասին ընդհանուր ծանոթությամբ հանդես եկավ գրականագետ, երեկոյի հանդիսավար Երվանդ Տեր-Խաչատրյանը : «Սփռվածները» աշխարհի հայկական համայնքներ կատարած հեղինակի ուղեւորության տպավորություններն են, սակայն ինչպես նկատվեցՙ սովորական ճամփորդական նոթեր չեն դրանք. տարբեր հատվածներ գեղարվեստական պատումի արժեք ու ազդեցություն ունեն:

Հայկական սփյուռքը Պյետրո Քուչուկյանի հայացքով նոր երեւույթներ ու շերտեր է ի հայտ բերում, անսպասելի, նոր տեղեկություններ փոխանցում Իսրայելի, Հորդանանի, Կիպրոսի, Հունաստանի, Ավստրալիայի եւ այլ հայկական համայնքների, մարդկային սովորույթների, նիստ ու կացի, հարաբերությունների մասին, ծանոթացնում նաեւ այդ երկրներին, նկարագրում հատկանշական բնորոշ կողմեր: Եվ հետաքրրքականըՙ որ սփռվածների այս լայն աշխարհագրությունը ընդգրկում է նաեւ Հայաստանը:

Ելույթ ունեցողը անդրադարձավ Գաբրիելե Նիսսիմի ուշագրավ վերլուծություն-առաջաբանինՙ նկատելով, որ դա կարելի է տպագրել առանձինՙ իբրեւ հայկական ցավոտ հարցի, մեր պատմական ճակատագրի մասին շատ հետաքրքրական հոդված: Գրքի հաջողությունը նա պայմանավորեց նաեւ հայերեն բարձրորակ թարգմանությամբ եւ խնամքոտ աշխատասիրությամբՙ ծանոթագրության բաժնին վերաբերող, որ կատարել է Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան Գագիկ Բաղդասարյանը , որը Պյետրո Քուչուկյանի հետաքրքրությունների, նախասիրությունների, հոբբիների նկարագրությամբ ներկայացրեց կոլորիտով, կենսախինդ, ջերմ հայ մարդու հետաքրքրական կերպարը:

Արմատներով Պոլսիցՙ Պյետրո Քուչուկյանը ծնվել է Հյուսիսային Իտալիայի Արկո քաղաքում, նախնական կրթությունը ստացել Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում, ապա Պադուայի համալսարանում, ավելի ուշ Միլանի համալսարանում մասնագիտացել ատամնաբուժության մեջ, հետագայում բացել սեփական բուժարանը եւ այժմ համարվում է քաղաքի լավագույն մասնագետներից մեկը: Պ. Քուչուկյանի երկրորդ կյանքը, սակայն, մի ուրիշ տեղ է. նա սպորտաձեւերի սիրահար էՙ ձիասպորտ, թենիս, պլաներիզմ, բայց գլխավորըՙ մոտոցիկլիզմն է: Նրա սերը մոտոցիկլի հանդեպ աննկարագրելի կրքոտ է եղել եւ շարունակվում է մինչեւ այսօր: «Մոտոցիկլետ սիրում է այնպես, ինչպես ծնողըՙ զավակին», ասում է Գ. Բաղդասարյանը: Եղել է մոտոկրոսի թիմի մարզիչ, այս մրցաձեւում Իտալիայի չեմպիոն է, հորինել է մոտոցիկլի մասնագիտացված հատուկ մոդել, սաներից շատերըՙ ազգային տարբեր պատկանելության, հենց իրենց երկրներում դարձել են չեմպիոններ: «Մոտոցիկլիզմ» ամսագրի լրագրող եւ ֆոտոլրագրող է աշխատել: Սակայն մոտոցիկլը մեկ այլ կարեւոր նշանակություն է ունեցել իր կյանքում. կնոջՙ Աննամարիա Սամուելիի հետ նրանք շրջել են աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքները, եղել բոլոր այն երկրներում, որտեղ թեկուզ մեկ հայ կա: Այս ուղեւորությունների տպավորությունները հետագայում վերածել են բազմաթիվ գրքերի: Գագիկ Բաղդասարյանը ներկայացրեց Քուչուկյանի հայանպաստ գործունեության կարեւոր, շոշափելի արդյունքներըՙ տարիների նրա օժանդակությունը Իտալիայում ՀՀ դեսպանատանը եւ հատկապես Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքները, որին նպաստել է «Արմին Տ. Վեգները եւ հայերը Անատոլիայում. 1915»ՙ իր եւ կնոջ կազմակերպած շրջիկ ցուցահանդեսը: Իտալացի պատմաբան, լրագրող, էսսեիստ Գաբրիելե Նիսսիմի հետ Քուչուկյանը հիմնադրել է «Գարիվո-Արդարների անտառ» միջազգային կազմակերպությունը, որի մաս կազմողՙ «Հայերի համար արդարների միջազգային կոմիտեի» նախագահն է: Հայաստանի հետ կապը սերտացել է երկրաշարժից հետո. իր ծավալած գործունեության համար նրան շնորհվել է Ստեփանավանի, Սպիտակի եւ Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում: Նրա նախաձեռնությամբ եւ ջանքերով է Ծիծեռնակաբերդում հիմնվել Հայոց ցեղասպանության դեմ իրենց ձայնը բարձրացրած օտարազգի գործիչների Հիշատակի պատը: Այս մասին եւ դրա առաջին փորձի հետ կապված հետաքրքրական մանրամասներ պատմեց Լավրենտի Բարսեղյանը :

Թարգմանչուհուՙ Լիլիթ Մելիքյանի համար ամենից գրավիչը պատումի անկեղծությունը, անաչառ, անմիջական վերաբերմունքն է, հումորի նուրբ զգացողությունը, լեզվական այն գրավչությունը, որով հեղինակը ներկայացնում է հայկական համայնքները, նկարագրում դրանց ընդհանուր պատկերը, եկեղեցի-դպրոց-մամուլ ինքնակազմակերպական կարողությունը, այդ երկրներում հանգրվանած հայության տեղաշարժերի եւ հոգեբանության մեջ կատարվող փոփոխությունների վերլուծումները. այս համատեքստում էլ, նկատում է նա, հեղինակը Հայաստանը դիտարկում է իբրեւ «սփռվածների» (1946-47 թթ. ներգաղթ) եւս մեկ վայր, որոշակիորենՙ օտար:

Աշխարհի պատկերը, մարդկային հոգեբանությունն ու փոխհարաբերությունները խոսքի միջոցով ներկայացնելու առավելության, լեզվի գեղարվեստական պատկերավորման ազդեցության մասին էր Հենրիկ Էդոյանի խոսքը. «Հոգու կամերայով դիտված աշխարհ է, որի մեջ ներքին խոր նպատակ կա: Աշխարհում սփռված հայության, նրանց անցյալի ու ճակատագրի մասին է պատմում, ցավի մասին գրում է թեթեւ լեզվով, լիրիկական շղարշովՙ իբրեւ վերապրում, իբրեւ ընկալում»:

Եվ ինչպես գրքի առաջաբանում է գրված. «Քուչուկյանը մեզ հասկանալի է դարձնում, թե ինչ ասել է այսօր հայ լինել եւ միանգամից պարզվում է, որ հիշողության խնդիրը ոչ թե երեկվան է պատկանում, ոչ թե պատմական պարսավագիր է, այլ վերաբերում է նոր սերունդների գոյատեւման պայմաններին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ