«ՇԻՐԱԿՆ» ԱՄՐԱՊՆԴԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում բավականին թեժ մրցապայքար է ծավալվել չեմպիոնի տիտղոսի կոչման համար: Չեմպիոնական մրցավազքում առաջնության 35-րդ տուրը տարբեր կերպ դասավորվեց ոսկե մեդալների գլխավոր հավակնորդներ «Միկայի» եւ «Շիրակի» համար: Առաջնության միանձնյա առաջատար «Շիրակը» շատ հաջող է խաղում Գյումրիում, որտեղ անցկացրած 12 հանդիպումներից 10-ում հաղթել է, 2-ն ավարտել է ոչ-ոքի: Միայն «Միկային» եւ «Իմպուլսին» է հաջողվել Գյումրիում մեկական միավոր վաստակել: Հերթական անգամ «Իմպուլսն» ուղեւորվեց Գյումրի, սակայն վերադարձավ առանց միավորի: Խաղն աչքի ընկավ գոլերի առատությամբ: «Շիրակը» հաղթեց 4-3 հաշվով: Ընդ որում առաջինը հաջողության հասավ իմպուլսցի Ռումյան Հովսեփյանը, սակայն մեկ րոպե անց շիրակցի Դամե Դիոպը վերականգնեց հավասարակշռությունը: Հետագայում շիրակցիներն արդեն հաշվի մեջ առջեւում էին ու հաղթանակը ձեռքից բաց չթողեցին: Գյումրեցիներից աչքի ընկան Կարեն Մուրադյանն ու Լամին Լի Յորոն, իսկ դիլիջանցիներից իրենց հաշվին գոլեր գրանցեցին Արթուր Բարսեղյանն ու Վահագն Այվազյանը: Իսկ ահա «Միկան» կրկին անհաջող խաղաց: Սեփական հարկի տակ «Միկայի» ֆուտբոլիստները հյուրընկալել էին «Գանձասարին»: Կապանցի ֆուտբոլիստները կարողացան հմտորեն օգտագործել մրցակցի սխալները: Առաջին խաղակեսի ավարտին Ալեքսանդր Պետրոսյանը բացեց հաշիվը: Դեռ նոր էր սկսվել 2-րդ խաղակեսը, երբ Նարեկ Բեգլարյանը գրավեց իր նախկին թիմի դարպասըՙ կրկնապատկելով հաշիվը: Միայն ավելացված ժամանակում Սեմյոն Մուրադյանին հաջողվեց կրճատել հաշիվըՙ 2-1: Այս պարտությունը «Միկայի» համար կարող է ճակատագրական լինել: Թիմն արդեն 4 միավորով հետ է մնացել «Շիրակից», որի հետ վաղը Գյումրիում անցկացնելու է գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը: Առաջնության գարնանային հատվածը շատ հաջող է սկսել «Փյունիկը», որը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: «Փյունիկը» «Հանրապետականում» մրցեց «Արարատի» հետ, ընդ որում այդ խաղում դաշտի տերերն արարատցիներն էին: Խաղը շատ հաջող սկսվեց փյունիկցիների համար, որոնք արդեն 4-րդ րոպեին Գագիկ Պողոսյանի դիպուկ հարվածի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան: 2-րդ խաղակեսի սկզբում փորձելով կանխել Կամո Հովհաննիսյանի անցումը, արարատցի Արթուր Մինասյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Իսկ քիչ անց Գագիկ Պողոսյանն այդ խաղում իր 2-րդ գոլը խփեցՙ վճռելով հանդիպման ելքը: Արարատցիներին հաջողվեց միայն «թրջել» հաշիվը 11 մ հարվածով, որն անվրեպ իրացրեց Անդրանիկ Սարգսյանը: Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին: Ռաֆայել Նազարյան («Փյունիկ») - Ոչ այդքան լավ խաղով կարողացանք 3 միավոր վաստակել: Նման բան ֆուտբոլում կարող է տեղի ունենալ: Ինձ մտավախություն պատճառեց, որ մրցակցին հնարավորություն տվեցինք գոլային մի շարք պահեր ստեղծել մեր դարպասի մոտ: Աբրահամ Խաշմանյան («Արարատ») - Խաղի հենց սկզբից գոլ բաց թողեցինք, նույնը կատարվեց նաեւ 2-րդ խաղակեսի սկզբում: Մենք բազում գոլային պահեր ստեղծեցինք, սակայն չկարողացանք գրավել մրցակցի դարպասը: Գոլ խփելը մեզ համար հիմնախնդիր է դարձել: 2-րդ խաղակեսում տղաներին հանձնարարել էին ճնշում գործադրել մրցակցի դարպասին, սակայն պաշտպանությունում անհամաձայնեցված խաղի պատճառով նորից գոլ բաց թողեցինք: Չէի ասի, թե «Փյունիկն» այսօր ընդգծված առավելություն ուներ: Պարզապես հաղթանակի համար անհրաժեշտ է գոլ խփել, ինչը մեզ չի հաջողվում: Բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար համառ պայքար մղող «Բանանցն» Աբովյանում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ուլիսի» հետ: Մրցաշարային աղյուսակ | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | 1. Շիրակ | 35 | 22 | 7 | 6 | 60-35 | 73 | 2. Միկա | 35 | 21 | 6 | 8 | 52-36 | 69 | 3. Գանձասար | 35 | 15 | 10 | 10 | 39-30 | 55 | 4. Փյունիկ | 35 | 17 | 4 | 14 | 59-46 | 55 | 5. Իմպուլս | 35 | 15 | 6 | 14 | 60-55 | 51 | 6. Ուլիս | 35 | 9 | 9 | 17 | 34-45 | 36 | 7. Բանանց | 35 | 4 | 14 | 17 | 33-52 | 26 | 8. Արարատ | 35 | 7 | 4 | 24 | 22-60 | 25 |
Ռմբարկուները Նորայր Գյոզալյան | «Իմպուլս» | 20 | Սեմյոն Մուրադյան | «Միկա» | 14 | Ֆոֆանա Բեկո | «Շիրակ» | 14 | Լամին Լի Յորո | «Շիրակ» | 13 | Անդրանիկ Բարիկյան | «Շիրակ» | 12 | Վիուլեն Այվազյան | «Փյունիկ» | 11 | Արսեն Բալաբեկյան | «Ուլիս» | 10 |
|