ՕԶԲԻԼԻՍԸ ԳԵՂԵՑԻԿ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ ԴԱՐՁԱՎ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից առաջնության հերթական տուրում հաջող խաղ ցուցադրեց Արաս Օզբիլիսը, որը Մոսկվայի «Սպարտակի» հետ խաղում հեռահար հարվածով շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Խաղն ավարտվեց ոչ-ոքիՙ 2-2: «Սպարտակի» կազմում Յուրա Մովսիսյանին չհաջողվեց գոլ խփել: Նա փոխարինվեց 84-րդ րոպեին: «Կուբանի» կազմում Մարկոս Պիզելին խաղադաշտ մտավ 77-րդ րոպեին: Խաղից հետո Արաս Օզբիլիսը կիսվել է իր տպավորություններով. «Այսօր առաջին անգամ էի խաղում Յուրա Մովսիսյանի դեմ: Ես գեղեցիկ գոլ խփեցի, իսկ նրան չհաջողվեց աչքի ընկնել: Ինքներդ դատեք, թե այսօր մեզանից ով ավելի լավ խաղաց: Ինձ մոտ «Կուբանում» ամեն ինչ լավ է: Ինչ վերաբերում է թիմից հեռացած խաղացողներին, ապա սա ֆուտբոլ է»: Իսկ ահա Յուրա Մովսիսյանը հիացմունքով է խոսել Օզբիլիսի խփած գոլի մասին. «Չեմ կարծում, թե մենք թույլ խաղացինք: Մի քանի սխալ թույլ տվեցինքՙ բաց թողնելով 2 գոլ: Օզբիլիսը պարզապես ֆանտաստիկ գոլ խփեց: Մենք նույնպես 2 գոլ խփեցինք, բայց չկարողացանք հաղթել: 3 խաղում 5 միավորը լավ ցուցանիշ չէ եւ դա հուսահատեցնող է»: |