RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013



Տեղադրվել է` 2013-04-01 23:09:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1789, Տպվել է` 96, Ուղարկվել է էլ.փոստով` 107

«ԱՐՄՈԲԻԼՆ» ԱՆՀԻՄՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ ՀՆՉԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ

Ինչպես հայտնի է, հարյուրավոր ֆուտբոլասերներ տոմսերով չէին կարողացել ներկա գտնվել մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Չեխիա հանդիպմանը: Այդ առնչությամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեղադրել էր «Արմոբիլ» ընկերությանը, որի աշխատակիցներն են ստուգում տոմսերն ու հանդիսականներին ներս թողնում մարզադաշտ: Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ հսկիչները մարզադաշտ են թողել անտոմս ֆուտբոլասերների, որի հետեւանքով էլ տոմս ունեցողները չեն կարողացել մտնել մարզադաշտ:

«Արցախ» ակումբում կայացած մամուլի ասուլիսում «Արմոբիլի» տնօրեն Վահագն Կակոսյանն անհիմն համարեց այդ մեղադրանքները: Նա նախ նշեց, որ ոչ թե մի քանի հարյուր ֆուտբոլասերներ չեն կարողացել տոմսերով մուտք գործել մարզադաշտ, այլ ընդամենը մի քանի տասնյակ հանդիսականներ: Շատերի ձեռքին եղել են հսկիչ կտրոնը պատռած տոմսեր: Մեծ թիվ են կազմել անտոմս ֆուտբոլասերները, որոնք չգիտես թե ինչպես կարողացել են անցնել ոստիկանության ստեղծած հսկիչ անցակետից ու հայտնվել են մարզադաշտի մեծ դարպասների առջեւ, որոնք վերահսկում էին ոստիկանության աշխատակիցները: Հենց նրանց հրահանգով էլ փակվել են դարպասները, երբ պարզվել է, որ մարզադաշտն արդեն լեփլեցուն է:

Բացի այդ, «Արմոբիլի» աշխատակիցները առգրավել են կեղծ անցագրեր, որոնցով եւս փորձել են մտնել խաղադաշտ: Մեծ խնդիր է նաեւ երեխաների մուտքը մարզադաշտ: Ըստ օրենքի, մինչեւ 7 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Սակայն այդ դեպքում նրանք չպետք է առանձին նստատեղեր զբաղեցնեն, այլ գտնվեն ծնողի գրկում:

Վահագն Կակոսյանը նշեց, որ մարդկայնորեն ինքը հասկանում է այն ֆուտբոլասերների վիճակը, որոնք տոմս ունենալով չեն կարողացել ներկա գտնվել խաղին: Սակայն ստեղծված իրավիճակի պատասխանատուն «Արմոբիլը» չէ: Այս ընկերությունը պայմանագրով արդեն 6 տարի համագործակցում է ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Տնօրենը նշեց, որ շուտով ոստիկանության եւ ֆեդերացիայի հետ կքննարկեն տեղի ունեցածը եւ միջոցներ ձեռք կառնեն, որպեսզի հետագայում նման դեպքեր այլեւս չկրկնվեն: Իսկ ինչ վերաբերում է տոմսերի գումարի փոխհատուցմանը, ապա դա «Արմոբիլի» խնդիրը չէ: Տոմսերից ստացված գումարը ֆեդերացիայինն է, ուստի վերջինս էլ պետք է այդ հարցի առիթով որոշում կայացնի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #50, 02-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ