RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013



Տեղադրվել է` 2013-04-02 23:40:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1704, Տպվել է` 101, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ՔԵԼԲԱՋԱՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երեկ Բաքվի լրատվամիջոցների «թոփ»-նորությունը Քելբաջարի «օկուպացիայի» 20-րդ տարելիցն էր: Նախօրեին Իլհամ Ալիեւը կտրել էր հերթական «գետտո»-ի կարմիր ժապավենը եւ 600 «փախստական» ընտանիքի նոր բնակարաններ հատկացրել: Նա, իհարկե, չէր զլացել կրկին «համեմատել» Ադրբեջանի եւ Հայաստանի հնարավորությունները եւ «վստահեցնել, որ Ադրբեջանը կվերականգնի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը կվերաշինվեն»:

Այս առթիվ միջանկյալ մի դիտարկում. երեկ Բաքվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Պատահակա՞ն էր, որ միջնորդները հենց ապրիլի 2-ին` Քելբաջարի օրն էին ընտրել Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունների օր` կարելի է ամենատարբեր ենթադրություններ անել, բայց փաստը մնում է փաստ: Ինչպես եւ այն, որ այսպես կոչված «ԼՂ ադրբեջանական համանքի ղեկավար» Բայրամ Սաֆարովը նույն օրն էր հայտնվել ադրբեջանական մեդիա-տարածքում:

Նշվածը թերեւս բնութագրում է ոչ այնքան բանակցային գործընթացը, որքան` դրա շուրջ իրավիճակը: Այլ կերպ ասած` բուն բանակցությունների փոխարեն գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ համապատասխան համատեքստ ձեւավորելու ադրբեջանական կողմի ձգտումը: Գաղտնիք չէ, որ պաշտոնական Բաքուն նպատակադրված է վերջին «ծղոտիկից կառչելու» գնով անգամ ինչ-որ բանի հասնել: Եվ ամեն առիթ օգտագործում է, որ ԼՂ հիմնախնդրի միջազգային ընկալումներում հասնի «արմատական բեկման»:

Քելբաջարի 20-րդ տարեդարձը բացառություն լինել չէր կարող: Ադրբեջանական մասս-մեդիան, սակայն, դավաճանած կլիներ իրեն, եթե նույն դեպքի համար չներկայացներ միմյանցից սկզբունքորեն տարբերվող փաստական տեղեկություններ: Այսպես, ըստ contact.az-ի, Քելբաջարի ռազմագործողության ժամանակ ադրբեջանական կողմը կորցրել է «2000 քառակուսի կիլոմետր տարածք, փախստական է դարձել 60 000 բնակիչ»: Նույնի մասին aze.az-ը բերել է բոլորովին այլ տվյալներ: Ըստ այդմ, «մշտական բնակության վայրերից արտաքսվել է 53 430 մարդ, իսկ շրջանի տարածքը կազմել է 1,936 հազ. քառակուսի կլիոմետր»: Տարբերությունը, ինչպես տեսնում ենք, ակնհայտ է:

Բայց հակասական են նաեւ զոհերի եւ անհայտ կորածների մասին տեղեկությունները: Haqqin.az-ի փոխանցմամբ, ռազմագործողության ընթացքում «զոհվել է 200, վիրավորվել 300 եւ անհայտ կորել ադրբեջանցի 35 զինծառայող»: Day.az-ը, մինչդեռ, պնդում է, որ ադրբեջանական բանակը Քելբաջարում եւ Լաչինի շրջանի հյուսիսային հատվածում «տվել է 55 զոհ»: Ո՞րն է իրականությանը մոտ` դժվար է ասել:

Ավելի արմատական է քաղաքացիական անձանց շրջանում «զոհերի, գերվածների եւ անհայտ կորածների» մասին տեղեկությունների տարբերությունը: Haqqin.az-ը բերում է «200 զոհվածների եւ 300 գերվածների» մասին վկայություն: Day.az-ը, սակայն, գրում է, որ ռազմագործողության ժամանակ «սպանվել է 511 խաղաղ բնակիչ, իսկ 321-ը` գերի ընկել կամ անհայտ կորել»:

Այս թվաբանությունը մենք ստիպված ենք անում: Մարդկային ողբերգությունը, հարկավ, դուրս է թվային հաշվարկումներից: Բայց ճիշտ է նաեւ, որ չի կարելի ողբերգությունը դարձնել քաղաքական նպատակադրվածության «հիմնավորում»: Նաեւ` պարզապես անընդունելի եւ անհասկանալի է, երբ մի պետության տարբեր լրատվամիջոցները հակասական տեղեկություններ են փոխանցում միեւնույն շրջանի եւ նույն ռազմագործողության մասին:

Այս եւ հարանման հարցերում չափազանցել, մանավանդ` իրավիճակը խեղաթյուրել չի կարելի: Այլապես տպավորություն է ստեղծվում, թե ամեն ինչ արվում է հակամարտության վերաբերյալ պատկերացումները նենգափոխելու նպատակով: Իսկ նման մոտեցումն անդառնալիորեն հեռացնում է խնդրի կարգավորման բանակցային հեռանկարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ