RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-04-02 23:40:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1318, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ՕՋԱԼԱՆԻ ՆՈՎՐՈՒԶՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹՈՒՐՔ-ՔՐԴԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՈՒՄ Է ԵՆԹԱԴՐՈՒՄ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ովքե՞ր են վճարելու այդ հաշտեցման գինը

Մարտի 21-ին Իմրալի կղզում կալանված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հանդես էր եկել ուղերձով, որն ընթերցվեց քրդական շրջանակներում Հյուսիսային Քուրդիստանի մայրաքաղաք համարվող Դիարբեքիրում: Ուղերձում նա զենքը վայր դնելու եւ Թորքիայի սահմաններից հեռանալու կոչ էր արել PKK-ի մարտիկներին:

Օջալանի կոչը լայն արձագանք էր գտել ինչպես Թորքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Արեւմուտքում դա դիտարկվեց որպես թուրք-քուրդ հաշտեցմանն ուղղված ընդառաջ քայլ: Վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունները դա համարեցին արյունահեղության դադարեցման նախապայմանը: Ուղերձին դրական վերաբերմունք ցուցաբերեց քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը, Ազգային շարժում կուսակցությունը կարծիք հայտնեց, թե ուղերձը վարչապետ Էրդողանի մութ գործարքն է «ահաբեկիչների պարագլխի» հետՙ Թուրքիայի մասնատման նպատակով, իսկ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը նախընտրեց լռել:

PKK-ի առաջնորդի ուղերձը վարչապետ Էրդողանի կառավարության հետ ամիսներ տեւող բանակցությունների արդյունքն է: Մինչ այդ Օջալանի հետ բանակցելու համար էրդողանին եւ նրա կառավարությանը դավաճանության մեջ մեղադրող Ազգայնական շարժում կուսակցությունը հետզհետե փոխում է իր վերաբերմունքը: ինչ վերաբերում է Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, ապա այս կուսակցությունը ոչ միայն շարունակում է լռությունը, այլեւ իր պատգամավորներին կարգադրում, որ բանակցությունների առնչությամբ որեւէ հայտարարություն չանեն:

Վարչապետ Էրդողանին տեղի-անտեղի քննադատելու ոչ մի առիթ բաց չթողնող Ժողովրդա-հանրապետական կուսակցության այս տարօրինակ մոտեցումը հարց է առաջացնում. կուսակցության ղեկավարությունը գուցե գիտի՞ PKK-թուրքական իշխանություն բանակցությունների բուն նախաձեռնողին, որ հակազդեցությանը չբախվելու նկատառումով զգուշավորություն է դրսեւորում:

Նախաձեռնողի պարագայում խոսքը ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի մասին է, որն ազդեցիկ դեր ունի Թուրքիայի քաղաքական կյանքում: Այսինքնՙ միանգամայն հնարավոր է, որ Օջալանի ուղերձի հետ նաեւ բանակցությունները ողջունող Արեւմուտքը երկու դեպքում էլ հետնաբեմից նախաձեռնած լինի այս ամենը:

Հատկանշական է, որ ուղերձին ու բանակցություններին Արեւմուտքին համահունչ մոտեցում է ցուցաբերել նաեւ Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի ղեկավարությունը, առանց խորանալու ուղերձի բովանդակության մեջ:

Հայտնի թուրք սոցիոլոգ Իսմայիլ Բեշիքչին, որը Թուրքիայում քրդերի, որպես էթնիկ ինքնություն գոյությունն ապացուցելու համար, մղած պայքարի հետեւանքով ավելի քան 17 տարի բանտարկվել է, «Ջումհյուրիեթ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Օջալանը ուղերձում թուրքական իշխանություններին համահունչ տեսակետներ է արտահայտել, կառչել է ժխտողական, ուծացման, ռասիստական եւ գաղութատիրական կարգախոսներից:

Նա ընդգծել է. «Օջալանի տեսակետները սփոփում են թուրքական պետությանը, սակայն իրավունք եւ ազատություն չեն տալիս քրդերին: Իսլամական եղբայրությունը քրդերին քնեցնելու եւ խաբելու միջոց է: Արյունահեղության գլխավոր պատճառը երկրում քրդերի, քրդական հասարակության իրավունքների ոտնահարումն է, առգրավումը: Քրդերն առնվազն պետք է հետամուտ լինեն համադաշնության գաղափարին: Զարմանալի է, որ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը, Եվրոպայում ապաստանած քուրդ գործիչները, Հյուսիսային Իրաքում տեղակայված PKK-ի հրամանատարները եւ Օջալանը չեն պաշտպանում այդ գաղափարը»:

Բեշիքչիին թուրքական T 24 հեռուստաալիքին տված հարցազրույցով լրացնում է Թաներ Աքչամը: Նա Էրդողանի կառավարության եւ PKK-ի զինադադարին մոտենում է Մեծ Մերձավոր Արեւելքի տեսանկյունից, համարում է դրա բաղադրամասը, նշելով, որ Իսրայելի ներողությունը ամբողջացնում է այդ մեծ պատկերը:

Այնուհետեւ Աքչամը շարունակում է. «Այսօրվա Մերձավոր Արեւելքը ձեւավորվել է Անգլիայի եւ Ֆրանսիայի միջեւ 1916-ին ստորագրված Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրի հիման վրա: Բոլշեւիկների հետ քեմալականների դաշինքի պատճառով համաձայնագիրը չիրագործվեց Թուրքիայի տարածքում, սակայն Լիբանանը, Իսրայելը, Սիրիան, Հորդանանն ու Իրաքը ի հայտ եկան այդ համաձայնագրի հետեւանքով: Մարտի 21-ին Դիարբեքիրում պաշտոնապես հայտարարված թուրք-քուրդ հաշտեցման պայմանագիրը ոչ այլ ինչ է, քան Սայքս-Պիկոյի հաստատած աշխարհակարգի պաշտոնական լուծարումը: Մերձավոր Արեւելքում ձեւավորվում է նոր աշխարհակարգ: Դրա հենասյուներն են լինելու թուրքերը, քրդերը եւ սուննի արաբները: Նոր աշխարհակարգում առայժմ սահմաններին ձեռք չեն տալիս, սակայն դրանք դարձնում են անմիաստ: էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունները գիտակցում են նոր աշխարհակարգի կառուցման անխուսափելիությունը, այդ իսկ պատճառով էլ ջանում են տարածաշրջանում կյանքի կոչել այն գիծը, որը կվերացնի բռնատիրական վարչակարգերը, միաժամանակ անիմաստ կդարձնի ժամանակին արհեստականորեն ձեւավորված ազգային պետությունների սահմանները: Թերեւս այդ զարգացումներով է պայմանավորված Իսրայելի ներողությունը: Սակայն Օջալանի նովրուզյան ուղերձում արտահայտած «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունների տուրք տվող «Իսլամական միության» գաղափարն ու Առաջին աշխարհամարտի տարիներին դրսեւորված թուրք-քուրդ գործակցության մեծարումը հոռետեսության տեղիք է տալիս, որովհետեւ այդ գործակցությունը հանգեցրել է երկրում քրիստոնյաների բնաջնջմանն ու տեղահանությանը:

Այլ կերպ, թուրք-քուրդ հաշտեցումը պատմության հետ առերեսվելու նպատակ չի հետապնդում: 2015-ի նախաշեմին, երբ թուրքական կառավարությունը փորձում է Դարդանելի պատերազմը որպես այլընտրանք հակադրել Հայոց ցեղասպանությանը, Օջալանը հայկական, հունական եւ հրեական լոբբիիների մասին օգտագործում է այն արտահայտությունները, ինչ թուրքական պետության ղեկավարությունը: Էթնիկ եւ կրոնական խմբավորումների փոխհամաձայնությունն ու հաշտեցումը որպես կանոն գին է ունենում եւ հաճախ այդ գինը վճարում են ուրիշ ժողովուրդները»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ