ԼՍՈՒՄՆԵՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ Երեկ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում անցկացվեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ու վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ լսումներ: Ըստ ԱԺ լրատվության` Աժ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լսումների ժամանակ նշել է, թե սա հերթական քայլն է երկրի Սահմանադրության մեջ ամրագրված «սոցիալական պետության» կայացման ճանապարհին: Հանձնաժողովի նախագահի խոսքովՙ լսումների նպատակն է վերականգնել հաշմանդամների իրավունքները, լուծել նրանց մտահոգող խնդիրներըՙ կապված հիվանդությունների, աշխատանքի, տեղաշարժման մատչելիության, ինչպես նաեւ արձանագրել օրենքում առկա թերությունները, ընդունել սկզբունքներ, որոնք կենսական են եւ կիրառելի: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը շնորհակալություն հայտնեց լսումների կազմակերպման եւ շահագրգիռ քննարկումների համար: Արտեմ Ասատրյանի բնորոշմամբՙ այս նախաձեռնությունն ազդարարում է ոլորտում համալիր փոփոխությունների սկիզբը, քանի որ նպատակը ոչ միայն հաշմանդամների սոցիալական պաշտպանությունն է, այլ, առաջին հերթին, նրանց ինտեգրումը հասարակությանը, սոցիալական ներառման ապահովումը: «Հաշմանդամություն ունեցող անձինք մեզնից մեկն են եւ ունեն նույն իրավունքները: Նրանք պետք է օգտվեն այն իրավունքներից, որոնք հասու են մեր քաղաքացիներին», նշեց նախարարը: Նա կարեւորեց օրենքի նախագծի քննարկումը, քանի որ դրվելու են այն հիմքերը, որոնք թույլ կտան սկզբունքորեն նոր մոտեցումներ ամրագրել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում: Ըստ նախարարիՙ օրենքի նախագծում ամենակարեւոր փոփոխությունը քվոտավորման սկզբունքի ամրագրումն է, որն աշխարհում ընդունված մոդել է եւ որը ոչ միայն պետության խնդիրն է, այլ նաեւ գործատուի: Հյուրերին ողջունեց նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիեթ Ահրենսը : Նա նշեց, որ հաշմանդամների սոցիալական ինտեգրումը կարեւոր քաղաքականություն է, եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն ուրախ է աջակցել կառավարությանը, եւ հուսով է, որ երեխաները նույնպես կօգտվեն այդ նոր մոդելի փոփոխություններից: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ջեմա Բաղդասարյանը ՙ անդրադառնալով նաեւ ոլորտում իրականացվող քաղաքականությանը: Ներկա դրությամբ ՀՀ-ում հաշվառված է 186.384 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 8000-ը երեխաներ են: Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են բնակչության 6 տոկոսը, որը համեմատած այլ երկրներիՙ բարձր ցուցանիշ չէ: Աշխատունակ հաշմանդամներից այսօր աշխատում է միայն 9 տոկոսը, հաշմանդամների 19 տոկոսը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, որից 15 տոկոսը նպաստառու են: Լսումներին ներկա հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունեցան հարցեր ուղղել եւ իրենց առաջարկները ներկայացնել պատկան մարմինների ներկայացուցիչներին: Հարցերն ու առաջարկները հիմնականում վերաբերում էին հաշմանդամների համար տրանսպորտի մատչելիությանը, բարձրահարկ շենքերում թեքահարթակների կառուցմանն ու ելումուտի հարմարությանը, վերելակներից օգտվելու մատչելիությանը, աշխատատեղերի ստեղծմանը, բժշկական ծառայությունների մատչելիությանը: |