RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#049, 2013-03-30 > #050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-04-02 23:40:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2187, Տպվել է` 101, Ուղարկվել է էլ.փոստով` 90

ՍԱՏԱՆԱՆ ԱՅԴՔԱՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՉԷ, ՈՐՔԱՆ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդ, լինի Երեւանում թե ամենահեռավոր գյուղում, մեկ գլխավոր ցանկություն ունի` լավ ապրել: Իհարկե, քաղաքաբնակը, առավելաբար` երեւանցին, կարող է այլ բաներ եւս հասկանալ «լավ ապրելու» մեջ, օրինակ` հնարավորություն ստանալ լավ մեքենա ունենալու, քաղաքում տեսնել ավելի շատ կանաչապատ տարածքներ, քաղաքի կենտրոնում ավելի քիչ փոշոտվել ու ցեխոտվել անվերջանալի շինհրապարակներից եւ այլն: Գյուղացին «լավ ապրել» ցանկանալով ամենեւին նկատի չունի կանաչ տարածությունների ընդլայնումը, այլ այդ տարածություններում իր արդյունավետ գործունեության ըստ արժանվույն գնահատումը, օրինակ: Սակայն, ըստ էության, Հայաստանում կա մեկ ցանկություն` «լավ ապրել»:

Տրամաբանական է, որ եթե մի երկրում մարդիկ ցանկանում են լավ ապրել, ուրեմն այդ երկրում որոշակիորեն սահմանափակված են մարդու լավ ապրելու հնարավորությունները: Այդ սահմանափակումները կարող են լինել ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ: Օրինակՙ երկիրը կարող է գտնվել կիսապատերազմական վիճակում, բազմակողմանի շրջափակման մեջ, ինչն իհարկե օբյեկտիվ պատճառ է` տվյալ երկրի վատ ապրելու, միեւնույն ժամանակ երկրի իշխանությունները կարող են անփոփոխ վատը լինել, որն էլ երկրի վատ ապրելու սուբյեկտիվ պատճառն է: Իհարկե կան երկրներ, որոնք ե՛ւ շրջափակված են, ե՛ւ որոնց իշխանություններն են անփոփոխ վատը, ու հենց այս երկրներում էլ տեղի են ունենում հեղափոխություններ, եթե ոչ, ապա գոնե ինչ-որ սոցիալական-հասարակական-քաղաքացիական պայթյուն... Ուրեմն կամ մեր երկիրը ամենեւին էլ կիսապատերազմական իրավիճակի, բազմակողմանի շրջափակման մեջ չէ, կամ մեր իշխանություններն ուղղակի անփոփոխ վատը չեն:

Օրինակՙ 11 տարի առաջՙ ապրիլի 2-ին եթերազրկվեց «Ա1 պլյուս» հեռուստաընկերությունը: Ըստ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի` «Ցավոք սրտի, տխրահռչակ Ռոբերտ Քոչարյանն առաջինն էր, որը հասկացավ, թե ինչ է մամուլը եւ ինչ կարող է լինել, եթե նրան ազատ թողնես»: Փաստորեն, օրինակ, Իսլանդիայում կամ առհասարակ մամուլ չկա, կամ այնտեղ դեռ ոչ մի իշխանություն պարզապես չի հասկացել, թե ինչ է մամուլը, բարեբախտաբար չի հասկացել... Այդուհանդերձ, Մովսիսյանը նշել է. «Անցել է 11 տարի, եւ «Ա1 պլյուսը» ինչպես կար, այնպես էլ մնացել է` ժողովրդի կողքին, պաշտպանելով ժողովրդին գիշատիչներից...»: Հետեւաբար, կամ մեր երկրում ամենեւին էլ գիշատիչներ չկան, քանի որ եթե լինեին, հազիվ թե, օրինակ, «Ա1 պլյուսը» այս տարիների ընթացքում մնար այն, ինչը եղել է, կամ էլ մեր երկրում` ի դեմս «Ա1 պլյուս»-ի, կա ԶԼՄ, որը ամենեւին էլ չի երկնչում զանազան գիշատիչների առջեւ, ու չնայած ռեժիմի շարունակականությանը, շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին եղել է: Իսկ եթե մեր երկրում գիշատիչներ չկան, շատ լավ է, իսկ եթե այնուամենայնիվ կան, պարզապես դրանք ազատ մամուլի տեսակը փոխելու առումով անկարող են, հետեւաբար` թույլ, ուրեմն` էլի լավ է...

Անհասկանալի է միայն «ազատ մամուլ» ասվածը: Որպես կանոն ազատ մամուլ չի լինում, քանի որ չի լինում անկախ մամուլ: Նույն «Ա1 պլյուս» հեռուստաընկերության տնօրենն, ինչպես գիտենք, «Բարեւ, Երեւան» ցուցակի երրորդ համարն է, ինչը, Մեսրոպ Մովսիսյանի իսկ խոսքերով` «ինձ համար շատ մեծ սյուրպրիզ էր»: Իհարկե, հասկանալով հանդերձ, որ ըստ էության անկեղծ չենք, կարող ենք նշել, որ «Բարեւ, Երեւանը» ամենեւին էլ առանձին կուսակցություն «Ժառանգության» ցուցակը չէ, քանի որ «Բարեւ, Երեւանում» միայն «ժառանգականներ» չէ, որ ներկայացված են, սակայն, հասկանում ենք, ցուցակը գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը, որը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահն է, իսկ քանի որ «Ժառանգություն» անվանմամբ գալիք ավագանու ընտրությունները մասնակից չունեն, ուրեմն «Բարեւ, Երեւանը» հենց «Ժառանգության» ցուցակն է: ԶԼՄ-ի տնօրենի ներկայությունն այս ցուցակում կարող է նշանակել երկու բան` կամ տնօրենը քաղաքականացնում է իր գլխավորած ԶԼՄ-ն` այդպիսով նաեւ կախվածության մեջ գցելով ցուցակից, կամ ԶԼՄ-ի տնօրենը սահմանազատում է իր անձը իր գլխավորած ԶԼՄ-ից եւ ցուցակում է բացառապես անձնական շարժառիթներից ելնելով: Մեսրոպ Մովսիսյանի խոսքերովՙ ինքը «Բարեւ, Երեւան»-ում է հենց այս վերջին տեսակետով, ինչը կնշանակի, որ Մովսիսյանը որեւէ կախվածություն չի ստեղծելու «Ա1 պլյուս»-ի համար, սա էլ իր հերթին նշանակում է, որ հեռուստաընկերությունը ինչպես եղել է ազատ, այնպես էլ մնալու է ազատ... Մինչդեռ ռեժիմային երկրներում, որտեղ ժամ առաջ պետք է ազատվել ռեժիմից, որտեղ ռեժիմն այնքան զորեղ ու բիրտ է, որ մարդիկ թողնում հեռանում են, ազատ ԶԼՄ-ներ չեն լինում: Ուրեմն կամ «Ա1 պլյուսը» ազատ չէ ու երբեք էլ ազատ չի եղել, կամ մեր երկրում գիշատիչներն անզոր են` ազատ մամուլի դիմաց ու միշտ էլ ավելի անզոր են եղել:

Այդուհանդերձ, մեր երկրում բոլորս ցանկանում ենք «լավ ապրել», ինչը նշանակում է, որ իշխանություններն` իրենց, ընդդիմությունն` իր, ԶԼՄ-ները` իրենց եւ հասարակությունն իր տեղերում անելիք ունենՙ առանց խառնելու տեղերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #51, 03-04-2013

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ