ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ. «ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒՄ» Ռուսաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական խաղում Եկատերինբուրգի «Ուրալը» 2-0 հաշվով հաղթելով «Տոմին», 55 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Թիմի հաղթանակն ապահովեցին Էդգար Մանուչարյանի խփած 2 գոլերը: Արդեն 7-րդ րոպեին Էդգարը գլխի հարվածով բացեց հաշիվը, իսկ առաջին խաղակեսի ավարտին 2-րդ գոլը խփեց: Ընթացիկ առաջնությունում Մանուչարյանն «Ուրալի» կազմում ընդամենը 7 խաղ է անցկացրել, որոնցում 2 գոլ է խփել: Նա վնասվածքի պատճառով ստիպված էր երկար ժամանակ խաղադաշտ դուրս չգալ: «Ուրալը» գործնականում լուծել է ՌԴ պրեմիեր լիգայի ուղեգրի նվաճման հարցը: «Տոմի» հետ հանդիպումից հետո Էդգար Մանուչարյանը ճեպազրույց է ունեցել Sportbox.ru-ի թղթակցի հետ, ինչը կհետաքրքրի նաեւ «Ազգի» ընթերցողներին: - Չէի ասի, թե զգացմունքներս գագաթնակետին են, ավելի շուտ մի քիչ հոգնածություն կա եւ պարտքը կատարած մարդու զգացողություն ունեմ: Մեզ համար յուրաքանչյուր խաղ եզրափակիչի նման է, իսկ ամենակարեւոր հանդիպումը հաջորդ տուրում է: Ցանկանում ենք հաղթել մնացած բոլոր հանդիպումներում եւ մրցաշարում գրավել առաջին տեղը: - Եթե գաղտնիք չէ, առաջին խմբի մրցաշարում հաղթելու համար ֆուտբոլիստներին հավելյալ պարգեւավճարներ նախատեսվա՞ծ են: - Կարելի՞ է այդ հարցին չպատասխանել: - Արագ գոլ խփելովՙ «Ուրալը» մտավ իր տարերքի մեջ, այդպես չէ՞: - Իհարկե, առաջին գոլը մեզ թույլ տվեց խաղալ հաշվի վրա: Սակայն վճռորոշը եղավ ընդմիջման գնալուց առաջ խփած 2-րդ գնդակը: Այն հոգեբանորեն ազդեց մրցակցի վրա, իսկ մենք կարող էինք արդեն խաղալ հակագրոհներով: Ի դեպ, դա մեզ հաջողվեց, կարող էինք հաղթել նույնիսկ խոշոր հաշվով: Թեեւ «Տոմն» էլ գոլային պահեր ստեղծեց: Պետք է արժանին մատուցել մեր դարպասապահ Իգոր Կոտին: - Հավանաբար խաղից հետո հայտնվեցիր լրագրողների շրջապատման մեջ: - Հետաքրքրություն կար, սակայն մարզադաշտը լքեցի ոչ ոքի հետ չշփվելով: Կրկնում են, որ շատ էի հոգնած: Հուսով եմ, որ լրագրողներն ինձնից չեն նեղանա: Ես նրանց դա բացատրեցի: Օգտվելով առիթից, ցանկանում եմ հատուկ նշել մեր ֆուտբոլասերների աջակցությունը: Մենք հենց նրանց համար ենք խաղում: |