RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



Տարածաշրջան

Տեղադրվել է` 2013-04-03 23:26:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 2320, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 83

ԷՐԴՈՂԱՆ ԵՎ ՕՋԱԼԱՆ. ԱՆՍՈՎՈՐ ԶՈՒԳԸՆԿԵՐՆԵՐ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Տարածաշրջանում Թուրքիայի դիրքի, ազդեցության բարձրացումը հակադարձ համեմատական է Հայաստանի շահերին: Իսկ Թուրքիան վերջերս երկու նվաճում ձեռք բերեց, որոնք նպաստելու են նրա հեղինակության բարձրացմանը: Մեկըՙ ներքին, մյուսըՙ արտաքին, միջազգային հարաբերություններում:

Կառավարության եւ քուրդ ազատագրական ուժերի միջեւ ծավալված երեք տասնամյակների արյունալի հակամարտությունը, որ խլեց 40 հազար կյանք, հիմնականում քրդերի, վերջապես դադարեց քուրդ բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միակողմանի հրադադարի հայտարարությամբ:

Նրան որպես «դավադրի» են ճանաչում, իսկ նրա ղեկավարած կազմակերպությունըՙ Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK-ն), պիտակավորված է «ահաբեկչական» բնորոշմամբ եւ արգելված է Թուրքիայում: Այդ կազմակերպության հետ առնչվողը համարվում է ահաբեկիչ:

PKK-ն իրականում ազգային ազատագրական կազմակերպություն է, որ նպատակ է հետապնդում պաշտպանել Թուրքիայի 22-25 միլիոն քրդերի մարդկային եւ էթնիկական իրավունքները, որոնք ոտնահարվել են Առաջին համաշխարհային պատերազմից սկսած Թուրքիայի իրարհաջորդ կառավարությունների կողմից: 1920 թվականի Սեւրի պայմանագիրը ազատություն եւ ինքնավարություն էր խոստացել քրդերին, որը երբեք էլ չիրականացավ: Չիրականացան նաեւ հայերին տրված խոստումները:

Ճակատագրի հեգնանքով Օջալանն իր կազմակերպությունը «Մարքսիստական շարժում» անվանումով էր «օծել» (գուցե հաճոյանալու համար իր այդ ժամանակվա խորհրդային պաշտպաններին), ինչը լավ հիմք տվեց թուրքական կառավարությանըՙ ահաբեկչական համարելու այն եւ Եվրոմիությանն ու Մ. Նահանգերին համոզելու, որ դասեն մյուս ահաբեկչական կազմակերպությունների շարքում:

Հակառակ, որ բաժանված է զանազան ֆրակցիաների, որոնք երբեմն տարբեր եւ նույնիսկ հակասական նպատակներ եւ գաղափարախոսություններ են հետապնդում, կազմակերպության առաջնորդները միշտ փորձել են օգուտ քաղել տարածաշրջանի հարափոփոխ քաղաքական դաշնություններից: Եվ կարծես բազում զոհողությունների գնով առաջ տարվող պայքարն իր պտուղները տալիս է. Հյուսիսային Իրաքում ստեղծվել է Քրդական մարզ, Հյուսիսային Սիրիայումՙ զինված ինքնավար շրջան, իսկ Թուրքիայում ճնշումների ազդեցության տակ զարմանալի զարգացումներ են կատարվում, որոնք վերափոխում են հասարակությունը:

Պատմության ուղղությունները ճիշտ եւ ժամանակին գնահատող Թուրքիայի վարչապետ Էրդողանը աննախընթաց մի նախաձեռնությամբ հանդես եկավ բանակցելով Օջալանի հետ, որն արդեն 17 տարի բանտարկված է Իմրալի կղզում: Բանակցությունների արդյունքում Օջալանը հանդես եկավ մի ուղերձով, որը Նովրուզի (Ամանորի) օրը Դիարբեքիրում (Թուրքիայում քրդերի ոչ պաշտոնական մայրաքաղաքում) ընթերցվեց ոգեւորված ամբոխի առաջ: Ժամանակը կորոշի, թե նման զարգացումը ժամանակավոր դադա՞ր է կամ խորամանկությո՞ւն Էրդողան-Դավութօղլու թիմի համար, որպեսզի իրականացնեն իրենց անմիջական նպատակները, թե՞ էական փոփոխություն քրդական հարցը լուծելու Թուրքիայի քաղաքականության մեջ:

Էրդողանի առաջնահերթ խնդիրն է վերացնել Թուրքիայիՙ Եվրոմիությանը անդամակցելու գլխավոր խոչընդոտներից մեկը: Քուրդ փոքրամասնության հանդեպ ցարդ ցուցաբերված դաժան վերաբերմունքը սեւացրել է իր կառավարության հեղինակությունը: Նրա մյուս նպատակն է սիրաշահել խորհրդարանի քուրդ պատգամավորներին եւ դրանով ապահովել նրանց աջակցությունը սահմանադրության փոփոխության հարցում, որի հետեւանքում ճանապարհ կհարթի հետագայում նախագահ ընտրվելու: Երրորդ, բայց նույնքան կարեւոր նպատակն է թուլացնել, մեղմել Իրաքում, նաեւ քրդերով բնակեցված այլ շրջաններում քրդական ձգտումների խրախուսումը Իսրայելի կողմից:

Այս նպատակները իրագործելուց հետո Էրդողանը կարող է քայքայիչ հարված հասցնել քրդերի ձգտումներին արդեն իշխանություն ունեցողի դիրքերից կամ համաձայնության գալՙ հաշվի առնելով ժամանակի քաղաքական գործոնները:

Դեռ հայտնի չէ, թե ինչ զիջումներ են թուրքերը խոստացել քրդերին, բայց հստակ է, որ այդ խոստումները զայրացրել են թուրք աջակողմյաններին, որոնց գլխավոր ներկայացուցիչն է Նեւլեթ Բահչելիի «Գորշ գայլեր» կազմակերպությունը (միլի հարաքեթ), որը Էրդողանին մեղադրել է Թուրքիայի ապագան վտանգելու համար: Իր հայտարարության մեջ այդ կազմակերպությունը նշում է, որ այն, ինչ քրդական ապստամբությունը չկարողացավ ձեռք բերել 30 տարիների ընթացքում, այժմ նրանց է հրամցվում արծաթե սկուտեղի վրաՙ նկատի ունենալով Թուրքիայի մասնատումը:

Մյուս ձեռքբերումը, որից շահելու է Թուրքիան, իրականում պետք է վերագրել նախագահ Օբամային: Իսրայելից Հորդանան մեկնելուց րոպեներ առաջ, նա, միջնորդի դեր կատարելով վարչապետներ Էրդողանի եւ Նաթանյահուի միջեւ, հորդորեց վերջինիս, որ ներողություն խնդրի թուրքական «Մավի Մարմարա» նավատորմի վրա հարձակվելու համար, որի ընթացքում սպանվեց ինը թուրք: Իսրայելը նաեւ կփոխհատուցի այդ միջադեպի ընթացքում զոհված երկու թուրք քաղաքացիների ընտանիքներին:

Թել Ավիվի հետ հարաբերությունները վերականգնելու Թուրքիայի երրորդ պայմանը Գազայում տիրող խղճուկ իրավիճակի բարելավումն էր: Իսրայելը անորոշ խոստումներ էր տվել, որ կթույլատրի որոշակի տեսակի մթերքի եւ դեղամիջոցների առաքումը Գազա, բայց դա ավելի շատ ՄԱԿ-ին եւ վրդովված միջազգային հանրությանը հանգստացնելու համար էր, քան Էրդողանին:

Չնայած Թել Ավիվն ու Անկարան կուլիսների հետեւում արդեն երկու տարի աշխատում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, վերոնշյալ ձեռքբերումը պարծանքի առարկա դարձավ Օբամայի համար, քանի որ նա ձեռնունայն էր այցելում այդ տարածաշրջանը: Դա դրամատիկական մթնոլորտ հաղորդեց նրա շրջագայությանը, որի գլխավոր նպատակն էր չեզոքացնել Իսրայելի վերապահումներն իր քաղաքականության հանդեպ եւ շնորհակալություն հայտնել անձամբ վարչապետ Նաթանյահուինՙ չխոչընդոտելու Ամերիկայի նախագահական ընտրությունները, որոնք կարող էին արգելք հանդիսանալ իր վերընտրությանը:

Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացում Օբամայի շրջագայությունը վերջին կաթիլն էր, որ լցրեց համբերության բաժակը: Մինչեւ այդ շրջագայությունը Մ. Նահանգների պաշտոնական քաղաքականությունը եւ անձամբ նախագահի դիրքորոշումն այն էր, որ իսրայելցիների բնակեցումը Արեւմտյան ափում եւ Արեւելյան Երուսաղեմում խոչընդոտում է խաղաղության գործընթացին: Շրջագայության ընթացքում նա ոչ միայն չհրաժարվեց այդ դիրքորոշումից, այլեւ խորհուրդ տվեց պաղեստինյան իշխանության նախագահ Մահմուդ Աբբասինՙ շարունակել բանակցությունները ի հեճուկս Իսրայելի էքսպանսիական քաղաքականության:

Իսրայելից Օբամայի մեկնումից հետո Նաթանյահուի խոսնակը կտրուկ հայտարարեց, որ Օբամայի այցելությունը չէր փոխել Իսրայելի դիրքորշոումը: Իրականում Իսրայելի անհարգալից վերաբերմունքն ուղղված էր ոչ միայն Օբամային, այլեւ Էրդողանին, բայց այդ հանգերգը վաղուց բորբոքել էր պաղեստինցիների եւ արաբների երեւակայությունը, եւ նրանք Էրդողանին արդեն հռչակել էին պաղեստինյան դատի հերոս:

Դեռ երեկ Թուրքիայում բանտարկված ահաբեկիչը մեկ օրից մյուսը դարձավ զրուցակիցը երկրի վարչապետի, որը նրա հետ բանակցեց ներքին անվտանգության մարմիններիՙ ՄԻԹ-ի միջոցով:

Հետաքրքրականն այն է, որ հրադադարի իր կոչում Օջալանըՙ այդ երդվյալ մարքսիստ-աթեիստը, ապավինել էր մահմեդական կրոնին որպես երկու ժողովուրդներինՙ քրդերին ու թուրքերին իրար կապող օղակի: Նա նաեւ իր ելույթում հիշատակել էր Էրդողանի հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենին, որն ամբողջ Մ. Նահանգներում չարտերային դպրոցներ է ղեկավարում:

Օջալանի հայտարարությունը չի հորդորում հրաժեշտ տալ զենքին: Դա պարզապես հրադադար է ազդարարումՙ խնդրելով PKK-ի մարտիկներին հեռանալ թուրքական հողից եւ սպասել կառավարության համապատասխան քայլերին: PKK-ի առաջնորդները դրականորեն են պատասխանել նրա կոչին, այդպիսով մի անգամ եւս ամրապնդելով նրա դիրքը որպես իրենց առաջնորդի:

Էրդողանի ծրագրերից ոչ ոք գլուխ չի հանում: Շրջանառվող խոսակցություններից մեկն այն է, որ Օջալանի ցմահ բանտարկությունը կարող է փոխարինվել տնային կալանքով, մյուսըՙ որ զգույշ քայլեր կձեռնարկեն ապառազմականացնելու քրդական շրջանները, երրորդըՙ որ քրդական դպրոցներ եւ հրատարակություններ կբացվեն առանց ինքնավար կառավարության հաստատման:

Ի՞նչ կարող են այս զարգացումները նշանակել Հայաստանի եւ հայերի համար: Նախ տեսնենքՙ քրդերը, որոնք կարծես զղջում են հայերի ցեղասպանության մեջ իրենց նախնիների ունեցած կեղտոտ դերի համար, տարածքային որեւէ փոխհատուցում կատարելո՞ւ են Հայաստանին. վերջերս Թուրքիայի խորհրդարանի քուրդ անդամ Ահմեդ Թյուրքը ներողութուն էր խնդրել քրդերի մասնակցության համար այդ ցեղասպանությանը: Կասկածելի է, որ անկախություն ձեռք բերելու դեպքում նրանք մի թիզ անգամ կցանկանան զիջել իրենց տարածքից, որը նաեւ պատմական Հայաստանի տարածքն է, քանի որ հայերն առանձնապես նշանակալի դեր չեն խաղացել իրենց ազատագրական պայքարում: Գուցե կարելի կլինի որոշ փոխհամաձայնության գալ անցած հարյուրամյակի ընթացքում Թուրքիայի կառավարության կողմից միտումնավոր քանդված, մզկիթի կամ ախոռի վերածված հայկական ճարտարապետական հուշարձանների փրկման, պահպանման եւ վերակառուցման հարցերում:

Այս բոլոր զարգացումների դեպքում էլ Էրդողանի կառավարությունը հաղթական է դուրս գալու եւ Եվրոմիության անդամակցության հեռանկարները առավել նպաստավոր են լինելու:

Իսրայելի հետ հարաբերությունները վերականգնելուց հետո Թուրքիան Մերձավոր Արեւելքում դառնալու է Մ. Նահանգների գերիշխանության երկու հզոր սյուներից մեկը:

Սպառազինությունների մրցավազքով Թուրքիան կարողացավ խեղել Հունաստանի տնտեսությունը, իսկ հիմա Կիպրոսն է, Թուրքիայի մի այլ զոհը, կքում այդ բեռի տակ:

Այնպես որ, իր բարգավաճող տնտեսությամբ Թուրքիան պահանջելու է իրեն վերապահել տարածաշրջանում գերպետության դերըՙ մարտի կանչելով բոլոր նրանց, ովքեր իր կառավարությունից պահանջում են ճանաչել հայերի ցեղասպանությունը կամ վերացնել Հայաստանի շրջափակումը:

Մյուս կողմիցՙ Թուրքիայի այս կարգավիճակը է՛լ ավելի խրոխտ է դարձնելու նախագահ Իլհամ Ալիեւին, որ շարունակի իր ռազմատենչ հայտարարությունները կամ նույնիսկ ռազմական գործողությունների դիմի ընդդեմ Հայաստանի:

Հայաստանի ղեկավարության պարտքն է զգաստ ու խելամիտ մոտեցումներով գնահատել այս զարգացումները, կարգի բերել ներքին կյանքը եւ ոչ թե տարվել երկպառակչական կռիվներով կամ վեճերով: Առանց այն էլ թուրքական զանգվածային լրատվական միջոցներն ու կառավարության մարմինները չարախնդում են, որ «արաբական գարունը հասել է Հայաստան»:

Արաբական գարունը կամ, ավելի ճիշտ, մղձավանջը շարունակական արյունահեղություն բերեց Իրաքին, Լիբիային, մասնատման եզրին հասցրեց Եգիպտոսին, այժմ էլ Դամասկոսի դռներն է թակումՙ միեւնույն ակնկալիքներով: Մինչդեռ, մյուս կողմից, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի եւ Քաթարի նման բռնակալական վարչակարգերը (որոնց էվֆեմիստականորեն կոչում են «չափավոր վարչակարգեր») լարված աշխատում են, որ խորտակեն արաբական ինքնիշխան պետությունները եւ թույլ տան, որ այդ երկրների բնակիչներն իրար հետ կռվելով հեռու մնան Իսրայելին անհանգստացնելուց:

Նմանատիպ մղումներով առաջնորդված զանգվածային լրատվության միջոցներն էլ իրենց հերթին վատաբանում են այդ ժողովուրդներինՙ ասելով, որ իրենք իրենց կառավարել չգիտեն, մոռանալով կամ չցանկանալով ընդունել, որ իրարանցումներն այդ երկրներում հաճախ ներմուծված են, հրահրված են դրսից, երբեմն նույնիկ զինված միջամտություններովՙ ինչպես Իրաքի եւ Լիբիայի դեպքերում երեկ, Սիրիայի դեպքումՙ այսօր եւ գուցե նաեւ Իրանի դեպքումՙ վաղը:

Որեւէ տեսակի «գարունը» կարող է միայն քաոսային իրավիճակ խոստանալ Հայաստանին, իսկ Թուրքիայինՙ սփոփանք ու հանգստություն: Ինչպես տեսնում ենք, անսովոր զուգընկերների տարօրինակ «սիրախաղը» շատ ավելի լայն, տարածաշրջանային «ճյուղավորումներ» ունի, որոնք չարագուշակ հետեւանքներ կարող են ունենալ Հայաստանի համար: Անհրաժեշտ է շրջահայաց լինել:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

Նկար 1. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան

Նկար 2. PKK-ի բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ