RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1175, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԶՈՀՎԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԵՏԱՂ ԷԻՆ ՀԱՎԱՔՈՒՄ

Հ. Հ.

Կիրակի ցերեկըՙ ժամը 4-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարությունից ահազանգ են ստացել, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքումՙ ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում, պայթյունից մահացել է 2 երեխա: Հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ 12-ամյա Արթուր Մկրտչյանն ու 16-ամյա Մուշեղ Գեւորգյանը: Ռուսական ռազմակայանը գտնվում է գյուղի տարածքի դաշտում: Վահրամաբերդի գյուղապետ Վահրամ Մարտիրոսյանի փոխանցմամբՙ Արթուր Մկրտչյանի հայրը կիրակի գնացել է դաշտ ոչխարներին արածացնելու, տղաներն էլ հետեւել են նրան:

«Երբ հայրը գնացել է ջուր բերելու, երեխաները տեսել են ականները, գնացել են մոտը, խաղացել, հարվածել են, ու ականները պայթել են: Հայրը, պայթյունի ձայնը լսելով, վազել է դեպի երեխաները, սակայն նրանց մահացած է գտել», «Ազգ»-ի հետ զրույցում ասաց գյուղապետըՙ հավելելով, որ տարածքն արգելված չէ, 1000 հա է, պարսպապատված չէ:

Մարտիրոսյանի խոսքերովՙ գյուղում բոլորը գիտեն, որ տարածքը վտանգավոր է, սակայն այլ ելք չունենալով այդ դաշտում են իրենց անասուններն արածեցնում: «Հիմա գյուղում բոլորը շոկի մեջ են, Արթուրի եւ Մուշեղի ընտանիքները բազմանդամ են, ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում: Նրանց տան կերակրողները տան տղամարդիկ են, ովքեր հովիվներ են: Մկրտչյանների ընտանիքումՙ 8, իսկ Գեւորգյանների ընտանիքում 6 երեխա կան: Նրանց վիճակը սարսափելի է, անգամ գումար չունեն հուղարկավորություն անելու»:

Մեզ հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության սպա, կապիտան Կիրիլ Կիսիլեւը ասաց, որ «պատանիները արհամարհել են ռուսերեն եւ հայերեն տառերով գրված ցուցանակը, որը արգելում է մուտքը դեպի տարածք, անօրեն կերպով մտել են «Կամխուդ»-ի զինափորձարանՙ մետաղ հավաքելու: Ներս մտնելու ժամանակ երիտասարդները նկատել են ական եւ փորձել են վերցնել: Տեղի է ունեցել պայթյուն, եւ մետաղ հավաքողները զոհվել են», ասաց Կիսիլեւըՙ հավելելով, որ հետաքննությունը շարունակվում է:

Գործի առնչությամբ դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակներում: 2010-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը երկարաձգեցին բազայի տեղակայման պայմանագրի ժամկետը մինչեւ 2044 թվականը: Բազան, որտեղ շուրջ 4,5 հազար զինվորական է ծառայում, զինված է U300Վ համակարգերով եւ «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված ՄԻԳ-29 կործանիչներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ