RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1760, Տպվել է` 89, Ուղարկվել է էլ.փոստով` 75

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏՊԱՎՈՐԻՉ ՄԵԿՆԱՐԿԸ

Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայի նախահագության նիստերի դահլիճում գումարվեց Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին նիստըՙ Հայաստանում պաշտոնապես գրանցվելուց հետո: Կոնգրեսի հիմնադիր նախագահ Արա Աբրահամյանի նախագահությամբ գումարված նիստի օրակարգում առաջին հարցը վերաբերում էր ստեղծագործական-մշակութային ամենամյա մրցույթների կազմակերպմանըՙ արդեն համահայկական տարողությամբ: Նիստը վարող Արամ Գ. Սարգսյանի բացման խոսքից հետո արտահայտվեցին Հայաստանի ստեղծագործական գրեթե բոլոր միությունների ղեկավարները, որոնք մրցանակային ֆոնդի կրկնապատկման առթիվ իրենց գոհունակությունը հայտնելուց հետո ներկայացրին տարբեր առաջարկներ համահայկական ստեղծագործական այդ մրցույթները առավել արդյունավետ դարձնելու, դրանք որպես նոր խթան մեր մշակույթին ծառայեցնելու համար:

Ելույթ ունեցավ նաեւ Արա Աբրահամյանը, որ նոր էր վերադարձել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից: «Նախագահ Սարգսյանը խնդրեց հստակեցնել մեր գործունեության ծրագիրը», տեղեկացրեց Ա. Աբրահամյանը, որն իր հերթին կարեւորեց սփյուռքահայության ակտիվ մասնակցությունը հանրապետության կայացման եւ ուժեղացման, ներքին կյանքի բարելավման գործում, հույս հայտնելով, որ Կոնգրեսի հետագա ծրագրերը կնպաստեն դրան: Նա շեշտեց, որ Կոնգրեսն արդեն կրկնապատկել է իր բյուջեն եւ պատրաստ է շարունակելու իր համագործակցությունը ՀՀ սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների, ստեղծագործական միությունների եւ ՀՀ զինված ուժերի հետ եւ իրականացնել համատեղ ծրագրեր: Պրն Աբրահամյանը տեղեկացրեց, որ Կոնգրեսի կենտրոնի շինարարությունը Հյուսիսային պողոտայում կավարտվի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին եւ այն կլինի սփյուռքի նախարարության հետ սփյուռքահայության տունը:

Օրակարգի 2-րդ հարցը վերաբերում էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Հնչած ընդհանուր գաղափարն այն էր, որ անհրաժեշտ է, ինչպես ժամանակին միջազգային իրավագիտության մեծ երախտավոր Յուրի Բարսեղովն էր առաջարկել, ընդդեմ Թուրքիայի դատական գործ հարուցել միջազգային ատյաններում: Պրն Ա. Աբրահամյանը խոստացավ առաջիկա հոկտեմբերին եւս մեկ անգամ գիտաժողով հրավիրել Երեւանումՙ այս միեւնույն հարցով եւ եզրակացությունը հղել ՀՀ իշխանություններին:

Վերջում քննարկվեց Կոնգրեսին կից հոգաբարձուների խորհուրդ ստեղծելու հարցը, որի անդամներից երեքն արդեն հայտնի ենՙ Արա Աբրահամյան, Սամվել Կարապետյան եւ Արսեն Ղազարյան:

Նիստի ավարտին պրն Ա. Աբրահամյանի առաջարկով ներկաները շնորհավորեցին Կոնգրեսի փոխնախագահ, նախկին պետական գործիչ Գեորգի Տեր-Ղազարյանցինՙ ծննդյան 90-ամյակի առթիվ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ