RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1412, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ՌՈՒՍԱԿԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Խոսքը Իսմայիլիի շրջանի Իվանովկա գյուղում անցած հանգստյան օրերին տեղի ունեցած դեպքերի մասին է: Ըստ տեղեկություններիՙ գյուղի մի խումբ բնակիչներ «հարձակվել են գործադիր իշխանության ներկայացուցչի տան վրա, քարկոծել», որից հետո ոստիկանները գյուղը շրջափակել եւ մարդկանց հանդեպ հաշվեհարդար են տեսել: Կան տասնյակ ձերբակալվածներ: Իսմայիլիի գործադիր իշխանությունում միջադեպը բացատրել են «գյուղական դիսկոտեկան փակելու դեմ երիտասարդների բողոքով»: Իսկ թե ինչո՞ւ է նման որոշում կայացվել, հետեւել է «ուշագրավ» մեկնաբանություն` «երիտասարդները փոխանակ իրենց գործով զբաղվելու, ամբողջ ժամանակն անցկացնում էին այնտեղ»:

Իվանովկան Ադրբեջանի միակ ռուսաբնակ գյուղն է, որ դիմացել է փորձություններին: Սակայն այստեղ վերջին տասնամյակում ռուս բնակչությունը կրկնակի նվազել է: Գյուղը փաստորեն կործանման եզրին է: Ժամանակին Հեյդար Ալիեւը, խաղալով ռուս բնակչության համայնավարական զգացմունքների վրա, որոշում է կայացրել Իվանովկայի կոլտնտեսությունը պահպանելու մասին: Խորհրդային տարիներին դա հարուստ տնտեսություն է եղել:

Ըստ էության, Իվանովկայի ռուս բնակչությունը զրկվել է հողի սեփականության իրավունքից, որը մնացել է համայնքային-պետական եւ ներկայումս Բաքվի մեծահարուստների եւ պետական չինովնիկների համար դարձել թիրախ. նրանք գործարքի մեջ են մտնում կոլտնտեսության նախագահի հետ եւ չնչին գներով հողամասեր ձեռք բերում: Իվանովկայում շքեղ առանձնատուն ունի աշխատանքի եւ սոցապահովության նախարար Ֆիզուլի Ալեքպերովը:

Գյուղի բնակչությունը ստիպված վաճառում է տները եւ տեղափոխվում Ռուսաստան: Ինչպես կարելի է ենթադրել Իվանովկայի դեպքերի վերաբերյալ չափազանց ժլատ տեղեկատվությունից, այս հարցում բոլոր լրատվամիջոցները համերաշխ են: Ոչ ոք չի ուզում հետաքրքրվել ռուս բնակչության խնդիրներով, որովհետեւ նրանք անկախություն ստացած Ադրբեջանում այլեւս ավելորդ են: Պետությունը ադրբեջանական է, ուրեմն այնտեղ կարող են միայն ադրբեջանցիներ ապրել:

Թերեւս գործադիր իշխանության ղեկավարի տան քարկոծումը Իվանովկայի բնակչության վերջին հուսահատ քայլն էր` իրենց մասին հիշեցնելու Ադրբեջանի իշխանություններին: Բայց նրանք թույլ են տվել ճակատագրական սխալ` ժամանակին համաձայնելով պահել կոլտնտեսությունը, որտեղ փաստորեն աշխատում են հացփոր ճորտի կարգավիճակով: Այո, այդ մարդիկ աշխատավարձ չեն ստանում, այլ` բնամթերք, եթե տարին առատ է լինում: Ոչ` նրանք ամռան-վաղ աշնան ամիսներին տները վարձով տալիս են Բաքվից եկող հովեկներին:

Դե իսկ ինչո՞ւ թույլ տալ, որ ռուսները տիրեն ամառանոցային գյուղին: Ավելի լավ է այնպես անել, որ նրանք հեռանան: Իսկ որպեսզի հեռանալու եւս մի առիթ լինի` գործադիր իշխանությունը կարգադրում է Իվանովկայում դիսկոտեկը փակել, որպեսզի «երիտասարդությունն զբաղվի իր հիմնական գործով»: Պաշտոնական հաղորդագրության համաձայնՙ գործադիր իշխանության ներկայացուցչի տունը քարկոծողների «մեծ մասը, որ դպրոցահասական պատանիներ են, արդեն ազատ են արձակվել»: Նշանակում է, որ խռովարարների մի փոքր մասն, այնուամենայնիվ, մնում է ձերբակալված: Եվ նրանց դեմ օրենքի ամբողջ խստությամբ քրգործ անպայման հարուցվելու է:

Իվանովկան դատապարտված է: Եվս մի քանի տարի, եւ այդ գյուղի ու նրա մարդկանց մասին Ադրբեջանում կմոռանան իսպառ: «Ի՞նչ Իվանովկա, ի՞նչ ռուս բնակչություն, այստեղ դարեր շարունակ միայն եւ միայն թյուրք-ազերիներ են ապրում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ