RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1235, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ՄԱԽԱԹԸ ՊԱՐԿՈՒՄ ՉԵՍ ԹԱՔՑՆԻ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ռուսնե՞րն են Ադրբեջանում լավ ապրում, թե՞ ադրբեջանցիները Ռուսաստանում

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառնությունը տրամաբանորեն արձագանքվում է կողմերի լրատվական դաշտում: Մինչեւ վերջերս այստեղ նախաձեռնողականությունը պատկանում էր Ադրբեջանին: Ինչպես ցույց են տալիս զարգացումները, ռուսաստանյան լրատվամիջոցները որոշել են հակադարձել: Սանկտ Պետերբուրգի repin.info-ն ծավալուն հրապարակում է արել «Ռուսներն Ադրբեջանում եւ ադրբեջանցիներն Ռուսաստանում. ո՞վ է լավ ապրում» խորագրով:

Բաքվի քարոզչամեքենան, բնականաբար, անդրադարձել է դրան: Vesti-az-ի մեկնաբանը փորձել է Ադրբեջանից ռուս բնակչության զանգվածային արտագաղթը «հիմնավորել» 90-ական թվականների «սոցիալ-տնտեսական դժվարություններով»:

Ռուսաստանյան լրատվամիջոցը մինչդեռ բացահայտ գրել է, որ «Ադրբեջանում ռուսները ենթարկվել են ցեղասպանության»` նկատել տալով, որ 1990թ. հունվարյան օրերին հայերի հետ ռուսներն էլ ենթարկվել են ջարդի, բռնությունների եւ հալածանքների: Ադրբեջանցի մեկնաբանը ճգնել է հերքել ե՛ւ հայերի, ե՛ւ ռուսների դեմ բռնությունների, զանգվածային սպանությունների եւ բռնատեղահանության փաստերը, սակայն ոչ մի աղբյուր, ոչ մի վկայություն չի բերել:

Հասկանալի է` չէր էլ կարող, ոչ ոք չի վկայի այն, ինչ չի եղել: Դրա փոխարեն նա հռետորական հարց է հնչեցրել. «Չէ՞ որ ադրբեջանցիների հետ ուսուսի նաեւ ռուսներն են կռվել ղարաբաղյան պատերազմում եւ արժանացել ազգային հերոսի կոչման»: Այո, Ադրբեջանի ազգային հերոսների թվում կան նաեւ սլավոնական ծագման անձինք: Բայց... նրանք Ադրբեջանի քաղաքացի չեն: Ստացվում է, որ Ադրբեջանը ազգային հերոսի կոչման է արժանացրել... վարձկանների:

Բայց վերադառնանք Ադրբեջանի ռուս բնակչության թեմային: Խորհրդային 1926 թ. մարդահամարի տվյալներովՙ Ադրբեջանի քաղաքային բնակչության 26,6 տոկոսը կազմել են ռուսները: Արդեն 1939-ին այդ ցուցանիշը 35,7 տոկոս էր: Թվային արտահայտությամբ պատկերը հետեւյալն է. 1926-ին Ադրբեջանում ապրել է 220 545, 1939-ին` 528 318, 1959 501 282 , 1970-ին` 510 059, 1979-ին` 475 255, 1989-ին` 392 304, 1999-ին` 141 700, 2009 119 300 ռուս (տես` /www. ru.wikipedia. org):

Սրանք պաշտոնական վիճակագրության տվյալներն են: Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանում ռուս բնակչությունը 1970թ. սկսած անշեղորեն նվազել է: Հայտանագործություն արած չենք լինի, եթե ասենք, որ դա պայմանավորված էր Հեյդար Ալիեւի իշխանության գալով: Հենց նրա օրոք են Բաքվում եւ այլ քաղաքներում զբաղեցրած պաշտոններից զանգվածաբար ազատվել ռուս, հայ եւ այլազգի տնօրենները, շրջկոմի քարտուղարները, շրջխորհրդի գործկոմի նախագահները:

Սա քաղաքականություն է, որ սկսել էր 1950-ական թվականների երկրորդ կեսին: Պահպանվել է վկայություն, որ 1959թ. հուլիսի 1-ին ԽՄԿԿ Կենտկոմի Նախագահությունում քննարկվել է Ադրբեջանի կուսակցական ղեկավարության հարցը: Ստուգման առթիվ «Տեղեկանք»-ում պարզ նշված է, որ այլազգիներն ազատվում են աշխատանքից: Մեջբերված է Ադր.ԽՍՀ ԳԽ նախագահության նախագահ գրող Միրզա Իբրահիմովի խոսքը. «Հիմա 20-ական թվականները չեն, մենք ունենք մեր ազգային կադրերը»: Արձանագրված է Նիկիտա Խրուշչեւի զարմացական ռեպլիկը. «Եվ այդպես խոսողը կոմունի՞ստ է»:

Խնդիրն այնքան սուր է դրվել, որ մի քանի օր անց Բաքվում հրավիրված պլենումում աշխատանքից ազատվել է Ադր. ԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղար Իմամ Մուստաֆաեւը: Բայց, ինչպես վիճակագրությունն է վկայում, իրավիճակը չի փոխվել, ավելի է խորացել: Բրեժնեւյան կառավարման տարիներին` հատկապես, ինչը Հեյդար Ալիեւի պաշտոնական կենսագիրները չեն էլ թաքցնում. այսօր նա պաշտոնապես հռչակված է «դեռեւս ԽՍՀՄ գոյության տարիներին Ադրբեջանի անկախության կերտման հիմնադիր»: Իսկ առանց ռուս, ռուսախոս բնակչությանը պետական կառավարումից եւ հանրային-կուսակցական կյանքից օտարելու անհնար էր Ադրբեջանի անկախության «հիմնաքարը դնել»:

Իրականությունն արտացոլված է պաշտոնական վիճակագրության տվյալներում: Կարեւոր չէ, որ Ադրբեջանի Միլլի մեջլիսում մի ցուցանակային ռուս պատգամավոր կա` Միխաիլ Զաբելին: Դա տուրք է վերջինիս նվիրվածությանն առ Հեյդար Ալիեւ. Զաբելինը 1993-ի հունիսին մեկն էր այն մարդկանցից, որ «բաց նամակով» դիմել էր «նահապետին» եւ խնդրել, որ «վերադառնա եւ Ադրբեջանը փրկի կործանումից»:

Ցանկության դեպքում կարելի է գտնել եւս մեկին: Փաստն այն է, որ 500 000 ռուս բնակչությունից Ադրբեջանում այսօր մնացել է հազիվ 60-70 000, գերազանցապես` ծեր եւ անօգնական մարդիկ, որ, կոպիտ ասած, գնալու տեղ չունեն: Եվս 5-10 տարի, եւ Ադրբեջանում ոչ մի ռուս այլեւս չի լինի: Իսկ Ռուսաստանում ապրում, աշխատում եւ հարազատներին ապրեցնում է 2-3 մլն ադրբեջանցի: Այս ճշմարտությունն է արձանագրել ռուսաստանյան լրատվամիջոցը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ