RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2002, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 95

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ԲԽՈՒՄ Է ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻՑ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Այսօր տեղի ունեցող նախագահ Սարգսյանի երդմնակալության հատուկ նիստին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում: Արդյոք նրանց հանդեպ պատժամիջոցնե՞ր են կիրառվելու. «Ես կանխատեսումներ չեմ անում եւ գտնում եմ, որ պատգամավորները պետք է ներկա լինեն հատուկ նիստին, չեմ ակնկալում, որ չեն մասնակցի»: Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել է Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակ` իր երդմնակալմանը. «Անլուրջ եմ համարում այդ հրավերը»: Ժողովրդի՞ն եք անլուրջ համարում, ճշտեց լրագրողը. «Դուք ժողովրդի անունի՞ց եք խոսում, Դուք դրա իրավունքը չեք վաստակել: Տրամաբանություն տեսնո՞ւմ եք այդ պահանջի մեջ»:

Պատասխանելով «Ինչպե՞ս կհանգուցալուծվի այդ իշխանություն- ընդդիմություն վեճը» հարցին` Հ. Աբրահամյանը նշեց, թե որեւէ վեճ չկա, կան սահմանադրություն, օրենքներ եւ ԿԸՀ որոշումը, ըստ որի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը. «Այլոց խոսակցություններով, դատարկաբանությամբ չեմ զբաղվում, դատարակ խոսակցություններին չեմ ուզում պատասխանել: Եվ իմ կարծիքով` արդեն ժամանակը սպառվել է այդ հարցերը տալու կամ դրանց լուրջ պատասխան ակնկալելու»:

Ի վերջո Սարգսյան-Հովհաննիսյան երկխոսությունը կկայանա՞. «Առաջարկը եղել է երկկողմ եւ իրենց դաշտում է, իրենք էլ կորոշեն` կհանդիպեն-չեն հանդիպի. ես գտնում եմ` հանրապետության նախագահը շատ ճիշտ է վարվում, որ հրավիրում է Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահական շենք, այնտեղ քննարկելու հարցերը: Դա ճիշտ է, կոռեկտ է: Հանրապետության նախագահը շատ տրամաբանական դիմել էր Ր. Հովհաննիսյանին, որ գրիչ-թուղթ վերցնի, այցելի նախագահական` նստեն-քննարկեն: Իմ կարծիքով` Սերժ Սարգսյանը կպատասխանի հարցերին: Ես չեմ բացառում եւ ես գտնում եմ, որ երկխոսությունը միշտ պետք է լինի շարունակական, եւ ինչքան որ քաղաքական ուժերը երկխոսեն, այնքան կշահի պետությունը, ժողովուրդը: Ես գտնում եմ, որ համերաշխությունը բխում է մեր պետության եւ ժողովրդի շահերից»:

Սադրանքներ, ուժի կիրառում կարո՞ղ է լինել այսօր, իշխանության նախատրամադրվածությունն ինչպե՞ս է այս առումով. «Գոյություն ունեն անվտանգության ծառայություններ, իրենք կզբաղվեն իրենց վերապահված լիազորություններով»:

Եթե մյուս խմբակցությունները չմասնակցեն հատուկ նիստին, ի՞նչ հետեւություններ կանի Հ. Աբրահամյանը. «Ես հետեւություններ կանեմ, երբ նիստը սկսվի-ավարտվի», ասաց:

Լրագրողներն ուզում էին իմանալ` Գագիկ Ծառուկյանը գալո՞ւ է հատուկ նիստին. «Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հարցերով ինչո՞ւ եք ինձ դիմում, իրեն դիմեք»:

Ինչու երկրորդ նախագահին հրավեր կա, առաջինինՙ ոչ. «Ես տեղյակ չեմ` հրավեր կա՞, թե՞ ոչ: Մենք որեւէ մեկին ի՞նչ ունենք չհրավիրելու»:

Իսկ թե Րաֆֆուն ինչո՞ւ չեն հրավիրել` «Ինքը համարում է, որ ընտրված նախագահ է, ինքն էլ մեզ չի հրավիրել: Մի բանի վրա զարմանում եմ` դուք լուրջ մարդիկ եք, լուրջ գործով զբաղվեք, ի՞նչ հարցեր եք տալիս»:

Քաղաքական իրավիճակի հանգուցալուծումը լուրջ հարց չէ՞, որ մի քիչ մեղմվի իրավիճակը, հետաքրքրվեցինք. «Դրա համար մենք պետք է ավելի կազմակերպված աշխատենք, վեր հանենք բոլոր պրոբլեմները, խնդիրները, հանրությանը հուզող հարցերը, եւ փորձենք այդ հարցերին շատ արագ պատասխանել, դա է մեր խնդիրը լինելու ապագայում: Եվ ճիշտը դա է: Թե մեկը հայտարարում է` ինքն է նախագահ, մեկն ասում է` այս հրապարակում, մեկն ասում է` այն հրապարակում, ով է եկել, ով չի եկել` դրանք կարեւոր հարցեր չեն»:

Քաղաքական դաշտում ճամփաբաժան տեսնող լրագրողին էլ հակադարձեց. «Դուք դրան եք ձգտո՞ւմ լրագրողներով: Հատուկ ձեզ համար պատասխանում եմ` Սերժ Սարգսյանն ընտրվել է նախագահ, երկրորդ ժամկետում, մնացած բոլոր խոսակցությունները դատարկ խոսակցություններ են: Կարող է` մեկն էլ Մեղրիում իրեն նախագահ հռչակի, մեկն էլ` Շիրակում, լուրջ մարդիկ ենք: Գոյություն ունի ԿԸՀ, գոյություն ունեն ընտրական արդյունքներ, դրանցով ենք ուղղորդվում, կողմնորոշվում»: Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները իրավական հարթությունից դո՞ւրս են` ճշտեց լրագրողը. «Բա ինչ են, իրավապահ մարմիններին դիմեք այդ հարցով»:

Հովիկ Աբրահամյանն ինքը հաշտության ու համերաշխության կողմնակից է: Նա մեջբերեց նախագահին, որը կոչ էր արել քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ուժերին` միասին լուծել երկրի խնդիրները. «Օրինակ` շատ լավ առաջարկ է արել նախագահը Ր. Հովհաննիսյանին` սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը գլխավորի: Իմ կարծիքով` դա շատ ճիշտ առաջարկ է, կկարողանա իրականացնել սահմանադրական բարեփոխումները, ինչ խնդիր տեսնում էր` միասին կլուծեինք»

«Կեղծիքներ են եղել` սահմանադրական բարեփոխում իրականացնի՞», հարցրեց լրագրողը. «Ի՞նչ կեղծիք է եղել, մի օրինակ չկարողացան բերել, խոսելով չէ: Մի տեղամաս բացեցին` ի՞նչ եղավ»: Ինքը` ԱԺ նախագահը մի անգամ Րաֆֆուն առաջարկ արել է, պետք է` մի անգամ էլ կանի: Լրագրողը հետաքրքվեց` բացառու՞մ է Հովհաննիսյան-Սարգսյան հանդիպում. «Ես չեմ բացառում որեւէ հանդիպում, որեւէ քննարկում, ես ուզում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը համագործակցեն ի շահ պետության: Դա իմ ցանկությունն է: Ես առաջարկեցի` քննարկել խորհրդարանում: Այնպիսի հարցեր են առաջարկում դնել օրակարգում, որ անընդունելի են: Ես չեմ կարող մի հարց քննարկել, որ սահմանադրությանը հակասում է, օրինակ` նախագահական նոր ընտրություններ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ... դա ողջամիտ առաջարկություն չէ, որ քննարկենք, կստացվիՙ անլուրջ առաջարկ ենք քննարկում»:

Անդրադառնալով ավագանու ընտրություններին` Հ. Աբրահամյանը նշեց, որ ամեն ինչ անելու են, որ ընտրություններն անցնեն կոռեկտության սահմաններում եւ... «Հաղթի Հանրապետակա՞նը», լրացրեց լրագրողներից մեկը: «Եվ հաղթի Հանրապետականը` եթե գիտեք, էլ ինչու եք հարց տալիս»: Նա նշեց, որ ՀՀԿ-ի մրցակիցը համարում է բոլորին, ովքեր մասնակցում են ընտրություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ