RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1057, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԵԽԽՎ ԱՊՐԻԼՅԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր գարնանային նստաշրջանում, որ տեղի կունենա ապրիլի 22-26-ը Ստրասբուրգում, պատրաստվում է քննարկել Հայաստանում նախագահի ընտրությունների դիտարկման արդյունքները, որոնք ներկայացնելու է նորվեգացի վեհաժողովական Քերին Ուոլդսեթը: Հայաստանի ընտրություններին առնչվող հարցի քննարկումը նախատեսված է նստաշրջանի հենց առաջին օրը, սակայն առայժմ քննարկման նյութ զեկույցը դեռեւս հասանելի չէ:

Թե ինչպիսին կլինի հայաստանյան ընտրական քննարկումը, կարելի է դատել ելնելով այն ամենից, ինչ ԵԽԽՎ դիտորդները նախ հայտարարեցին դեռեւս Երեւանում նախընտրական շրջանում գտնվելու ընթացքում: Մասնավորապես, վեհաժողովի դիտորդները մի շարք մտահոգություններ էին հայտնել հենց նախընտրական իրավիճակի, փաստացի ընտրացուցակների շարունակական ու էական անճշտությունների, ընտրությունների նկատմամբ վստահության պակասից ելնելով որոշ քաղաքական ուժերի կողմից թեկնածու չառաջադրվելու առնչությամբ:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ, իր իսկ տարածած նամակի համաձայն, «ցնցված ԵԽԽՎ պատվիրակության հաղորդագրության ձեւից եւ բովանդակությունից», այն որակել էր «արտատպված 2012 խորհրդարանական ընտրությունների մասին բարոնուհի Նիքոլսոնի պատվիրակության տխրահռչակ զեկույցից»: Ըստ Դավիթ Հարությունյանիՙ նախընտրական իրավիճակի մասին գնահատականը կազմվել էր նախօրոք, արտատպմամբ:

Սակայն դրական դժվար թե որակվի ԵԽԽՎ հետընտրական առաջին նախնական գնահատականը եւս, որ հնչեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ եւ Եվրոմիության դիտորդական առաքելությունների հետ համատեղ ասուլիսում` ընտրություններից հետո: Այդ ասուլիսում ապրիլի վերջին Ստրասբուրգում դիտորդական առաքելության արդյունքները ներկայացնող նույն տիկին Քերին Ուոլսեթը հայտարարեց, թե «փետրվարի 18-ի ընտրություններում մի շարք ոլորտներում առաջընթաց է գրանցվել, թեեւ կարեւոր բարելավումներ դեռեւս անհրաժեշտ են»:

«Կարծում եմ` մրցակցություն կար: Առաջին եւ երկրորդ թեկնածուների` մոտ 58 եւ 30-ից ավելի տոկոս ձայների բաշխվածությունը մրցակցություն է կոչվում», ներկայացնելով միջազգային դիտորդական առաքելությունների նախնական զեկույցը` Երեւանում հայտարարեց Ուոլսեթը: Դրա հետ մեկտեղ, ասուլիսում նշվեց, որ ընտրությունները անցել են քաղաքական բանավեճերի եւ մրցակցության պակասով:

Սրան ավելացնենք նաեւ, որ ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը մյուս միջազգայինների հետ համատեղ հայտարարությամբ փաստել էր, որ «հանրային կառավարման անկողմնակալության բացակայությունը, ինչպես նաեւ վարչական ռեսուրսի չարաշահումը հանգեցրին պետության ու իշխող կուսակցության գործողությունների ոչ հստակ տարանջատմանը»:

Ընտրական թեմայից զատ` Հայաստանին առնչվող մյուս հարցը, որ կարող է գոնե վեհաժողովի միջանցքներում, բյուրոյում կամ որոշ հանձնաժողովներում բարձրացվել ադրբեջանական պատվիրակների եւ վեհաժողով պատվիրակվող ադրբեջանական ձկնկիթի ուժով, կարող է լինել ԵԽԽՎ Ղարաբաղյան հարցով ժամանակավոր հանձնաժողովի այդպես էլ չվերականգնվող, ասել է թե «չգործունեությունը»:

Ամեն դեպքում, այս հարցն էլ դեռեւս ԵԽԽՎ-ում նախագահող Ժան-Կլոդ Մինյոնի պարագայում դժվար թե լուծում ստանա հօգուտ ադրբեջանական ջանքերի, քանի որ վերջինիս բազմաթիվ հայտարարությունները վկայում են, որ հանձնաժողովի գործունեությունը չի վերականգնվի, թեեւ վեհաժողովի շրջանակներում կազմակերպվում են Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումներ:

Նշենք, որ վեհաժողովը, ի շարս կրոնական համայնքների իրավունքների ոտնահարմանը, երիտասարդությանը, միգրացիային եւ այլ հարցերին վերաբերող քննարկումների, որպես հրավիրյալների կլսի Ռումինիայի նախագահ Վիկտոր Պոնտային, Թունիսի նախագահ Մանսեֆ Մարզուկիին, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն, Անդորրայի կառավարության ղեկավար Անտոնի Մարտիին եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային վարչության ղեկավար Դիդիե Բուրկհալտերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ