RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013



Տեղադրվել է` 2013-04-09 00:21:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1559, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 83

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ «ԽՆԿԻ ԾԱՌԵՐ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԿԻԵՎՈՒՄ

ՍԱՄՎԵԼ ԱԶԻԶՅԱՆ, Կիեւ

2013 թվականի մարտին Կիեւի «E» գրախանութում տեղի ունեցավ հայ անվանի գրող Լեւոն Խեչոյանի «Խնկի ծառեր» գրքի շնորհանդեսը: Այն տպագրել է Լվովի «Սրիբնե սլովո» հրատարակչությունըՙ ՀՀ մշակույթի նախարարության «Համատեղ ծրագրեր» շրջանակում` նվիրված Հայ գրատպության 500-ամյակին:

Ուկրաինայում Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանի ավարտը նշանավորվեց Լեւոն Խեչոյանի «Խնկի ծառեր» գրքով: Հայ եւ ուկրաինական գրականությունների համար այդ հիշարժան իրադարձությունը հետաքրքրական քննարկումների առիթ դարձավ, եղան մի շարք հրապարակումներ: Գիրքը թարգմանել է Անուշավան Մեսրոպյանը, խմբագրել է բանաստեղծ Իրինա Ստարավոյտը, ձեւավորել նկարիչ-գրաֆիկ Լեսյա Կվիկը:

Շնորհանդեսի ժամանակ հայ գրողին եւ նրա ստեղծագործությունները ներկայացրին թարգմանիչ Անուշավան Մեսրոպյանը, հրատարակիչ Իրինա Լոնկեւիչը, գրականագետ Օլենա Հալետան: Ելույթ ունեցան ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան, թարգմանիչ Օլեքսանդր Բոժկոն, ժամանակակից ուկրաինացի բանաստեղծուհի Լյուդմիլա Տարանը, անվանի էսսեիստ Անատոլի Դնեստրովսկին, կինոյի եւ թատրոնի դերասան Տարաս Ժիրկոն: Շնորհանդեսին ներկա էին նաեւ ուկրաինացի հայտնի բանաստեղծ, պետական եւ հասարակական գործիչ, Ուկրաինայի հերոս Իվան Դրաչը, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան դեսպանորդ Ջիվան Մովսիսյանը, «Վսեսվիտ» ամսագրի գլխավոր խմբագիր Օլեգ Միկիտենկոն, գրողներ Գրիգորի Կրիմչուկն ու Սերգեյ Ցուշկոն, Կիեւի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Լեւոն Խեչոյանը ութսունականների սերնդից է: Մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պատերազմին: Գրողի ստեղծագործության գլխավոր թեմաներն են պատերազմը, առօրյա դաժան կյանքը հեռավոր լեռնաշխարհում, հայոց պատմության ողբերգական էջերը:

«Խնկի ծառերը» գրողի ստեղծագործության ընտրանին է, որին բնորոշ է խիստ լարվածությունը, խոսքի սեղմությունը եւ կյանքի սահմանաբաժանին հայտնված մարդու հոգեբանության վերարտահայտումները: «Մարդկային պարադոքսի ողջ խորությունը խտացված է ժլատ, ճիշտ ընտրված բառերի մեջ` ցույց տալու, թե ինչպես պետք է անցնել «երկրային դժոխքի ոլորաններով ու անեղծ մնալ»: Խեչոյանի հերոսները մարդիկ են, որոնք ողբերգական 20-րդ դարիՙ երջանիկ ու դժբախտ ճակատագրի որոգայթներում են, հանուն սիրո, հանուն կորուսյալ երազանքների: Այս գրքում փշուր առ փշուր վերակենդանացող հիշողություններով լի պատմություններ են»,- գրված է գրքի առաջաբանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #55, 09-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ