RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#058, 2013-04-12 > #059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013



Ուսումնասիրություն

Տեղադրվել է` 2013-04-15 23:04:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1849, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 88

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ Zeitgeschichte ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հայտնաբերվել են զոհված հայ ռազմագերիների անհայտ անուններ

Ավստրիայում, նաեւ եվրոպական երկրներում Հայոց ցեղասպանությունը ճանաչելի դարձնելու աշխատանքներում անուրանալի դեր ունի Արտեմ Օհանջանյանը: Վիեննայի պետական արխիվներում տարիների իր ուսումնասիրություններն ու հետազոտությունները ծնունդ տվեցին մի շարք կարեւոր հրատարակություններիՙ «Ավստրիա-Հայաստան» քառահատոր աշխատության, «Ավստրիա-Հայաստան. 1872-1936» 12 հատորյակի, «Հայաստան. թաքուն ցեղասպանություն», «1915. Անհերքելի վկայություններ», «Հայկական հարցը եւ Գերմանիան ու Ավստրո-Հունգարիան» գրքերի: Մասնագիտությամբ արվեստաբան-ռեժիսորը տասնյակ ֆիլմեր նվիրեց Հայոց ցեղասպանությանը, իսկ Վիեննայի պետական հեռուստատեսությունում աշխատելու տարիներին նման ֆիլմերի ցուցադրություններով եւ ավստրիական մամուլում տպագրված հոդվածներով նպաստեց հարցի առավել հանրայնացմանը: Եվ օրինաչափ էր, երբ Վիեննայից 200 կմ արեւմուտք գտնվող Էբենզե (Ebensee) քաղաքի Zeitgeschichte թանգարանից այս տարի մարտին Արտեմ Օհանջանյանը ստացավ Հայոց ցեղասպանության թեմայով բանախոսության հրավեր: Հանդիպումը կայացավ մարտի 13-ին, թանգարանի դահլիճում: Տարեկան 4 անգամ տպագրվող Widerstand պարբերականը անդրադառնում է թանգարանի գործունեությանը, այստեղ կազմակերպվող հանդիպումներին, գիտաժողովներին, նաեւ բանախոսությունների տեքստերն են տպագրվում: Առաջիկա համարում լույս կտեսնի նաեւ Արտեմ Օհանջանյանի ելույթի տեքստը:

Էբենզեի Zeitgeschichte թանգարանը հիմնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից բավական հետո, 1988 թ.-ին, նացիստական համակենտրոնացման ճամբարի նույն տեղում, որը համարվում էր Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարի մասնաճյուղը: Պատերազմի տարիներին ռազմագերիներին տեղափոխում էին նաեւ Էբենզեի ճամբարՙ որպես բանվորական ուժ օգտագործելու: Այս մասին պահպանվել են սոսկալի դաժան հիշողություններ ու նկարագրություններ: Պատմում են, որ գերմանացիները գերիներին երկարուձիգ, հոգնատանջ ճանապարհներով հասցնում էին տեղ, եւ երբ տեղի բնակիչները ջուր էին փորձում տալ ուժասպառներին, անգամ դա էին արգելում:

Գերիները սարերի մեջ փորում էին թունելներՙ ռազմական գաղտնի նպատակներով` մասնավորապես հրթիռների պատրաստման, որի աշխատանքները ղեկավարում էր ժամանակակից հրթիռաշինության հիմնադիր Վերներ ֆոն Բրաունը (այդ թունելներից մեկում այսօր թանգարանային նյութեր են ցուցադրված): Գերիների բազմությունն այնքան հսկայական էր, եւ անվերջ նոր խմբեր էին բերում, որ նրանց կորուստը ոչինչ չարժեր: Նրանք գալիս էին մեռնելու, եւ շատերն իրենց գերեզմաններն այստեղ գտան: 1945-ին, երբ ամերիկյան զորքերը մտան քաղաք, ողջ մնացածներն ազատագրվեցին, բարաքները քանդվեցին, մահացածների աճյունները տեղափոխվեցին ընդհանուր գերեզմանոց, նրանց հիշատակին անվանական ցուցատախտակներ տեղադրվեցին: Ամեն տարվա մայիսի 7-ը այս վայրում հռչակված է որպես Ազատագրության օր. գալիս են տարբեր երկրներից մարդիկ, ում հարազատները, ազգականները Էբենզեի համակենտրոնացման ճամբարում իրենց վախճանը գտան: Այստեղ հիշատակի խաչեր են տեղադրել լեհեր, իտալացիներ, հրեաներ, ֆրանսիացիներ: Ամենաշատ նահատակները խորհրդային ռազմագերիներն են, տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Արտեմ Օհանջանյանը հազարավոր նահատակների ցուցակից գտել եւ վերհանել է մինչ այսօր անհայտ կորած 23 հայի, որոնց անունները հրապարակվում են առաջին անգամ:

- Պրն Օհանջանյան, Ձեր բանախոսության հիմնական շեշտադրումները որո՞նք էին:

- Իմ ելույթը կառուցել էի թանգարանի կողմից նախապես կատարված երեք հարցադրումների շուրջըՙ Հայոց ցեղասպանության ընդհանուր նկարագրություն, Ավստրիայիՙ մեր ցեղասպանությունը չընդունելու պատճառները, տարբեր ցեղասպանությունների համեմատության հնարավորությունը: Նախ անդրադարձա Ավստրիայի պառլամենտական 4 կուսակցությունների դիրքորոշումներին: Դրանք ենՙ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունՙ «Թուրքիայի ներքին իրողություններին միջամտել չի կարելի»:

«Ազատություն» կուսակցությունՙ «Բոլոր արարողությունները դրսից հակաարդյունավետ են»:

Ժողովրդական կուսակցությունՙ «Մի երկրի անցյալը վերանայելու պրոցեսին չպետք է խառնվել»:

«Կանաչների» կուսակցությունը միակն էր հակառակ դիրքորոշմամբՙ «Քանի որ Ավստրիան այդ տարիներին որոշ դեր ունեցավ (մեղսակցություն), մենք պետք է որ ընդունենք Հայոց ցեղասպանությունը»:

Վերոհիշյալ կարծիքները փաստված են, իսկ մասնավոր երկու խոսակցությունների ժամանակ այսպիսի կարծիքների եմ հանդիպել. «Եթե Մ. Նահանգները ընդունի, մենք էլ կընդունենք», որին ես պատասխանեցի. «Դուք Մ. Նահանգների վասա՞լն եք»: Եվ երկրորդը` «Դուք որեւէ պահանջ կունենա՞ք, եթե մենք ընդունենք»: «Այո` բարոյական», եղավ իմ պատասխանը: Իսկ ընդհանրապես իմ եզրահանգումը եւ հակադարձումը այս ամենին այսպիսին է եղել. «Դուք այսօր նույն քաղաքականությունն եք վարում, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմում: Այն ժամանակ Պոլսում Ավստրո- Հունգարիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ պրն Պոմյանկովսկին Վիեննա պաշտոնական նամակ է հղել. «Ամենախելոք եւ հնարավոր բանն այն է, որ մենք թուրքերի ձգտումներին չխանգարենք, թուրքերը մեր անկեղծ դաշնակիցներն են: Թուրքիան մեզ համար ավելի կարեւոր է, քան Հայաստանը»:

Հաջորդ հարցադրման իմ պատասխանը հետեւյալն էրՙ միջազգային գործընթացներում արդեն ճանաչում գտած ցեղասպանությունները համեմատել, իհարկե, կարելի է: Հայերի եւ հրեաների` պատմականորեն միեւնույն ճակատագրին վերաբերող հետաքրքրական մի փաստի անդրադարձա:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեական երկու գետտոներում ապաստանած հազարավոր հրեաներ պայքարեցին մինչեւ վերջ, եւ գրեթե բոլորը զոհվեցին: Փրկվածները պատմում են, որ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը այդ օրերին դարձել էր նրանց հետագա գործունեության համար օրինակ: Նրանք ասում էին, որ իրենց եւ հրեաների ճակատագրերը նման են, եւ եթե չկարդան այդ վեպը, չեն հասկանա, թե ինչու են ուզում պայքարել: Սա ասել են մարդիկ, որոնք զոհվել են, իրենց պայքարը հայկական պայքար են դարձրել եւ գրել ենՙ սա մեր Մուսա լեռն է: Եթե դեռ այն ժամանակ էին հրեաները համեմատում իրենց ճակատագիրը հայերի հետ, մենք հիմա ինչպե՞ս պիտի վարվենք:

- Էբենզեի թանգարանում Հայոց ցեղասպանության թեմայով սա առաջի՞ն բանախոսությունն էր. ի՞նչ վերաբերմունք ունեցավ լսարանը, ինչպիսի՞ արձագանքներ եղան:

- Այո, առաջինն էր: Թանգարանը նման հանդիպումներ շատ է կազմակերպումՙ հիմնականում հրեական Հոլոքոսթի թեմաներով: Այս ապրիլի 24-ի բանախոսությունը Ռուանդայի ցեղասպանությանն է նվիրված: Թանգարանը կայուն լսարան ունի, քաղաքի բնակիչներն են, պատրաստված ունկնդիրներ: Նրանց հետաքրքրում էին հատկապես Ղարաբաղյան հարցի կարգավորման ուղիները, Ադրբեջանի հետ հայերի հակամարտության խնդիրները:

Ես դարձյալ դիմեցի պատմությանը` մեջբերելով ավստրիական արխիվները: Դեռեւս 1918 թ. Հայաստանում Ավստրիայի ներկայացուցիչը գրում էր. «Զուտ հայկական տարածք Ղարաբաղը, որտեղ 300.000 հայ է ապրում եւ 60.000 թուրք, թուրքերն ուզում են համարել իրենցը»: Տրված հարցերի իմ պատասխանները պատմական փաստաթղթերի լեզվով էին հնչում: Խոսքիս ազդեցիկությունը հենց դա էրՙ ներկայանալ ոչ թե որպես հայ, այլ խոսեցնել պատմական փաստաթղթերը:

Բանախոսությունից հետո շրջեցինք թանգարանում, եղանք այն վայրերում, որտեղ ռազմագերիներն են աշխատել, լուսանկարներ արեցի: Իմ խնդրանքով տրամադրեցին զոհված խորհրդային գերիների ցուցակները, որտեղ գտա 23 հայի անունՙ Կիեւից, Կիրովաբադից, Երեւանից, Լենինգրադից, Պլովդիվից, Վիտեբսկից: Նրանցից յուրաքանչյուրի անունը ցուցատախտակին գրված է, եւ հետաքրքրված որեւէ մեկը կարող է անհայտ կորած իր հարազատի, ազգականի անունը փնտրել այստեղ:

- Այդ անունները առաջինը Դո՞ւք հայտնաբերեցիք:

- Ո՞վ է իմացել, որ Էբենզեի համակենտրոնացման ճամբարում հայեր են եղել, զոհվել, եւ գերեզմանները նրանց այստեղ են:

Խորհրդային ռազմագերիների ընդհանուր գերեզմանոցում հիշատակի մեծ, խոշոր խաչ է տեղադրված: Այստեղ լեհերի, իտալացիներ, հրեաների, ֆրանսիացիների գերեզմանատներում նույնպես հիշատակի խաչեր կան. ովքեր իմացել, եկել իրենց հարազատների նկարներն են դրել, եւ ամեն տարի մայիսի 7-ին հիշատակի խոնարհման ծես է կատարվում:

Սովետական ռազմագերիների մեջ վրացիների ու ադրբեջանցիների անունների նույնպես հանդիպեցի: 2011-ին ադրբեջանցիները եկել են այստեղ եւ առանձին հուշատախտակ են դրել, դեսպանն է ելույթ ունեցել: Այս մասին գրվել է թանգարանի նույն տարվա պարբերականում: Նրանք ակտիվ են, աշխույժ են աշխատում, իսկ մենք լուր չունենք:

Նկար 1. Էբենզեի համակենտրոնացման ճամբարի մուտքի մոտ

Նկար 2. Ռազմագերիների գերեզմանոցը

Նկար 3. Թանգարանի ցուցափեղկերից մեկը

Նկար 4. Համակենտրոնացման ճամբարում նահատակված հայ ռազմագերիների ցուցակը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ