RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #62, 18-04-2013



Տեղադրվել է` 2013-04-17 23:43:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1773, Տպվել է` 93, Ուղարկվել է էլ.փոստով` 86

ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԻ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԲԱՅՑ ՄԵՐ ՇԱՆՍԵՐՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԵՆ

Հ. Հ.

«Խորհրդարանական ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները մի տեսակ «ասպարեզում» չկային, հետեւաբար ներկայանալու խնդիր կար, ու ավագանու ընտրություններն էլ լավ առիթ են, քանի որ հանրությանը Կոնգրեսին գիտի ոչ միայն դահլիճային հանդիպումներով, հրապարակումներում միտինգային ելույթներով»:

Դիտարկումը Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանինն է: Այս ընտրություններին ՀԱԿԿ ներկայացուցիչները շեշտը դնելու են ե՛ւ քաղաքական, ե՛ւ քաղաքային տնտեսությանը վերաբերող հարցերի վրա:

Կուսակցությունում Երեւանի ավագանու ընտրությունները համարում են քաղաքական գործընթաց եւ հավաստիացնում, որ եթե կառավարման համակարգը չփոխվի, ապա քաղաքացին ոչ մի բարեփոխում չի տեսնի:

«Մեր անհաջողությունները պայմանավորված չեն տնտեսական, մշակութային, սոցիալական դրդապատճառներով, դրանք, ըստ էության, քաղաքական են, որովհետեւ ՀՀ-ում չի գործում օրենք, չկա ազատ մարդ, քաղաքական գործունեությամբ զբաղվող ընդդիմադիր գործիչները մշտապես հետապնդվում են, չկա մրցակցություն»:

Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս քաղաքապետի թեկնածու Խաչատրյանը դժգոհ է ընտրապայքարի անհավասար պայմաններից: Իրեն արգելել են դպրոց մտնել, հանդիպել հասարակական որոշակի շրջանակների հետ: Քաղաքացիներն էլ, ըստ Խաչատրյանի, վախենում են շենքից իջնել եւ մասնակցել բակային հանդիպումներին:

«Մենք գիտակցում էինք, որ իշխանությունն այս մեթոդներով է գործելու, շատ լավ հասկանում ենք, թե իշխանության համար ինչ է նշանակում Երեւանի քաղաքապետի պաշտոնը, հետեւաբար. իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որ այս քաղաքական պայքարում հաղթի: Բայց, չնայած նման պայմաններին, մենք մեր հաղթանակի շանսերը բարձր ենք գնահատում: Ժողովուրդը հոգնել է այս իշխանություններից: Ասեմ ավելին, մենք հնարավորություն ունենք հաղթելու այս կառավարման պայմաններում բոլոր ընդդիմադիր ուժերին», վստահեցնում է Խաչատրյանըՙ հավելելով, որ ՀԱԿ-ը պատրաստակամ է համագործակցելու իշխանություններից դժգոհ ուժերի հետՙ ընտրությունների ընթացքը վերահսկելու, միմյանց տեղեկություններ փոխանցելու հարցում:

Անդրադառնալով իր ղեկավարած ժամանակահատվածում մայրաքաղաքում առկա թերություններինՙ Խաչատրյանը խոստովանում է, որ 90-ականներին չի կարողացել երեւանցիների համար հարմարավետություններ ստեղծել ու ապահովել, սակայն դրա համար եղել են օբյեկտիվ պատճառներ. երկիրը պատերազմական վիճակի մեջ էր:

«Ծառահատումները հաճախ են մատնանշում, սակայն վերջին 10 տարում ավելի շատ կանաչ տարածք է վերացել: Իմ ժամանակ ծառերը հատվում էին, որ մարդիկ տաքանային, հիմա հատում են, որ օբյեկտ կառուցեն: Ինչ վերաբերում է քաղաքում անկարգություններին, ապա դրանք դադարեցին Վանո Սիրադեղյանի ժամանակ: Ինչ չի արվել, կարվի հիմա: Նախ եւ առաջ Երեւանին եմ վերադարձնելու քաղաքացուն, ես չեմ ուզում վիրավորել գյուղաբնակներին, բայց մեզ հին երեւանցիներն են իրենց կոլորիտով եւ կուլտուրայով պակասում»:

Ի դեպ, ապրիլի 30-ին Ազատության հրապարակում ՀԱԿԿ-ն հանրահավաք կանցկացնի, որին կմասնակցի նաեւ կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #62, 18-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ