RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-04-20 00:37:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1524, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 56

ԱՆԳԵԼԱՆ, ՌԵՋԵՓ-ԹԱՅԻՓԸ ԵՎ... ԻԼՀԱՄԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ավարտվել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թոմաս Մելիայի այցը Բաքու: Այդ ընթացքում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահին, արտգործնախարարին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Ամերիկացի դիվանագետը հույս է հայտնել, որ Ադրբեջանի կառավարությունը «կհարգի իր միջազգային պարտավորությունները», եւ հատկապես ընդգծել քաղաքացիների հավաքի եւ կարծիք արտահայտելու իրավունքը հարգելու հանգամանքը:

«Թուրան» գործակալության հարցին, թե Միացյալ Նահանգներն ինչպես է վերաբերվում երրորդ ժամկետով Իլհամ Ալիեւի առաջադրմանը, պետքարտուղարի օգնականի տեղակալն ասել է, որ «դա արդեն կարմիր գիծն է»: Բաքվում այդ առթիվ արվում են տարբեր մեկնաբանություններ: Ամենաբնութագրականը, թերեւս, քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի տեսակետն է, ըստ որի Թոմաս Մելիան «պետդեպարտամենտի երկրորդական պաշտոնյա է, այլ բան, եթե նման կարծիք արտահայտեր նախագահ Օբաման կամ պետքարտուղար Քերրին»:

Ալիզադեն կարծում է, որ ԱՄՆ-ում Իլհամ Ալիեւի երրորդ ժամկետով պաշտոնավարությանը «հանգիստ են վերաբերվելու, քանի որ նրանից ստանում են այն ամենը, ինչ ուզում են»: Իշխող վարչախումբն, իհարկե, չէր կարող այդքան անկեղծ խոսել: Այնտեղ գերադասել են հղում անել դեռեւս 2009-ին «հանրաքվեով կատարված փոփոխությանը» եւ մեկ անձի անընդմեջ նախագահի թեկնածու առաջադրվելն ու «ընտրվելը» անվանել «սահմանադրական նորմ»:

Դա իրոք այդպես է, Ադրբեջանում 2009-ին անցկացվել է հանրաքվե, եւ մեծամասնությունը համաձայնել է, որ Իլհամ Ալիեւի ցմահ նախագահելու իրավունք ունենա: Վարչախմբի ներկայացուցիչ Ալի Հասանովին, սակայն, հարկ է եղել դիմելու միջազգային փորձին:

Բայց պատմական եւ քաղաքական գիտությունների դոկտորը, որ բարձրագույն կրթություն ստացել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, չգիտես ինչու, չի դիմել ԱՄՆ-ի օրինակին, որտեղ Ֆրանկլին Ռուզվելտը 4 անգամ անընդմեջ նախագահ է ընտրվել, այլ վկայակոչել է... Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանին (տես` http://haqqin.az/news/5160):

Կարող էր վկայաբերել նաեւ վերջերս կյանքից հեռացած Թետչերին, որը 11 տարի Մեծ Բրիտանիայի վարչապետն է եղել: Բայց երեւի վախեցել է համեմատություն անել հանգուցյալի եւ «նորին բռնապետական մեծության» միջեւ: Բայց զավեշտն այն է, որ Իլհամ Ալիեւի աշխատակազմի պատասխանատու ներկայացուցիչը իր երկրի նախագահի պաշտոնը համեմատում է խորհրդարանական կառավարման երկրների վարչապետի պաշտոնի հետ:

Չէ՞ որ Գերմանիայում եւ Թուրքիայում մարդիկ քվեարկում են ոչ թե Մերկելին եւ Էրդողանին, այլ` նրանց գլխավորած կուսակցությանը: Թուրքիայում եւ Գերմանիայում նախագահ ընտրում է խորհրդարանը, բայց նույն անձը չի կարող երրորդ ժամկետով առաջադրվել: Նույնն է նաեւ Իտալիայում, Լիբանանում:

Օրենքն, այսպիսով, չի կարող արգելել, որ Մերկելի կամ Էրդողանի գլխավորած կուսակցությունը երրորդ ժամկետով մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Քանի որ այդ դեպքում պառլամենտարիզմի էությունը եւ ժողովրդավարությունը կարժեզրկվեն:

Դա տեղի է ունեցել Ադրբեջանի նման բռնատիրական երկրում, որտեղ կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին չեն մասնակցում, համամասնական ընտրակարգ գոյություն չունի: Կուսակցություններին տրված է միայն մեծամասնական ընտրատարածքներում պատգամավորի թեկնածու առաջադրելու իրավունք:

Հետաքրքրական կլիներ իմանալ, թե կանցլեր Մերկելն ինչպե՞ս է ընդունել Ալի Հասանովի կողմից իրեն Իլհամ Ալիեւի հետ համեմատելու փաստը: Էրդողանը գուցե «եղբայր Իլհամի կատակն» ընդունի ներողամիտ ժպիտով: Ի վերջո, «մի ժողովուրդ, երկու պետություն են»: Բայց Գերմանիայի կանցլերը հազիվ թե իրեն Իլհամ Ալիեւի հետ «նույն նավակում տեղավորելուց» հաճույք ստացած լինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #64, 20-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ