RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-04-23 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1319, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նրանց համար, ովքեր ամեն տարի ապրիլի 24-ին անհամբերությամբ սպասում են ԱՄՆ նախագահի` հայերին ուղված ուղերձին, ասենք, որ Օբաման այսօր էլ «ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործելու: Իհարկե, սա չի նշանակում, թե ԱՄՆ նախագահը հերքում է ցեղասպանության փաստը, մասնավորաբար այս եզրակացությանը կարելի է գալ ոչ միայն Օբամայի` մինչ նախագահ դառնալն արած հայտարարություններից, այլեւ նախագահի կարգավիճակում արդեն իր ու ողջ ԱՄՆ իշխանական վերնախավի գործունեությունից: Որեւէ հայտարարության մեջ ամերիկացի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա ամենեւին չի հերքում ցեղասպանությունը, սակայն եթե սա իրավիճակ չի փոխում, հետեւաբար ձեւակերպումներ կան, որոնք շատ կարեւոր են:

Օրինակՙ դուրս գալով իշխող կոալիցիայիցՙ ԲՀԿ-ն մինչեւ օրս իրեն չի հայտարարել ընդդիմադիր քաղաքական միավոր: Այս առումով մի քանի օր առաջ ֆեյսբուքի իր էջում Վարդան Օսկանյանը գրառում կատարեց, որով մասնավորաբար ընդգծեց. «ԲՀԿ-ն պետք է հայտարարի, որ ինքը ընդդիմություն է»: Կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանն իր հերթին այս կապակցությամբ երեկ ընդգծել է. «Կարծում եմՙ ժամանակն է, որ քաղաքացիները կուսակցությունների դիրքի մասին դատողություններն անեն ոչ թե ձեւակերպումներից, այլ դրանց գործունեությունից ելնելով: Եթե կուսակցության ղեկավարությունն ինձ հանձնարարի հայտնել ձեզ այդ մասին, ես սիրով դա կանեմ»: Հասկանալի է, եթե անգամ ԲՀԿ-ն չի հայտարարում իր ընդդիմադիր լինելու մասին, այս կուսակցության որոշ ներկայացուցիչների (ոչ առաջնորդի)` գործող իշխանությունների հասցեին ուղղված քննադատությունը կարող է հիմք հանդիսանալ քաղաքացիների համար դիտարկելու ԲՀԿ-ն որպես ընդդիմադիր ուժ: Այստեղ տարօրինակն ու անհասկանալին այլ է: Մասնավորաբար, եթե իր գործունեությամբ, իսկ ԲՀԿ-ի գործունեությունը, բնականաբար, որոշվում ու ուղղորդվում է կուսակցության ղեկավարության կողմից, ԲՀԿ-ն ընդդիմադիր պահվածք է դրսեւորում, ապա ինչո՞ւ է ԲՀԿ ղեկավարությունը խուսանավում ընդդիմադիր կոչվելուց: Ուրիխանյանը երեկ հայտարարեց նաեւ` «...մենք իշխանություն չենք, դրա մասը չենք կազմում», այսինքնՙ հասկացեք, որ «եթե իշխանություն չենք, ուրեմն ընդդիմություն ենք», բայց ինչո՞ւ Ուրիխանյանը հենց այսպես չի ասում, ավելի ճիշտՙ ինչո՞ւ ԲՀԿ մամուլի քարտուղարին այսպես ասելու հանձնարարություն չի տալիս ԲՀԿ ղեկավարությունը:

Պատճառի մասին մնում է միայն ենթադրել. քաղաքացիների մեծամասնության ըմբռնմամբ` ԲՀԿ-ն դիտարկվում է որպես ընդդիմադիր ուժ ու օգտվում այս հանգամանքից, իսկ իրավական տեսանկյունից ԲՀԿ-ն ամենեւին էլ ընդդիմություն չէ, ինչը կարող է նրան որոշ արտոնություններ տալ` գործող իշխանության հետ տարաբնույթ երկխոսությունների ժամանակ:

Կրկնենք` սա միայն ենթադրություն է, ինչի հիմքը միշտ կա այնտեղ, որտեղ հստակություն չկա: Իրականում քաղաքացիներին ամենեւին էլ չի հետաքրքրում, թե կասե՞ն արդյոք Օբաման ու Ծառուկյանը համապատասխանաբար «ցեղասպանություն» ու «ընդդիմություն» բառերը, հետաքրքրականն այն է, թե ինչո՞ւ չեն ասի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ