RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-04-23 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2377, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 78

ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏՈ՞Ղ

ՄԱՐԿ ԴԻԹՑԵՆ, Եյլի համալսարանի մագիստրոս, «Yale Journal of International Affairs» ամսագրի նախկին գործադիր տնօրեն

Օսմանյան Թուրքիայի կողմից բնաջնջված 1.5 միլիոն հայերի հիշատակման օրը «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն «մեծ կոտորած» եզրույթի գործածումը նախագահ Օբամայի կողմից առնվազն անկեղծ չէ: Ժամանակն է, որ նախագահը վերջապես ասի ճշմարտությունըՙ կատարելով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու իր խոստումը:

Ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների նախագահի կողմից ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա բնորոշումներն, ըստ էության, կանխատեսելի ուղղություն են ընդունել մի կողմից հայոց ողբերգության ճանաչման, մյուս կողմիցՙ թուրքերի հպարտությունը չոտնահարելու միջեւ:

Հայերի մասսայական կոտորածները հենց ցեղասպանություն անվանելու փոխարեն Օբաման բառացի օգտագործեց Meds Yeghern (Մեծ Եղեռն) եզրույթը, ինչը անգլերեն թարգմանելիս ոչ թե ցեղասպանություն, այլ մեծ կոտորած է նշանակում:

Արդյո՞ք պարոն Օբամայի կողմից ցեղասպանություն տերմինը գործածելը մերժելը ցեղասպանության պաշտոնական ժխտում է նշանակում:

Ապրիլի 24 ին նախագահի բառերի ընտրությունը մտահոգիչ է այն առումով, որ վերջինս պարտավորվել էր Սպիտակ տուն մտնելուց անմիջապես հետո ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առավել եւս, որ հայտնի է նրա անձնական այն համոզմունքը (ինչը նաեւ հրապարակվել է), որ հայերը ցեղասպանության զոհ են դարձել: Կարծում ենքՙ համամարդկային նշանակություն ունեցող հարցին գնահատական տալու վերաբերյալ սեփական խոստումը դրժելը հարիր չէ խաղաղության Նոբելյան մրցանակակիր, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին:

Դեռեւս 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն ահազանգեց Վաշինգտոնին հայերի նկատմամբ սկսված «ռասայական բնաջնջման արշավի» մասին:

Շարունական սպանությունների դեմ նրա բողոքը, սակայն, բախվեց Օսմանյան Թուրքիայի կառավարության ականջների խլությանն ու պաշտոնական Ամերիկայի համրացած արձագանքին: Նա զզվանքով հրաժարական տվեց դեսպանի իր պաշտոնից, իսկ սպանությունները շարունակվեցին:

1943 թվականին, երբ Ռաֆայել Լեմկինը թղթին էր հանձնում «ցեղասպանություն» եզրույթը, նա, որպես ցեղասպանության սաղմնային օրինակի, անդրադարձավ հայերի բնաջնջմանը: 1930-ականերին նա փորձեց բնորոշել «անանուն հանցագործությունը», որը կատարվել էր հայերի դեմՙ զգուշացնելով, որ այդպիսի բարբարոսությունը կարող է նորից կրկնվել: Այդպես էլ եղավ: Հոլոքոսթը հաջորդեց դրան, ու սպանությունները շարունակվեցին:

Թուրքիայում հայկական փոքրամասնության անվանի անդամ, «Ակօս» թուրքհայերեն թերթի խմբագիր Հրանտ Դինքը 2006 թվականին նկարահանվեց մի փաստագրական ֆիլմում, որտեղ հարցազրույց տվեց թուրքերի կողմից հայերի ցեղասպանության ժխտման եւ «թրքությունը վիրավորելու» Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածը խախտելու համար հետապնդումների ենթարկվելու վերաբերյալ: Ֆիլմի ցուցադրումից շատ չանցածՙ Դինքը սպանվեց ստամբուլյան իր գրասենյակի դիմաց:

Սպանությունների թարմ օրինակ. վերջերս լրատվամիջոցները խոսում էին Ստամբուլի պատմական հայկական թաղամասումՙ Սամաթիայում տարեց հայ կանանց նկատմամբ մի շարք հանցագործությունների մասին: Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիան, արձագանքելով դեպքերին, պնդում է, որ հանցագործությունները ազգայնական հողի վրա են կատարվել: Քանի դեռ հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման քաղցկեղն անտեսվում եւ ժխտվում է, դրա կրկնությունը կշարունակվի:

«Հայերի ցեղասպանությունը հայատարարություն, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն փաստաթղթերով ապացուցված փաստՙ հաստատված պատմական հսկայածավալ վկայություններով: Փաստերը անժխտելի են»: Սա նախկինում պարոն Օբամայի արած բնորոշումն է:

Կարծում եմ, որ նա, որպես նախագահ նույնպես, դատապարտող այդ բառերը արտասանելու համար քաջություն պետք է ունենա:

Ստրկության տարածման դեմ վիճաբանելիս Աբրահամ Լինկոլնը, սեփական բարոյական դիլեմային բախվելով, ասել է. «Եկեք հավատանք, որ իրավունքը ենթադրում է հնարավորություն, եւ այդ հավատով եկեք վերջապես համարձակվենք կատարել մեր պարտքը այնպես, ինչպես մենք ենք հասկանում»:

Կհիշի՞ արդյոք նախագահ Օբաման իր մեծ նախորդի այս խոսքերը Հայոց զոհերի հիշատակման օրվան պատրաստվելիս եւ կհամարձակվի՞ կատարել իր պարտքը անպես, ինչպես ինքն է հասկանում, թե՞ մենք դեռ պետք է շարունակենք զարմանալՙ «Նախագահ Օբաման ցեղասպանությունը ժխտո՞ղ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ