RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013



Տեղադրվել է` 2013-04-23 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1299, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 98-ԱՄՅԱԿԻ ՀՈՒՇԱՀԱՆԴԵՍՆԵՐ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ապրիլի 24-ին Գերմանիայի հայաշատ քաղաքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվում: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

Բեռլինում անցկացվող հիշատակի երեկոներից մեկը կազմակերպել է եկեղեցական միությունը. այսօրՙ ժամը 18.30-ին Ս. Մարիեն եկեղեցում հոգեհանգստյան պատարագ կմատուցի գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, հյուր կլինի Կանաչների նախագահ Ջեմ Էոզդեմիրը: Ժամը 19-ին Բեռլինում (Fabriktheater Berlin-Moabit) կներկայացվի «Թալեաթ փաշայի դատավարությունը» բեմադրությունը:

Ապրիլի 25-ին, ժամը 19-ին ԳԴՀ մայրաքաղաքի Ֆրիդրիխշտադտքիրշե մայր տաճարում իր կազմակերպած հիշատակի երեկոյին է հրավիրում Բեռլինի հայ համայնքը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ Ասատուրի նկարչությամբ հագեցած հրավիրատոմսից իրազեկ ենք դառնում երեկոյի մանրամասներին: Նախՙ ներկաներին կողջունի համայնքի ղեկավար Վարդգես Ալյանաքը, ելույթ կունենան ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Բունդեսթագի անդամ Դիիտմար Նիիթանը, օրվա բանախոսն է Բեռլինի Ազատ համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Հայո Ֆունկեն: Դերասանուհի Մելանի Բլոքսդորֆը կընթերցի ականատեսների վկայություններից, ելույթ կունենան Սերգեյ Խաչատրյանը (ջութակ) եւ Լուսինե Խաչատրյանը (դաշնամուր):

Հայոց ցեղասպանության 98-րդ ձագանքում են ապրիլի 24-ին, ժամը 17-ինՙ խաղաղ ցույցով, որ քաղաքի կենտրոնական փողոցները հատելով կանգ կառնի Թուրքիայի հյուպատոսության առջեւ: Կազմակերպիչները պահանջում են Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վերջ տալ ուրացման քաղաքականությանը, իսկ ԳԴՀ-իշխանություններից եւ տեղի լրատվամիջոցներիցՙ իրենց վշտին անտարբեր չլինել, սատարել պատմական արդարությանը:

Բրեմենում հիշատակի արարողությունները կսկսվեն այսօրՙ ժամը 17-ին: Առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը տեղի կունենա Ս.Պետրոսի տաճարում (St.Petri- Dom), որ կմատուցի Գնել քահանա Գաբրիելյանը, համերգային մասը կապահովի երգչուհի Լուսինե Ղազարյանը, իսկ ժամը 19-ին հուշահանդեսը կշարունակվի քաղաքում տեղադրված խաչքարի մոտ:

Քյոլնի նշանավոր Մայր տաճարի մերձակա հրապարակում ապրիլի 24-ին, ժամը 17-18-ը բարձրաձայն կընթերցվեն Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի անուններ, այնուհետ Քյոլնի Ս. Սահակ-Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցում ժամը 19-ին պատարագ կմատուցվի, իսկ հիշատակի երեկոյի բանախոսը կլինի Ցյուրիխի համալսարանի նոր պատմության պրոֆեսոր Հանս Լուկաս Քիիզերը:

Բադեն-Վյուրթեմբերգի շրջանի հայությունը նախ ժամը 16-ին ծաղկեպսակ կդնի Շտուտգարդի Շթայնհալդենֆելդ գերեզմանոցի հայկական խաչքարին, Շտուտգարդի Բադ Կաննշտատ ավետարանական եկեղեցում կմասնակցի ժամը 19-ին Տիրատուր քահանա Սարդարյանի մատուցելիք պատարագին: Ներկաները կունկնդրեն Բեռլինի Ազատ համալարանի դոկտոր, «Հուշամատյանի» աշխատակից Էլքե Հարթմաննին:

Ապրիլի 24-ին հուշահանդես կանցկացվի նաեւ Մյունխենում :

Գերմանիայի տարբեր քաղաքներում ապրիլ 24-ից առաջ հիշատակի արարողություններ տեղի են ունեցելՙապրիլի 21-ին Նյուրնբերգում , 23-ինՙ Հալլե-Զաալեի Ս. Հարություն եկեղեցում եւ Հեսսենի երկրամասի Հանաու քաղաքում, ուր Սերովբե վարդապետ Իսախանյանի մատուցած պատարագին հաջորդել է Յաշար ( Արշակ ) Քուրդի երաժշտական մասնակցությունը, ցուցադրվել է նաեւ Էրիկ Ֆրիդլերի «Աղետ» ֆիլմը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ