RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-04-23 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1915, Տպվել է` 93, Ուղարկվել է էլ.փոստով` 78

«ՇԱԽՏՅՈՐԸ» ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ 40 ՄԼՆ ԵՎՐՈ Է ԳՆԱՀԱՏԵԼ

«Ազգի» նախորդ համարներից մեկում կարծիք էինք արտահայտել, որ եթե Դոնեցկի «Շախտյորի» ղեկավարությունը չի ցանկանում բաժանվել Հենրիխ Մխիթարյանից, ապա նրան թիմում պահելու համար բավականին բարձր գին կսահմանի հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Եվ ահա այդ կանխագուշակումն իրականացավ: Ըստ Tuttomercato-ի, «Շախտյորը» Հենրիխի տեղափոխության դիմաց 40 մլն եվրո է պահանջում: Դա կարող է խոչընդոտ լինել առաջատար եվրոպական ակումբների համար, որոնք ցանկանում են արդեն ամռան տրանսֆերային շրջանում գնել Մխիթարյանին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը Դոնեցկի «Մետալուրգից» «Շախտյոր» էր տեղափոխվել 7,5 մլն դոլարի դիմաց: Նրա պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2015-ի հունիսին: Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հատկապես հետաքրքրված են անգլիական ակումբները, սակայն տրանսֆերային բարձր գինը կարող է ստիպել նրանց հրաժարվելու Մխիթարյանին ձեռք բերելու մտքից: Թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, ցույց կտա ժամանակը:

Մխիթարյանի խաղի մասին շարունակում են կարծիքներ հայտնել ֆուտբոլի մասնագետները: Նրանցից մեկն էլ ուկրաինական «Ֆուտբոլ» հեռուստաալիքի փորձագետ, ռուս հայտնի մեկնաբան Յուրի Ռոզանովն է:

«Ինձ համար վաղուց պարզ է, որ այս մրցաշրջանում ուկրաինական առաջնության լավագույն խաղացողը Հենրիխ Մխիթարյանն է: Պատճառը միայն նրա խփած գոլերը չեն: Դրանք իհարկե կարեւոր են: Բայց ավելի կարեւորն այն է, որ Մխիթարյանը «Շախտյորում» կատարում է այն դերը, ինչ անում է Պիռլոն «Յուվենտուսում»: Ինձ համար նա թիմային արագության գլխավոր պատասխանատուն է: Կարճ ասած, Հենրիխը բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ է: Ուստի առանց տատանվելու Մխիթարյանին լավագույնն եմ համարում: Պատկերացրեք, թե նա ինչպիսի սուպերխաղացող կլիներ, եթե բոլոր կարեւոր հանդիպումներին թիմին իր հետեւից տաներ:

Արեւմուտքում ահռելի է հետաքրքրությունը նրա հանդեպ: Նրա տեսակի խաղացողները մեծ պահանջարկ ունեն առաջատար ակումբներում: Ռուսական առաջնությունը լիարժեք չէի անվանի: Սակայն կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի, եթե Մխիթարյանն իր թերությունները հենց այնտեղ շտկի: Թեկուզ այն պատճառով, որ Հայաստանի հավաքականում նա այդքան էլ հաճախ գոլեր չի խփում, ինչպես իր ակումբում: Իսկ դա նշանակում է, որ երաշխիքներ չկան, թե Հենրիխը ամեն մի թիմում էլ կշարունակի նույն կերպ գոլեր խփել: Կամ էլՙ դեռեւս չկան:

Այդուհանդերձ, այս նկատառումները Հենրիխին ուղղված խորհուրդներ չեն: Նա հասուն մարդ է, ինքը գլուխ կհանի», նշել է ֆուտբոլային մեկնաբանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ