RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013



ՊԱՀԱՆՋԱՏԵՐ Է ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ

Տեղադրվել է` 2013-04-25 23:57:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1140, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 40

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԲՌՆԱԳՐԱՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԱՊԱՏԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ Բ, ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԱՐԱՄ Ա, ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ
ԱՊՐԻԼ 24, 2013

2015 թ. հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ ի սփյուռս աշխարհի նշելու է 100-րդ տարելիցը Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության:

1915 թ. ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան մեկուկես միլիոն հայեր, աքսորի ճանապարհներին վերապրած հայերը ապաստան գտան Արեւելյան Հայաստանում` ներկայիս Հայաստանի Հանրապետությունում, Սիրիայում, Լիբանանում, արաբական այլ երկրներում ու աշխարհի տարբեր պետություններում:

Անհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան կայսրության ենթակայության ներքո գտնվող Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում, ինչպես եւ Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց նաեւ եկեղեցապատկան կալվածքներ` եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրոնական մեծ արժեք ունեցող իրեր` խաչքարեր, ձեռագրեր, սրբանկարներ եւ այլն: Ցեղասպանության ենթարկված ու բռնի միջոցներով տեղահանված հայ ժողովրդին պատկանող բոլոր կալվածքները սեփականացվեցին Թուրքիո պետության կողմից` «լքյալ կալվածքներ» անվան տակ:

Ցեղասպանությունից 98 տարիներ անց Թուրքիո ներկա պետությունը` որպես իրավահաջորդը Օսմանյան կայսրության, ոչ միայն մերժում է իր նախորդների ծրագրած ու իրագործած ցեղասպանությունը, այլեւ շարունակում է իր հակահայ քաղաքականությունը` բռնագրաված պահելով հայ ժողովրդի կրոնական ու մշակութային արժեքները` եկեղեցապատկան կալվածքներն ու իրերը:

Հետեւաբար, կոչ ենք ուղղում Թուրքիո պետությանը եւ պահանջում.

Ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների եւ մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց

Անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները եւ հոգեւոր-մշակութային արժեքները:

Աղոթքով հիշելով Հայոց ցեղասպանության զոհերին` դատապարտում ենք ամեն բռնարարք` ուղղված աստվածապարգեւ կյանքի, մարդու արժանապատվության եւ մարդկության խաղաղ համակեցության դեմ, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլՙ խաղաղության» (Ա Կորնթ. 14.33), որ մարդկանց կոչել է սիրո, համերաշխության եւ գործակցության:

Երախտագիտությամբ ենք հիշում բոլոր ժողովուրդներին ու պետություններին, որոնք Ցեղասպանության օրերին ապաստան տվեցին տեղահանված հայերին եւ հոգատարություն ու եղբայրական սեր ցուցաբերեցին հայրենազրկված ու տարագրված հայերի հանդեպ:

Հայ ժողովուրդը հավետ երախտագետ է լինելու նաեւ այն բոլոր պետություններին, որոնք մարդասիրության եւ արդարության սկզբունքներով առաջնորդված` դատապարտել եւ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախասեմին մեր բոլոր կարելիությունները ի գործ պիտի դնենք` միասնաբար իրականացնելու հայ ժողովրդի պահանջները` հանուն արդարության եւ հայության իրավունքների պաշտպանության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ