RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013



ՈԳԵԿՈՉՈՒՄ

Տեղադրվել է` 2013-04-25 23:57:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1213, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 39

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 98-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մ. Բ.

Ամեն տարի Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր այն անկյուններում, որտեղ հայ ու հայկական համայնք կա, տեղի են ունենում 1,5 մլն անմեղ հայ նահատակների ոգեկոչման միջոցառումներ: Ըստ ՀՀ արտաքին գործերի մամուլի հաղորդագրությունների, այս տարի 1915-ի զոհերի հիշատակի արարողություն տեղի է ունեցել Ֆրանսիայում, Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում: Քաղաքապետ Բերտրան Դըլանոեն բացման խոսքում նշել է, որ ժխտողականության դեմ պայքարը հաջողությամբ պետք է պսակվի եւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը պետք է վերջապես ընդունվի: Ապա ելույթ են ունեցել Ֆրանկ Փափազյանը եւ Արա Թորանյանը, ամփոփիչ խոսքով հանդես է եկել Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը:

Ապրիլի 22-24-ը Ղազախստանի բոլոր 14 հայկական համայնքներում անցկացվել են 1915-ի զոհված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ: Ապրիլյան այս օրերին Հունաստանի մայրաքաղաքումՙ Աթենքում, Սալոնիկում եւ Քսանթիում նույնպես ոգեկոչման ու հիշատակի արարողություններ են եղել, հիմնական միջոցառումը կայացել է «Ռոյալ Օլիմպիկ» հյուրանոցի սրահումՙ կազմակերպված ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի եւ ՌԱԿ հայ իրավանց խորհրդի կողմիցՙ նախաձեռնությամբ Աթենքի մարզպետարանի:

Ապրիլյան ոգեկոչման օրեր են անցել Ռումինիայի եւ Բուլղարիայի հայաշատ քաղաքներում: Ապրիլի 24-ին Բուխարեստի Միքայել եւ Գաբրիել Սուրբ հրեշտակապետաց եկեղեցիներում կատարվել են հիշատակի հոգեհանգստյան արարողություններ: Հայոց միության մշակույթի կենտրոնում կազմակերպվել է հիշատակի երեկո, ելույթ են ունեցել Հայ եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տարոն արք. Հակոբյանը եւ դեսպան Համլետ Գասպարյանը:

Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ապրիլի 24-ին մատուցվել է Սուրբ պատարագ եւ հոգեհանգստի արարողություն: Մինսկի կենտրոնական զինվորական գերեզմանոցում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում, որտեղ ելույթ է ունեցել նաեւ ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը: Մոսկվահայերը 1915-ի զոհերի հիշատակի արարողությունը անցկացրել են Ռուսաստանի մայրաքաղաքում կառուցվող հայկական եկեղեցու տարածքում կանգնեցված հուշակոթողի մոտ, եկեղեցու մատուռում մատուցվել է հոգեհանգստի պատարագ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արայիկ Բադալյանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը եւ այլք:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Կանադայում, ՀՀ դեսպանության շենքում, ծաղկեպսակներ են դրվել «Անմահ Հայաստան» հուշարձանին, որտեղ ելույթներ են ունեցել կուսակցական գործիչներ, նաեւՙ դեսպան Արմեն Եգանյանը: Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Կենտրոնական տաճարում ապրիլի 23-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջկրոնական արարողություն, ծաղկեպսակ է դրվել տաճարում գտնվող խաչքարի մոտ, որը տեղադրվել էր 2005 թ.-ի ապրիլի 24-ին, այն ժամանակվա Բուենոս Այրեսի կարդինալ Բերգոլիոյիՙ ներկայիս Հռոմի պապ Ֆրանցիսկոյի աջակցությամբ: Հաջորդ օրը Բուենոս Այրեսի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ եւ հոգեհանգստյան արարողություն է կատարվել, ներկա են եղել Արգենտինայի դաշնային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը եւ ուրիշներ: Նմանապես հոգեհանգստյան արարողություն է կատարվել Շարժայի (ԱՄԷ) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, եւ օրվա երկրորդ կեսին ՀՀ դեսպանությունում ոգեկոչման երեկո է կայացել, որի ընթացքում բանախոսել է դեսպան Գեղամ Ղարիբջանյանը::

Ապրիլի 23-ի երեկոյան Անթիլիասի մայրավանքի բակում տեղի ունեցած «Հսկումի երեկոյին» ներկա են եղել 3 000 մարդՙ Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, նախարարներ, ՀՀ դեսպանատան ողջ անձնակազմը, քաղաքական ու հոգեւոր հայ առաջնորդներ: Հաջորդ օրը Անթիլիասի Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվել է հանդիսավոր սուրբ պատարագ եւ հոգեհանգստյան արարողություն: Բուրջ Համուտի հրապարակից կազմակերպվել է բազմահազարանոց քայլարշավ դեպի Բեյրութի կենտրոնում գտնվող Նահատակների հրապարակ, որտեղ ընթերցվել է ՄԱԿ-ին ուղղված հուշագիրը:

Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ: Նույն օրը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հրավերով ՀՀ դեսպանության եւ ամերիկյան կազմակերպությունների հետ համատեղ ԱՄՆ Սենատում կայացել է հիշատակի ոգեկոչման միջոցառում, որտեղ ելույթով հանդես եկած ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեզը, ԱՄՆ ՆԵրկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, Կոնգրեսի տասնյակից ավելի անդամներ դատապարտել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, թուրքական կառավարության որդեգրած ժխտողական քաղաքականությունըՙ կոչ անելով Մ. Նահանգների Կոնգրեսին եւ վարչակազմինՙ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նույն ոգով ելույթ է ունեցել նաեւ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը:

Նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություններ կատարվել են նաեւ Բեզգիայում, Եգիպտոսում, Սերբիայում եւ այլուր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ