RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-04-25 23:57:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1661, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հայկական հեռուստահաղորդումների (ծրագրերի) գերակշիռ մասի բովանդակությունն ու մատուցման ձեւերը այնպիսին են, որ տարիներ արդեն ակնդիրների որոշակի մի շերտ դրանց վտարել է իր առօրյայից, հազվադեպ անհրաժեշտությամբ նրանց հեռուստաէկրաններին սեփական կամքով հայկական որեւէ հաղորդում կարող է հայտնվել: Ապրիլի 24-ը այն բացառիկ օրն է, երբ օտար հեռուստածրագրերը նրանց (հավանորեն մեծ մասին) չեն ձգում, իրենք չեն ուզում դիտել: Հեռուստատեսային առավոտը բացվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի խորհրդանիշ-պատկերով եւ մանավանդՙ ազդեցիկ, երբ օդի սառը թափանցիկությամբՙ Արարատի վեհաշուք «նկարը» ավելի մերձենում է աչքիդ... այնպես, որ Ծիծեռնակաբերդի լռությունը լսելի է դառնում: Ապրիլի 24-ը մեզ համար Ծիծեռնակաբերդ ձգվող ճանապարհն է, ցավին խոնարհված ծաղիկները, անհանգիստ կրակը հիշողության ու արյան մեր մեղեդինՙ Կոմիտասի:

Տասնամյակներ արդեն հայերը այդ օրը լուռ կտրում են այս ճանապարհը, խոնարհվում զոհերի հիշատակը հավերժացնող կրակին: Նրանց մեջ նաեւ զոհերի շառավիղներՙ թուրքական սպանդից մազապուրծ, աշխարհի ամենաանհավանական անկյուններ տարագրվածՙ ցեղասպանված արեւմտահայի զավակներ, թոռներ:

Մարդու ամենաառեղծվածային ֆենոմենը հիշողությունն էՙ մոտ ու հեռու անցյալների... Աշխարհի ամենահեռավոր այդ անկյուններում, որտեղ ազգակից եւ ոչ մի հայ չի եղել, հայ մարդը խաչքար է դրել, սերունդ բազմացրել ու հիշողություն պահել: Բացարձակորեն օտար միջավայրում, օտար կրթությամբ, մտածողությամբ ու սովորույթներով մեծացած, մանավանդ նրանց հետագա սերունդները թվում էր, եթե անգամ չկորցնեին, կանտեսեին հիշողության ծանր բեռը, սակայն մարդու կենսաբանական կառույցում, գենետիկ կոդում դրված է այն առեղծվածայինը, անհայտ ծրագիրը, որով առաջ են գնում սերունդները. մարդկությունը ապրում է, կա՛ իր հիշողությամբ, իր արմատներով, նույնիսկ իր կամքից անկախ: Չնայած զարգացման հաջողությունը պայմանավորում է ոչ այնքան անցյալին, որքան ներկայինՙ հեռանկարային դաշտին ուղղված հայացքը: Այդուհանդերձ, ժամանակի փիլիսոփայությունը այս երեք վիճակները մեկ հարթության մեջ է դիտարկում-տեսնում: Եվ անցյալը այն գործոնն է դառնում, որի վրա կառուցվում է ապագայի շենքը, այսինքնՙ այսօրվա արարքը քո վաղվա օրն է: 1915-իՙ մեր նորօրյա պատմության ամենաճակատագրական, ողբերգականորեն ամենաշրջադարձային էջը ամբողջ մի ժողովրդի հազարամյա քաղաքակրթության, մշակույթի ոչնչացման-քայքայման, նրա ֆիզիկական գոյության բնաջնջման փորձի հետեւանքը վերապրածների եւ նրանց սերունդների կյանքի, մտածողության, աշխարհընկալման, հոգեբանության վրա ահռելի է: Իսկ այն հայերը, որոնք անմիջական ժառանգորդները չեն դրա, պատմական այս հիշողությունը իրենց մեջ կրում են անուղղակիորենՙ պատմության դասագրքերից, արխիվային-վավերական նյութերի, ֆիլմերի, գեղարվեստական գրականության, ականատեսների պատմածների միջոցով եւ փորձում պատկերացնել (եթե հնարավոր է դա) ահասարսուռ 1915-ը:

Հեռուստաընկերություններից, որքան հիշում եմՙ «Շանթի» հաղորդաշարերից մեկի երեկվա երեկոյան հաղորդումը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը. տարբեր ոլորտի մասնագետներ էին հյուրերը: Ավարտին դպրոցահասակՙ 12-13 տարեկան աղջիկը, երբ փորձեց հաղորդումից ստացած տպավորությունը հայտնել, ձայնը խեղդվեց կոկորդում, ասաց, որ դպրոցական պատմության դասերից գիտեն, իրենց ուսուցիչները պատմել են, սակայն այդ օրվա դասը հոգեպես ցնցեց իրեն եւ այն աստիճան, որ չէր կարողանում խոսել: Հաղորդման մասնակիցներին էլ անսպասելի այս հուզումը ազդեց. դա երեւում էր նրանց դեմքի արտահայտությունից: Նաեւ այսպես է հիշողությունը վերամարմնավորվում եւ հետագա շարունակությունն ունենում:

Որեւէ միտք, գաղափար մարդկանց գիտակցությանը տեղ հասցնելու, մտածողության վրա ազդելու հիմնական միջոցները զանգվածային լրատվամիջոցներն են, հրատարակչությունները, արվեստի տեսակները: Լայն մասսաների վրա ամենաարագ եւ էֆեկտիվ ազդելու միջոցը, իհարկե, հեռուստատեսությունն է: Արդեն հասկանալի է հեռուստածրագրերի քաղաքականությունը մշակողի գիտակցության, մտահորիզոնի, բարոյականության մակարդակների կարեւորությունը, ինչը մեր պարագայում վերջին տասնամյակներում կասկածելի խախուտ էՙ իբր հարմարեցված շուկայական մտածողությանը: Սա, իհարկե, մակերեսային արդարացում է, իրականում նպատակը մասսայական կուլտուրայի միջոցով մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելն է, ինչպես ամենուր է դա տեղի ունենում:

Ապրիլի 24-ին հայկական բոլոր հեռուստաընկերությունների ծրագրերի նյութը (հաղորդումները, ֆիլմերը, հարցազրույցները) ցեղասպանությանն է նվիրված լինում, ազդեցիկ կամ ոչ. այժմեական կամՙ ոչ: Գրելուս առիթը «Շանթ» հեռուստաընկերության այս տարվա ապրիլքսանչորսյան ծրագիրն էր, եւ դա այնպիսին էր, որ հայկական մյուս հեռուստաալիքները, թեկուզ ծանոթանալու համար, միացնել թույլ չտվեց: Այնքան հագեցած, բազմաբովանդակ, որակյալ, որի համար, կարծում եմ, արժանին պետք է մատուցել օրվա եթերում գերակշռող հաղորդաշարերի հեղինակ Արտյոմ Երկանյանինՙ տարիների կատարած մասնագիտական բարեխիղճ աշխատանքի համար, մասնավորապես Թուրքիայում պատրաստված հաղորդաշարերի, որտեղ հեռուստամեկնաբանը քիչ է ասել զուտ պրոֆեսիոնալ բարձր մակարդակների շնորհիվ է հաջողության հասել, կամ ժամանակաշրջանի ու պատմության իմացության: Արդյունքում հաջողվել է ներկայացնել թուրք հասարակությունը, նրա այսօրըՙ պատմության ի հարկի վկայակոչումներով, ցույց տալ ամենատարբեր դիրքորոշումներ ու վերաբերմունքներՙ ինչպես պետական-պաշտոնական, նաեւՙ անհատների, մտավորականների, պարզ մարդկանց մակարդակներով: Իր բազմաթիվ հանդիպումները Թուրքիայում ներկայումս ապրող հայերի հետ (գործարարներ, հոգեւորականներ, մտավորականներ, լրագրողներ, արվեստագետներ), ոչ միայն հայ համայնքի վիճակի մասին է պատկերացում տալիսՙ ազգային քաղաքական ենթատեքստային առկայությամբ կամՙ ոչ, նաեւ նրանց հոգեբանության ու մտածողության: Այդ հաղորդաշար-ֆիլմերը ավելի երկխոսության բնույթ են կրումՙ ճակատագրերով պատմականորեն հակադրված երկու ժողովուրդների միջեւ: Ներկայացված հայերը, իրենց խոսքից ելնելով թվում էՙ լիարժեք եւ բնականոն կյանքով են ապրում, բայց ներսումդ եղած Հիշողությունը հակված չէ հավատալու դրան, կասկածն ու անվստահությունը խորն են խրված:

Տարբեր մարդիկ, դիրքորոշումներ, կարգավիճակներ եւ ճակատագրերՙ միասնական այսպիսի շղթայի մեջ ներհյուսելու, ամբողջացնելու, պատմական անցյալն ու ներկան, հեղինակային խոսքը, զրույց-հարցազրույցները շարահարելու վարպետության, գրեթե գեղարվեստական մակարդակի հասցնելու համար իրապես պետք է շնորհավորել հեղինակին: Այս ամենն, իմ կարծիքով, նրան հաջողվել է հատկապես հեռուստալրագրողի իր անձը կատարվող դեպքերին ու մարդկային ճակատագրերին անմիջականորեն ու սրտացավ մասնակիցը դարձնելու շնորհիվ, որտեղ հստակ ընդգծված է իր վերաբերմունքը, ապրումն ու զգացումը, եւ դա արտահայտվում է հեղինակի խոսքիՙ հատկապես աֆորիստիկ եզրափակումներում եւ դրանց շարունակականություն ենթադրել տալիս. այնպես որՙ դիտողը սպասի հերթական հաղորդաշարին:

Դա հաջողություն եւ գնահատական է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ