RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013



Դիտարկումներ

Տեղադրվել է` 2013-04-25 23:57:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1251, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 40

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Վերջին տասնօրյակում ԱՊՀ մայրաքաղաքներում տեղի ունեցան միանգամից չորս կոնֆերանսներ, որոնք այս կամ այն կերպ քննարկում էին եվրասիական ինտեգրման հեռանկարները եւ դրանում ավելի մեծ թվով հետխորհրդային տարածքի պետությունների մասնակցության հարցը: Հայաստանում ուշադրություն դարձրին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՙ Եվրասիական տնտեսական ինտեգրման կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին տված այն հարցը, թե ինչպես կարող է Հայաստանը, ապագա Եվրասիական միության տարածքի հետ սահման չունենալով, դառնալ Մաքսային միության անդամ: Մտորելու առիթ տվեց նաեւ Վիկտոր Խրիստենկոյի պատասխանը, թե այդտեղ էական արգելք չկա, որովհետեւ, օրինակ, Կիպրոսը նույնպես սահման չունի Եվրոպական միության հետ, սակայն նրա անդամ է:

Պետերբուրգում ԱՊՀ անդամ-պետությունների պատգամավորներն ու քաղաքագետները քննարկում էին ապագա Եվրասիական միության ձեւավորման տնտեսական, իրավական եւ քաղաքագիտական հիմքերը: Կիեւում համագործակցող քաղաքական կուսակցությունները քննարկում էին նույն խնդիրները եւ քաղաքական ուժերի անելիքը: Ապրիլի 13-ին Երեւանում անցավ «Հայաստան. աշխարհաքաղաքական եւ ինտեգրացիոն հեռանկարներ» թեմայով միջազգային կոնֆերանսը Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի եւ Վրաստանի քաղաքական գործիչների եւ քաղաքագետների մասնակցությամբ: Եվ վերջապես, ապրիլի 17-ին մոսկովյան «Պրեզիդենտ-հոթել»-ում անցավ «Եվրասիական միություն. նոր մարտահրավերներ եւ նոր լուծումներ» թեմայով կոնֆերանսը Ռուսաստանի, Ուկրայինայի, Ղազախստանի եւ Հայաստանի հասարակական գործիչների եւ ճանաչված գործիչների մասնակցությամբ, որին ես եւս մասնակցելու պատեհությունը ունեցա:

Այս բոլոր քննարկումների արդյունքում ստեղծվում է ընդհանրական տպավորություն, որ Եվրասիական միության ձեւավորմանն ուղղված գործընթացները մտնում են վճռական փուլ, ինչը հարցը օրակարգային է դարձնում նաեւ բազմաբեւեռ աշխարհի մյուս ուժային բեւեռների համար: Ավելի պարզ ասած, ծնվում են նոր հարցեր, որոնք աշխարհաքաղաքական մարտահրավերների եւ քաղաքական հավասարակշռությունների պահպանման հետ կապված դիրքորոշումներ են պահանջում:

Ինտեգրման հեռանկարը սոցիալական խնդիրների տեսանկյունից

Երեւանում հավաքված բալթյան պետութունների ներկայացուցիչները մտահոգված էին այն իրողությամբ, որ Խորհրդային Միությունից անջատվելու պահին այդքան երազած անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ Եվրոպական միությանը չի լուծել այդ երկրների տնտեսական բարգավաճման եւ սոցիալական առաջադիմության խնդիրները: Նրանք ասում էին, որ Եվրոպական միության նոր փոքր անդամներն ընդամենը դոնորներ են դարձել ավելի հին ու հզոր անդամների համար: Էստոնիայից, Լատվիայից եւ Լիտվայից արտագաղթը դեպի Արեւմտյան Եվրոպա այնքան է մեծացել, որ սկսել է սպառնալիք դառնալ ազգային ինքնության պահպանման համար: Էստոնիայից հեռացել է բնակչության 15%-ը, Լատվիայիցՙ մոտ 20%-ը, Լիտվայիցՙ համարյա մեկ երրորդը: Բալթյան երկրների ներկայացուցիչները Երեւանում ասում էին, որ երբ հայերը հեռանում են Հայաստանից, նրանք շարունակում են հայ մնալ, իսկ երբ հեռանում են իրենց հայրենակիցները, շատ արագ ինտեգրվում եւ ուծանում են նոր բնակության վայրերում: Լատվիացի Էյնարս Գրաուդինշն ասում էր, որ Լատվիան տարեկան 37 000 չափահաս քաղաքացի է կորցնում, իսկ դա մեկ քաղաքի բնակչություն է: Վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը Լատվիայի եւ բալթյան մյուս երկրների համար այնքան մեծ է եղել, որ, տարբեր հաշվարկներով, պաշտոնապես ամեն վեցերորդը, իսկ ոչ պաշտոնապես ամեն երրորդը դարձել է գործազուրկ: Այս ամենը գալիս է հաստատելու, որ Եվրոպական միությանը անդամակցությունն ինքնըստինքյան բարեկեցության բարձրացման կամ տնտեսական զարգացման աղբյուր դիտարկվել պարզապես չի կարող: Այս դեպքում ի՞նչ ենք ակնկալում ինտեգրման գործընթացներից: Սա շատ լուրջ քննարկման նյութ է եւ ուղղակի անհրաժեշտություն է դառնում, որ մեր տնտեսագետները ուսումնասիրեն եւ բացատրեն հասարակությանը, թե ի՞նչ իրատեսական ակնկալիք կարող է ունենալ Հայաստանի քաղաքացին ինտեգրման գլոբալ գործընթացներից:

Բալթյան երկրների ներկայացուցիչները միաբերան խորհուրդ էին տալիս հայաստանցիներինՙ ամրապնդել մեր ինքնիշխանությունը եւ պետականության հիմքերը, որովհետեւ հենց դրանց են սպառնալիք զգացել իրենց երկրներում: Մեր պետական այրերը ասում են, եւ ճիշտ են ասում, որ մենք իրավունք ունենք հպարտանալու մեր ձեռք բերած պետական ինքնիշխանությամբ եւ մեր անկախությամբ: Բայց դա ոչ մի դեպքում չպետք է շփոթվի ինքնամեկուսացման կամ ինքնապարփակման հետ, որովհետեւ եթե եվրոպական ինտեգրման մեջ ուրիշները տեսել են բացասական եւ զգաստացնող խնդիրներ, ապա ինքնամեկուսացման դեպքում հարվածների ծանրությունը էլ ավելի մեծ կլինի:

Եթե եվրոինտեգրման եւ եվրասիական ինտեգրման միջեւ իսկապես չկա հակասություն

Հայաստանի պաշտոնյաները եւ փորձագետները վերջին շրջանում ձեւակերպել են ինտեգրման գործընթացներին մեր երկրի մասնակցության բանաձեւը: Այն հնչում է մոտավորապես հետեւյալ կերպ. «Մենք հետեւողականորեն մասնակցելու ենք ինտեգրման գործընթացներին թե՛ եվրոպական ինտեգրացիայի շրջանակներում, թե՛ եվրասիական ինտեգրացիայի շրջանակներում, որտեղ մեր հետաքրքրությունը ունի ռազմաքաղաքական եւ անվտանգային համագործակցության բնույթ»: Վրաստանի Եվրասիայի ինստիտուտի տնօրեն Գուլբաաթ Ռցխիլաձեն Երեւանում ասաց, որ վրացական նոր իշխանությունը Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ ուսանելի է համարում Հայաստանի արտաքին քաղաքական փորձը, որը դաշնակցային ռազմավարական համագործակցություն ունենալով Ռուսաստանի հետ, լավ հարաբերություններ է պահպանում նաեւ Արեւմուտքի հետ: Անցյալ տարի Վրաստանում արված սոցիոլոգիական հետազոտությունները վկայում են, որ Իվանիշվիլու ընտրազանգվածի 80%-ը կուզենար բարելավել Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Եթե վարչապետ Իվանիշվիլու թիմին հաջողվի հաղթել նաեւ նախագահական ընտրություններում եւ ստանձնել իշխանության ողջ պատասխանատվությունը, եւ եթե Վրաստանը իրոք բարելավի հարաբերությունները Ռուսաստանի հետ, Հայաստանի համար ավելի իրատեսական կդառնա Մաքսային միության եւ ապագա Եվրասիական միության հետ ավելի սերտ ու լիարժեք ինտեգրման հեռանկարը: Քաղաքագետ Կարեն Բեքարյանը երեւանյան վերոհիշյալ կոնֆերանսում, հիշեցնելով Հայաստանի աշխարհաքաղաքական կոնկրետ վիճակը, հարցնում էր, թե Մաքսային միության հետ սահման չունեցող Հայաստանը ո՞ր երկրների միջոցով է կապվելու ընդհանուր մաքսային տարածքի հետ եւ ի՞նչ է տալու կամ զիջելու այդ հնարավորությունը ընձեռելու դիմաց: Իսկ պարոն Ռցխիլաձեն էլ, իր հերթին, լավ հասկանալով, որ աբխազական երկաթուղու վերագործարկման գլխավոր հակառակորդը Ադրբեջանն է, եւ նա է ճնշում բանեցնում Միխեիլ Սաակաշվիլու իշխանության վրա, Հայաստանին խորհուրդ էր տալիս ավելի վճռական ու ավելի հետեւողական լինել Վրաստանի եւ Ռուսաստանի հետ բանակցություններում, նաեւ օգտագործել իր կապերը Աբխազիայի հայ համայնքի հետՙ ապահովելու նրանց բոլորի բարեհաճ վերաբերմունքը: Պետք է հասկանալ այնպես, որ Վրաստանում կուզենային, որ Հայաստանը Ադրբեջանին հակակշռող լոբբիստական գործունեություն ծավալեր աբխազական երկաթուղին վերագործարկելու համար:

Հայաստանում մենք ասում ենք, որ եվրոպական ինտեգրացիայի եւ եվրասիական ինտեգրացիայի միջեւ չի կարելի փնտրել հակասություններ եւ անհամաձայնություն: Արեւելյան գործընկերության երկրներից միայն Ուկրաինան էր, որ արդեն երկու տարի ավարտել է ասոցացման բանակցությունները ԵՄ-ի հետ եւ սպասում է, որ Վիլնյուսում նոյեմբերին ստանա Եվրոմիության ասոցիացված անդամի կարգավիճակ: Լատիշ պատգամավոր Նիկոլայ Կաբանովը Երեւանում փոխանցում էր ԵՄ քաղաքական շրջանակների գոհունակությունն առ այն, որ բանակցվող 29 հարցերից 28-ի դեպքում Հայաստանի հետ բանակցությունները նույնպես ավարտված են: Եվ ահա այստեղից-այնտեղից տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ եւ դիվանագետներ կարծիք են հայտնում, թե անհնար է համատեղել ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակը Մաքսային միության կամ ապագա Եվրասիական միության անդամի կարգավիճակին: Այլ կերպ ասած, միաժամանակյա մասնակցությունը ինտեգրման զուգահեռ ընթացող երկու գործընթացներին անհնար է: Այս հայտարարությունները մեր արտաքին քաղաքականության մինչեւ այժմ գործող բազմավեկտոր եւ հավասարակշռված մոտեցումների համար լուրջ փորձություն են ստեղծում, որովհետեւ Հայաստանին մղում են հակադրելու եվրոինտեգրացիան եվրասիական ինտեգրացիայի թափ հավաքող գործընթացին:

Ազատ եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը ուշադրությամբ ուսումնասիրած մասնագետները հավաստիացնում են, որ այնտեղ ոչ մի արգելք չկա Մաքսային միության հետ համագործակցելու հարցում: Եվրոպական այն չինովնիկները, ովքեր մղում են Հայաստանը բանակցությունները օր առաջ ավարտելուն եւ Վիլնյուսում արդեն այս տարի ասոցացված անդամի կարգավիճակ ստանալուն եւ խոսում են դրա անհամատեղելիության մասին ապագա Եվրասիական միության հետ ինտեգրվելու հնարավորությանը, պարզապես շտապում են սեպ խրել եվրասիական ինտեգրման գործընթացում եւ Հայաստանը հեռացնել Ռուսաստանից ու նրա դաշնակիցներից: Կարծում ենք, որ հիմա գլխավոր ասելիքը Հայաստանի տնտեսության մասնագետներինն է, ովքեր տնտեսական վերլուծության հիման վրա պետք է գնահատեն այն մարտահրավերը, ըստ որի Հայաստանի տնտեսությունը պետք է պարզի իր համար, թե ի՞նչ է ստանում եւ ի՞նչ է զիջում ինտեգրման ուղղություններից մեկով գնալու դեպքում: Ավելի պարզ ասած, եթե Եվրոպական միություն-Ռուսաստան մրցակցությունը ինչ-ինչ պայմաններում սրվի եւ Եվրոպական միությունը Եվրասիական միության նկատմամբ անբարյացակամ դիրք գրավի, ո՞րն է լինելու Հայաստանի կեցվածքը եւ այդ կեցվածքն ի՞նչ է արժենալու: Սա ամենաանցանկալի սցենարն է:

Արժեքային համակարգը ինտեգրման գործընթացում

Երեւանյան կոնֆերանսում մեր ճանաչված վերլուծաբան Գագիկ Հարությունյանը շեշտում էր եվրասիական ինտեգրման գործընթացում ընդհանուր արժեքային համակարգի անհրաժեշտությունը: Եթե Եվրասիական միությունը մի տնտեսական-քաղաքական կառույց է լինելու, որը պարզապես համադրելու է անդամ-պետությունների ընդհանուր տնտեսական շահերը, սա մի հարց է: Բայց եթե Եվրասիական միությունը դառնալու է աշխարհաքաղաքական, քաղաքական-տնտեսական մի տարածաշրջանային կառույց, ինչպիսին այսօր Եվրոպական միությունն է, սա այլ հարց է: Եվ այստեղ պետք է հասկանալ, թե ի՞նչ արժեքների եւ ո՞ր ընդհանուր շահերի վրա ենք կառուցելու այդ միության վերնաշենքը: Մոսկվայում անցած վերոհիշյալ կոնֆերանսում շատ ճանաչված գիտնականներ համաձայնեցին ինձ հետ, երբ ես հայտարարեցի, որ նախկին Խորհրդային Միության, այսօր ԱՊՀ կոչվող տարածքը մեր աշխարհն է, մեր աշխարհայացքի ու հոգեկերտվածքի աշխարհը ընդհանուր մեծ աշխարհի մեջ, եւ որ այդպես են մտածում միլիոնավոր հայեր: Եթե դա մեր աշխարհն է, եւ մենք ուզում ենք կառուցվածքային ավարտուն տեսք տալ մեր աշխարհի տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական կառուցվածքներին եւ դառնալ տարածաշրջանային միավորում ժամանակակից բազմաբեւեռ աշխարհում, ապա պետք է կարողանանք բարձրաձայնել եւ սեւով սպիտակի վրա ձեւակերպել այն ընդհանուր արժեքները, որոնք մենք բոլորս դավանում ենք, որոնց հավատում ենք եւ որոնց համար պատրաստ ենք ջանք գործադրել: Ես հիշեցրի նաեւ, որ գերմանացին, պորտուգալացին, հույնը կամ սլովակը իրենց համարում են եվրոպացի: Նրանք Եվրոպա կոչվող իրենց աշխարհն ունեն: Արեւելյան գործընկերության երկրներին նրանք կարող են իրենց աշխարհն ընդունել, ասենք, քսան տարի հետո: Կարեղ են եւ ընդհանրապես չընդունել, ինչպես չեն ընդունում 1964 թվականից մինչեւ այսօր իրենց դուռը թակող Թուրքիային: Եվրասիական միության իրավական, քաղաքական եւ տնտեսական ենթակառուցվածքները ստեղծելիս արժե հիշել, որ ԱՊՀ տարածքի երկրները ինքնուրույն, հաճախ իրարից տարբերվող օրենսդրություն եւ վարչական ենթակառուցվածքներ են ձեւավորել, եւ իրականում հարց է, ինչպե՞ս համադրել այդ ենթակառուցվածքները: Բայց սրանք երկրորդական հարցեր են ռազմաքաղաքական, անվտանգային բնույթի հարցերի կողքին: Ահա թե ինչու է կարեւոր, որ մենք մեր դատողություններում եւ մեր արտաքին քաղաքական գործընթացներում լինենք հավատարիմ մեր դաշնակցային պարտքին, հասկանալի եւ ընդունելի լինենք մեր գործընկերների համար, կարողանանաք նրանց հասցնել մեր մտահոգություններն ու դժվարությունները եւ թույլ չտանք մեզ ներքաշել բախտախնդրության եւ արկածախնդրության ճահիճը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ