RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-04-25 23:57:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1915, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 69

ԾՈՎԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍՏԻՊԻ ՄԵԶ ԱՇԽԱՏԵԼ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ԳՆԵՐՈՎ ԵՎ ՇԱՀՈՒԹԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանում վերջին տարիներին զբոսաշրջությունն ավելի մեծ աճ է արձանագրում, քան ընդհանուր տնտեսական աճը: Անցյալ տարի եւս Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 11,3 տոկոսովՙ կազմելով 843 հազար մարդ: Այդուհանդերձ, մեր երկիրը, ընդհանուր առմամբ, համարվում է թանկ երկիր: Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Թեեւ նրա հետ չհամաձայնեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, այնուամենայնիվ, միայն ԱՄՆ դեսպանը չէ, որ այդ կարծիքն ունի Հայաստանում զբոսաշրջային ծառայությունների, մասնավորապես հյուրանոցների եւ ավիատոմսերի բարձր գների եւ դրանց այնքան էլ չհամապատասխանող ծառայությունների որակի մասին:

Որ «Արմավիայի» գները տրամաբանությունից դուրս բարձր էին, իսկ սպասարկման որակըՙ ցածր, մեկ անգամ չէ, որ առիթ ենք ունեցել գրելու մեր թերթում: Այժմ, երբ ազգային փոխադրողն իրեն սնանկ է հայտարարել, այսինքն, այս շուկայից մրցակից է դուրս եկել եւ այն էլ արտոնություններ ունեցող մրցակից, պարզ է, որ այլ ավիաընկերությունները պետք է բարձրացնեին իրենց գները: Սա կարող է բացասաբար ազդել Հայաստանում զբոսաշրջության զարգացման վրա: Հետեւաբար, ավիացիոն քաղաքականության առումով կառավարությունը լուրջ անելիքներ ունի այս վիճակում: Կամ հարկ է վարել բաց երկնքի քաղաքականություն եւ ստեղծել լիարժեք մրցակցային դաշտ եւ ավելի ցածր գներ, ինչպես Հայաստանին դեռեւս 9 տարի առաջ խորհուրդ էր տալիս Համաշխարհային բանկը, կամ էլ արագացնել նոր ազգային ավիափոխադրողի հիմնադրման հարցը այնպես, որ նա չկրկնի «Հայկական ավիաուղիների» եւ «Արմավիայի» ճակատագրերը, նաեւ մրցակցային գներով աշխատի` չվնասելու համար զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում:

Ինչ վերաբերում է հյուրանոցային գներին, ապա այստեղ սուբյեկտիվ գործոնն ավելի մեծ է, իսկ Արա Պետրոսյանի վկայակոչած հետազոտության արդյունքները, ըստ որոնց Հայաստանի հյուրանոցները 10-15 տոկոսով էժան են, քան նույն կարգի հյուրանոցների գները Վրաստանում, մեղմ ասած, վստահություն չեն ներշնչում: Փոխնախարարը չնշեց, ոչ էլ որեւէ տեղեկանք տրամադրվեց, թե հատկապես մեր ո՞ր հյուրանոցները Վրաստանի ո՞ր հյուրանոցների հետ են համեմատել: Ավելին, նրա մյուս արտահայտությունը, որ Վրաստան են գնում ծովի համար, ի տարբերություն Հայաստանի առաջարկած Սեւանա լճի եւ բարձրադիր կուրորտի եւ որ դրանք տուրիստական երկու տարբեր առաջարկներ են, խոսում է այն մասին, որ Արա Պետրոսյանը հերթական անգամ փորձում է արդարացնել մեր հյուրանոցների ավելի բարձր գները: Նա բազմիցս է առաջարկել չհամեմատել Վրաստանի ծովային հանգստի գները Հայաստանի գների հետ, քանի որ մեր զբոսաշրջությունն ավելի ծախսատար է:

Անվիճելի է, որ ծովի առկայությունը արդեն իսկ առավելություն է այն զբոսավայրերի համեմատ, որտեղ ծով չկա: Վերջիններիս դեպքում զբոսաշրջիկներին պետք է տանել բնության տարբեր տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ, տրանսպորտային լրացուցիչ ծախսեր կատարել եւ այլն: Սակայն հենց խնդիրն էլ դա է, որ եթե հարեւանդ ունի մրցակցային առավելություն` տվյալ դեպքում ծով, դու պետք է ավելի ցածր գներով առաջարկես գոնե նրա ծառայությունների որակին չզիջող ծառայություններ եւ աշխատես ավելի ցածր շահութաբերությամբ: Այսինքն, ծովի առկայությունը ոչ թե պատճառ է, որ մեր գներն ավելի բարձր լինեն, այլ ընդհակառակը` պետք է մեզ ստիպի ավելի ցածր գներով նույն որակի ծառայություններ առաջարկենք, քան մեր հարեւանը: Զբոսաշրջիկն այսպես է մտածում` այստեղ (Վրաստանում) ծով կա, իսկ այստեղ (Հայաստանում) չկա, եւ գներն էլ բարձր են այնտեղից, որտեղ ծով կա: Կարծում ենքՙ ակնհայտ է, թե ինչպիսին կլինի նրա ընտրությունը: Այլ բան է, որ մեր հյուրանոցների սեփականատերերը նախընտրում են շահույթ ստանալու ներկայիս ձեւը` քանակի փոխարեն բարձր գնի միջոցով: Տարածաշրջանային մրցակցության առումով դա հեռանկար չունի, եթե ծով ունեցող հարեւանը, դրա հետ մեկտեղ, ավելի լավ ծառայություններ մատուցի, ապա մեր հյուրանոցներն ու հանգստյան տները կմնան միայն ներքին զբոսաշրջիկների հույսին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #67, 26-04-2013

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ