RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013



Տեղադրվել է` 2013-04-29 23:42:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1386, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 35

«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՀԻՆ ՇԵՆՔԻՆ «ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ» ՃԱԿԱՏԱԳԻ՞ՐՆ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Հ. Հ.

Սեւ ամպեր մոտ ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքին չեն կուտակվի: Հավաստիացումը Երեւանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհրդից է: Խորհուրդը միաձայն մերժել է «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկումն իրականացնող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության դիմումը, համաձայն որի ընկերությունը օդանավակայանի հին շենքը քանդելու թույլտվություն է խնդրում, որպեսզի հարթ տարածք ունենա:

Հարցը քննարկվել է ավագանու նիստի ժամանակ, պարզվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էլ են դեմ, որ հուշարձանը քանդվի:

Խնդիրն արդեն ճարտարապետների եւ հասարակական տարբեր շրջանակների մտահոգության թեմա է դարձել: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի գնահատմամբՙ օդանավակայանի նախկին շենքը ճարտարապետական հուշարձան է եւ ներկայացնում է խորհրդային ժամանակաշրջանի ճարտարապետությունը: Սա զուտ ճարտարապետական կոթող չէ, ԽՍՀՄ մոդեռնիստական նմուշներից է, եւ ամբողջ աշխարհում ճարտարապետական այս տեսակը գտնվում է լուրջ պաշտպանության ներքո: Մինասյանը պատմում է, որ վերջերս Վիեննայում կայացած ճարտարապետական կոնգրեսի ժամանակ էլ ճարտարապետական այս ուղղությանն ու դպրոցին բացառիկ կարեւորություն է տրվել: Թեպետ Հայաստանում շատերը չեն գնահատում «Զվարթնոց»-ի հին շենքն ու կողմնակից են քանդելուն, սակայն շենքի մակետը բարձր է գնահատվել ճարտարապետական մեկ այլ քաղաքում: Ստամբուլում ոչ միայն գնահատում են ճարտարապետական այս ուղու նմուշները, այլեւ Ստամբուլում կայանալիք ճարտարապետական կոնգրեսի նիստում կցուցադրվի հին շենքի մակետը:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից որպես շենքը քանդելու հիմնավորում ներկայացրել են երկու պատճառ. նախՙ այնտեղ անհրաժեշտ է ոչ թե շենք, այլ հարթ տարածություն, շենքի կոնստրուկցիաները վատ վիճակում են եւ ենթակա են վերանորոգման: Երեւանի ավագանին պատասխանել է, որ շենքի կոնստրուկցիաների վատ վիճակը դեռեւս չի նշանակում, որ շենքը պետք է քանդվի: Քաղաքապետարանն առաջարկում է հին շենքը քանդելու փոխարեն վերանորոգել: Ճարտարապետներն այս առնչությամբ մտավախություն ունեն: Դեռ թարմ է «Փակ շուկայի» դեպքը, երբ քաղաքաշինական խորհուրդը մեկ բան որոշեց, սակայն սեփականատերը արեց այն, ինչ ինքն էր ցանկանում: Սակայն եթե «Փակ շուկան» գտնվում էր հուշարձանների պահպանման ցանկում եւ նման ճակատագրի արժանացավ, ապա ենթադրելի է, թե ինչ կլինի «Զվարթնոցի» շենքի հետ: Այն թեպետ բացառիկ արժեք է, սակայն հուշարձանների պահպանման ցանկում ընդգրկված չէ: Նշանակում էՙ անգամ թղթի վրա է անպաշտպան:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961-ին, վերոնշյալ շենքը նախագծվել է 1974-ին եւ շահագործման հանձնվել 1982-ին: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ