RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013



Տեղադրվել է` 2013-04-29 23:42:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1863, Տպվել է` 102, Ուղարկվել է էլ.փոստով` 99

ԳՅՈՒՄՐՈՒ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՑԱՆՑԸ ՔԱՂԱՔԱՎԱՅԵԼ ՏԵՍՔԻ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրու կենտրոնում փողոցների նորոգման ակտիվ աշխատանքներ են սկսվել: Յուրաքանչյուր տարվա այս ժամանակի համար կարծես թե սովորական մի տեսարան, որի հետ, սակայն, քաղաքի բնակիչներն առանձնապես մեծ հույսեր չեն կապում. անցած տարիներին ինչքան էլ հաճախ այստեղ-այնտեղ կարկատել ու նորոգել են, փողոցների ընդհանուր անբարեկարգ վիճակը տարեցտարի վատթարացել եւ այնպիսի չափերի է հասել, որ ուղղակի լավատեսության տեղ չի թողել: Ճիշտ է` այս անգամ աշխատանքների որակի նկատմամբ անձնական վերահսկողություն են սահմանել նոր քաղաքապետն ու նոր մարզպետը, ինչը պետք է որ իր դրական արդյունքը տա:

Անցած ամսի կեսին մոտ, մարտյան մի օր, մի խումբ երիտասարդներ Գյումրու կենտրոնական հրապարակում կազմակերպել էին «Բարեւ, փոս» գործողությունը: Մասնակիցները մի քանի րոպե կանգնել էին ամեն մեկը հրապարակի տարբեր հատվածներում գտնվող փողոցային փոսերից մեկի մոտ, ձեռքերին պահած թղթե պաստառներ` «Ես վճարում եմ հարկերը, իսկ ո՞ւր են ճանապարհները», «Գրպանդ մի լից, փոսը լից», «Այստեղ կարող էր հայտնվել ձեր անիվը» եւ նման բովանդակությամբ կարգախոսներով: Անցնող ավտոմեքենաների մի քանի վարորդներ եւս միացել էին երիտասարդների նախաձեռնությանը` նրանց ձեռքից վերցնելով եւ իրենց մեքենաների դիմապակուն փակցնելով «Բարեւ, փոս», «Զգուշացեք փոսերից» գրություններով պաստառներ: «Բարեւ, Գյումրի» նորաստեղծ երիտասարդական նախաձեռնության անդամներն այս կերպ իշխանության ուշադրությունն էին հրավիրում քաղաքի վաղուց քրոնիկական դարձած սուր հիմնախնդիրներից մեկի վրա:

Վերջին քսանհինգ տարիներին ընդհանուր անբարեկարգությունն ու քարուքանդ վիճակը դարձել են Հայաստանի երկրորդ մեծ քաղաքի փողոցների երկու գլխավոր «գործող անձանցից» մեկը: Ընդ որում` ոչ միայն երկրորդական, այլ նաեւ գլխավոր փողոցների: Մյուսը հիմնականում այդ տեւական անբարեկարգ վիճակի հետեւանք առատ փոշին է, որով աղտոտված, կարելի է ասել` հագեցած է ամբողջ քաղաքի օդը, երբեմն` շնչելու անհնարինության աստիճանի: Առհասարակ, այս քաղաքում բնակվողների բախտը ինչպես տարբեր այլ բաներում, այնպես էլ մաքուր օդի հարցում վաղուց չի բերում:

Ձմռանը, մանավանդ առավոտյան եւ երեկոյան ժամերին, շատ թաղամասերով անցնելիս նորմալ շնչել չի լինում, որովհետեւ տարբեր տների ծխնելույզներից ինչ թունավոր ծուխ ասես չի ելնում` պայմանավորված վառարաններում ամեն տեսակի հնարավոր ու անհնար պատահական «վառելիքի» այրումով: Բայց ձմռանը գոնե ձյունը ծածկում է փողոցների անհարթությունները, շատ տեղերում մեծ ու խոր փոսերը եւ դրանք դարձնում անցանելի: Իսկ երբ գալիս է գարունը...

Գյումրիում խոսք կա, ասում են` ասֆալտն ավելի շուտ հալվեց, քան ձյունը: Ձյան հալոցքի հետ, ինչպես եւ դրան հաջորդած անձրեւներից հետո, փողոցներում նախ տարբեր մեծության ու խորության ջրափոսեր են առաջանում` այդ փողոցների մի մասը դարձնելով անանցանելի, մյուս մասը` դժվարանցանելի: Էլի մարտ ամսին մի անգամ քաղաքի հենց կենտրոնի ամենաբանուկ փողոցներից մեկում` Գորկու փողոցում «Մերսեդես» մեքենայի անիվն ընկել էր ջրափոսի մեջ, մեքենան վնասվել, կանգնել-մնացել էր` հարուցելով նման վիճակից մեքենատիրոջ արդարացի վրդովմունքն ու զայրույթը: Նման դեպքերը եզակի չեն: Աննկարագրելի է քաղաքի երկրորդական շատ փողոցների վիճակը, ուր հենց անցանելի ճանապարհ չլինելու պատճառով երբեմն տրանսպորտ էլ չի գնում, պատահում է` նույնիսկ տաքսի մեքենաները:

Փողոցների քայքայված վիճակի եւ հալոցքի ու անձրեւների ժամանակ լճակների վերածվող փոսերի առատության պատճառը, տարբեր դեպքերում, կամ տարիների անխնամ, բարձիթողի վիճակն է, կամ կատարվող նորոգումների, հիմնանորոգումների անորակությունն ու փռվող ասֆալտի կարճ կյանքը: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում պակասն էլ լրացրել է «Շիրակջրմուղկոյուղին», որը նոր մայր ջրագծեր անցկացնելու համար իրար հետեւից փորել ու անբարեկարգ է դարձրել քաղաքի փողոցները, ոչ վաղուց ասֆալտածներն էլ: Առկա վիճակից վարորդները մշտապես բողոքում են. խորդուբորդ, փոսառատ փողոցներով նորմալ երթեւեկել հնարավոր չէ, ոչ միայն ավտոմեքենաներն են ջարդվում, այլ նաեւ վթարային իրավիճակներ են ստեղծվում: Ջրափոսերի վրայով արագ անցնող մեքենաներն էլ հաճախ ցեխաջուրը ցայտեցնում ու «լողացնում» են անցորդներին:

Հետո, գետինը չորանալու հետ, փոշին է սկսվում... Այս քաղաքում դուրս գալ քայլել, մաքուր շորերով մնալ հաճախ չես կարող, քանի որ թաց ժամանակ հավանաբար կցեխոտվես, որոշ փողոցներում ջրափոսերը կընկնես, իսկ չոր ժամանակ կփոշոտվես, փոշեկոլոլ կլինես: Իսկ քամու դեպքում փոշով ու աղբով «կլողանաս», կուլ տվածդ հող ու փոշին էլ ջոկ: Երեւի միակ լավ ժամանակը, երբ կարող ես հանգիստ մաքուր օդ շնչել ու քիչ թե շատ մաքուր մնալ, թեթեւ անձրեւից հետո է, երբ փոշին որոշ ժամանակով կտրվել է, իսկ գետինն էլ դեռ չի հասցրել ցեխոտվել: Այստեղ փողոցներն ու օդն, ասես, փոշի են արտադրում: Իբր դա քիչ է, առավոտ ժամը տասին էլ անցնում ես` փողոց ավլողները թոզուդումանը վրադ են տալիս, ամենուր փոշու ամպ է: Օրվա որոշակի ժամերի կանգնեք, թեկուզ, Նժդեհի-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում, Արվեստների ակադեմիայի շենքի անկյունից մեկ-երկու քայլ վեր, տեսեք օդի մեջ կանգնած` մեքենաների ծուխն ու փոշին, այդ բարձունքից նայեք դրանց մեջ ընկղմված Սայաթ-Նովա կենտրոնական փողոցին, որտեղ միշտ մարդկային հոսք է... Չգիտեսՙ քաղաքո՞ւմ ես ապրում, թե՞ փոշոտ անապատում, եւ դա մշտապես ճնշող, նվաստացնող զգացում է: Մեկ օր չէ, երկու օր չէ, տարին տասներկու ամիս սա է: Մշտական նման վիճակը մարդկանց նյարդերի, առողջության վրա էլ է ազդում: Երբ պատահում է` գնում ես Երեւան, թեկուզ Վանաձոր` մի օր, մի քանի ժամ հանգստանում ես. աչքերդ էլ են հանգստանում, նյարդերդ էլ: Իհարկե` թոքերդ էլ:

Ասել, թե նախորդ տարիներին քաղաքի փողոցները կարգի բերելու համար ոչինչ չի արվել` ճիշտ չի լինի: Տարբեր տարիների պետական բյուջեից էլ են նորոգման, ասֆալտապատման, որոշ փողոցների նաեւ հիմնավոր նորոգման շատ թե քիչ միջոցներ հատկացվել, ծրագրեր իրագործվել, համայնքային բյուջեի հնարավորություններով էլ ամեն տարի սովորաբար փոսային նորոգումներ են արվել: Բայց այդ ամենը, ինչպես երեւում է, այնպես չի արվել, բավարար միջոցներ ու ջանք չի թափվել վիճակը մեկ անգամ արմատապես, հիմնովին շտկելու համար:

Մայրաքաղաքից հետո մեր ամենամեծ քաղաքի` ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաքի փողոցային ցանցն ի վերջո պատշաճ տեսքի բերելու ժամանակն է: Այս տարի հիմնախնդիրը քննարկվել է թե՛ Գյումրու քաղաքապետարանում, թե՛ մարզպետարանում, ՀՀ տրանսպորտի նախարարության մասնագետների հետ ուսումնասիրվել է քաղաքի բոլոր փողոցների տեխնիկական վիճակը: Ընդհանուր առմամբ 100 կմ ճանապարհ է ուսումնասիրվել, որի 90 տոկոսը վերանորոգման ենթակա է համարվել: Խնդրին ապրիլի 11-ի նիստում անդրադարձել է ՀՀ կառավարությունը, արձանագրելով Գյումրու (ի դեպ` նաեւ Վանաձորի) կենտրոնական փողոցների անմխիթար վիճակը եւ երկրորդական փողոցների գրեթե անանցանելիությունը: Քաղաքի ներհամայնքային ճանապարհների բարեկարգման նպատակով գործադիրն իր որոշմամբ հատկացրել է 300 մլն դրամ: 320 մլն էլ կտրամադրվի համայնքային բյուջեից: Իսկ ըստ մասնագիտական հաշվարկների` քաղաքի փողոցների, ճանապարհների միայն երթեւեկելի հատվածների հիմնանորոգման համար անհրաժեշտ է շուրջ 6 մլրդ դրամ: Այս գումարի մեջ հաշվարկված չեն մայթերի ասֆալտապատումը, եզրաքարերի տեղադրումն ու կոմունալ (ջրահեռացման) ցանցի կառուցումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ