RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-04-29 23:42:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1548, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 60

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՎ Է ՉԱՓՎՈՒՄ

ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔ, Թարգմ. Հ.Ծ.

Ոչ թե թանգարանային ցուցանմուշներով

Սիրիայի ամբողջ տարածքի հնությունների հետ համեմատած ի՞նչ արժե մեկ երեխայի կյանքը:

Սիրիայի հուշարձանային, ճարտարապետական կորուստների վերաբերյալ որեւէ ակնարկ անպայման պետք է ներառի այս հարցը: Երեխան, մարդկային այդ էակը, արժե Պալմիրայի եւ Դամասկոսի մզկիթների բոլոր հենասյուներն ու մինարեթները: Սառնասիրտ պատմաբանը կարող է ասել, որ երեխային կարելի է զոհաբերել հանուն ապագա սերունդներին թողված մշակութային ժառանգության: Պրագմատիկ անձնավորությունը կարող է հայտարարել, որ անհրաժեշտ է փրկել ե՛ւ երեխային, ե՛ւ մշակութային ժառանգությունը:

Ավա՜ղ, երկուսն էլ այժմ ոչնչացվում են Սիրիայում: Հալեպի հրդեհված Օմայատ մզկիթը, քաղաքային շուկանՙ սուքը, երկրի հյուսիսային մասում գտնվող հռոմեական մեռյալ քաղաքները, որոնց ավերակներում այժմ հազարավոր փախստականներ են ապաստան գտել, նորագույն «զոհերն» են մշակութային հնագիտական պատերազմի: Դարըմ համալսարանից Էմմա Կանլիֆը «Բրիտիշ արքեոլոջի» (բրիտանական հնագիտություն) պարբերականի վերջին համարում այդ ամենը հակիրճ ձեւով բնութագրում է հետեւյալ նախադասությամբ. «Եթե 60-70 հազար մարդիկ են զոհվում... ի՞նչ արժեք կարող է ունենալ մշակութային ժառանգությունը»:

Կանլիֆը, որը փորձում է ճանապարհներ գտնել հաշվարկելու Մերձավոր Արեւելքում կործանված հնագիտական վայրերի չափերը (հուսով եմՙ ավելի ճշգրիտ կերպով, քան ՄԱԿ-ը), մի զեկույց է պատրաստել, համաձայն որի Սիրիայի պատմամշակութային ժառանգության խորտակման ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ինչպես իշխանությունների, այնպես էլ ապստամբների վրա:

Դեռեւս չհասնելով Իրաքի հետպատերազմյան կողոպուտի չափերին, «պարզվում է, որ ապստամբների շարքերում կան կայացած խմբակցություններ, որոնք շրջանցում են պաշտոնական տեսչական ստուգումները: ...Մի քանի հազարի հասնող չթվարկված թանգարանային ցուցանմուշների (արձաններ, քանդակներ, մետաղադրամներ, խեցեգործական իրեր, գրավոր մատյաններ եւ այլն) առգրավումները սիրիական սահմանում խոսում են այն մասին, որ թալանը մեծ չափերի է հասել»:

Կանլիֆի հաշվարկներովՙ գողացված սիրիական ցուցանմուշների արժեքը կարող է անցնել 1,25 միլիարդ ֆունտ ստեռլինգից:

Պալմիրայում, սակայն, կարծես կառավարական զորքերի փամփուշտներն ու հրետանին են, որ վնաս են հասցրել հռոմեական կոթողներին ու ճանապարհներին: Հոմսում քաղաքի ամենահին եկեղեցիներից մեկըՙ Ում Էլ Զեննար վանքն «այժմ ավերակների է վերածված, հավատացյալները կամ մահացած են, կամ ցիրուցան եղած, իսկ նրա արամեերեն եկեղեցական ծեսերի մատյաններըՙ լռեցված»: Դա աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկն էր, իսկ եթե պատասխանատուներ պետք է որոնենք, ապա ճիշտ կլինի հարցնել, թե ո՞վ առաջինը սկսեց հրազեն օգտագործել սիրիական այս արյունոտ պատերազմում:

Այն օրից, երբ «Ինդիփենդենտ» թերթն առաջինը մեծածավալ հոդված հրատարակեց Սիրիայի մշակութային ժառանգության ոչնչացման մասին, երկու կողմերն էլ հօգուտ իրենց են օգտագործել դեպքը: Ազատ Սիրիայի բանակի սպաները բարեհաճել են կանխել թալանը, չափազանց կասկածելի մի որոշում, քանի որ հորդանանյան շուկաները հեղեղված են այժմ սիրիական ոսկեղեններով, խճանկարչությամբ եւ արձաններով: Նրանք U-tube-ում նույնիսկ օգտագործել են հռոմեական Պալմիրան իրենք իրենց «պրոպագանդելու» համար: «Մեդիա Սենտրը» Թադմոր (Պալմիրա) քաղաքի համար մի փոքր տեսահոլովակ է պատրաստել, որտեղ ձիավորը էկրանի մի կողմից մյուսն է անցնումՙ ծածանելով ազատ Սիրիայի բանակի կանաչ, սպիտակ եւ սեւ դրոշը:

Մյուս կողմիցՙ Սիրիայի կառավարության հուշարձանների պահպանության նախարար պրոֆ. Մաամուն Աբդուլ-Քերիմը կոչ է արել բոլոր սիրիացիներինՙ ինչպիսի դիրքորոշում էլ ունենան Ասադի ռեժիմի նկատմամբ, պաշտպանել երկրի ճարտարապետական հուշարձանները, որովհետեւ «դա բոլորի եւ յուրաքանչյուրի պարտականությունն է»:

Ընդունելով հանդերձ, որ հյուսիսային շրջաններում իրոք լուրջ վնաս է հասցվել հռոմեական ժամանակաշրջանի վայրերին, նա գովասանքի խոսքեր է շռայլել տեղացի գյուղացիների հասցեին այն բանի համար, որ նրանք դուրս են վանել հող փորողներին ու կողոպտիչներին: Թվում է, թե տեղացիները գիտակցում են, որ առանց հուշարձանների քաղաքը զբոսաշրջության տեսակետից փող չի կարող ապահովել հետպատերազմյան շրջանում:

Բայց որոշ հետաքրքրական կետեր կան Աբդուլ-Քերիմի կոչի մեջ: Նա նշում է, որ կառավարության ուժերը առգրավել են 400 գողացված իրեր (մետաղադրամներ, արձանիկներ, խճանկարներ), «սակայն դրանց մի մասը կեղծ է»: Թե որտեղից առաջացան այդ կեղծ իրերըՙ հայտնի չէ: Նա նաեւ վստահեցնում է, որ գանձերի մեծ մասը «ապահով վայրերում» է: Բայց թե որոնք են այդ «ապահով վայրերը»ՙ նա չի նշում:

Դեր Զորը, որն այժմ ամայացած է եւ ապստամբների ձեռքերում է գտնվում, կարծես թե անհամեմատ ավելի է տուժել: Կողոպտիչները հարձակվել են ակրոպոլիսի վրա, պեղումներ կատարել «Ժայռի տաճարի» որոշ հատվածներումՙ որոնելով բրոնզե դարի եւ առավել վաղ ժամանակաշրջանների թանկարժեք իրեր: Լիբանանցի մի հայտնի հնէաբան ինձ ասաց, որ մաքսանենգներն այժմ աշխատում են իրաքցի կողոպտիչների ստեղծած խմբավորումների համար: Պահանջարկը միջազգային առումով հսկայական է, եւ բնորդներն այժմ իրաքցի հրոսակախմբերին մղում են Սիրիայում էլ աշխատել նույն մեթոդներով:

«Վաշինգտոն փոստ» թերթը ապստամբ մաքսանենգների հետքերով գնալով պարզել է, որ մեկ անգամվա ավարը կարող է մինչեւ 50 հազար դոլար բերել, որն օգտագործվում է զենք գնելու համար: «Որոշակի օրերին մենք մարտնչողներ ենք, մյուս օրերինՙ պեղումներ կատարողներ», ասել է թերթին մի ապստամբՙ հպարտանալով, որ Էբլայում շումերական հուշատախտակներ են հայտնաբերել:

Որոշ իսկական հնէաբաններ նշել են, որ Լիբիայի պարագայում ՆԱՏՕ-ին ուղղված իրենց խնդրանքների արդյունքում օդաչուները խուսափել են վնասել հռոմեական պատմական հուշարձանները: Բայց այստեղՙ Սիրիայի վրայով ՆԱՏՕ-ի օդաչուները թռիչքներ չեն իրագործում, եւ ես կասկածում եմ, թե կառավարական ինքնաթիռների օդաչուներն իրենց հետ խցիկ են տանում նախարար Աբդուլ-Քերիմի կոչը: Այնպես որ, ինձ մնում է միեւնույն հարցը տալ. «Ի՞նչ արժե մեկ երեխայի կյանքը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ