RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-04-29 23:42:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1322, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 39

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԻՆԴՈՆԵԶԱԿԱՆ» ՍՈՒՏԸ

Վ. Պ.

Ճշմարտությունը վաղ թե ուշ ջրի երես է դուրս գալիս: Ու թեեւ ժամանակակից աշխարհում առաջադեմ ու գերտեխնոլոգիական հնարավորություններով կարճաժամկետ հատվածում փորձեր են արվում առնվազն աղավաղելու այդ ճշմարտությունը, ճշմարտությունը գալիս է շտկելու թերություններն ու աղավաղումները, միայն թե շատ չուշանա..

Երկու շաբաթ առաջ ադրբեջանական մամուլը սկսեց մի լուր «ծամծմել», թե Ինդոնեզիայում դեսպանություն ունենալու Հայաստանի «մուրազը փորն է մնացել», ասել է թե Ինդոնեզիան չի ուզում Հայաստանի ներկայացուցչություն ունենալ իր երկրում:

Ըստ «Ազերիպրես» գործակալությանՙ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովը հայտարարել է, թե Բաքվում Ինդոնեզիայի Ներկայացուցիչների պալատը ներկայացնող իր գործընկերոջ հետ հանդիպմանը տեղեկացել է, որ Ինդոնեզիան համաձայնություն չի տվել իր երկրում Հայաստանի դեսպանություն բացելուն, ինչն էլ իբր բարձր է գնահատվում Ադրբեջանում:

Որ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն առանձնակի կարողությունների տեր չէ եւ հաճախ է հայտնվում իրականության հետ կապ չունեցող «իրավիճակներում», լրահոսի նորությունների բաժնից չէ, թեեւ նրա շուրթերով մատուցվող աղավաղումներն ու անհեթեթությունները դառնում են լրահոսի ամենաուժեղ «շրջապտույտների» թեմա:

Այս անգամ էլ ադրբեջանական մամուլն ամենայն հրճվանքով տարածում էր սուտը, թե Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանություն ունենալ չեն ուզում: Ավելին, Ասադովը նաեւ այնպես էր ներկայացրել, թե Ինդոնեզիայում չեն քնում ու մտածում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին` «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանությամբ»:

Այնինչ իրականում, ըստ Հայաստանում որպես Ինդոնեզիայի ներկայացուցչություն հավատարմագրված եւ Կիեւում նստավայր ունեցող Ինդոնեզիայի դեսպանատան, Ջակարտայում Հայաստանի դեսպանատան առնչությամբ Ինդոնեզիայի Ներկայացուցիչների պալատի ղեկավարը որեւէ հայտարարություն չի արել: Միեւնույն ժամանակ, դեռեւս այս տարեսկզբին Ինդոնեզիայից Երեւան է ուղարկվել Ինդոնեզիայի իշխանությունների համաձայնության համապատասխան նոտան` Հայաստանի դեսպանատան բացման առնչությամբ:

Կիեւում նստավայր ունեցող դեսպանատնից նաեւ տեղեկացրել են, որ Ինդոնեզիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Ռեգնում» գործակալությանը այս թեմայի առնչությամբ Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է դեսպանություն ունենալ Ինդոնեզիայում, ուրեմն դեսպանություն կբացվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ