RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-04-29 23:42:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1788, Տպվել է` 78, Ուղարկվել է էլ.փոստով` 70

ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ, ԿԱՄ Ո՞Վ Է ՈՒՄ ՓԵՇԻ ՏԱԿ ԵՎ Ո՞Վ Է «ՏՈՒԶԻԿԸ»

Մ. Խ.

Սովորաբար վերջին երկու ընտրությունների օրերին Facebook սոցիալական ցանցը դառնում է մի տարածք, որտեղ բոլորն իրար նեղացնում են, հանուն սեփական կուսակցության դիմացինին անդազահան են անում, երբեմն անցնում անգամ անարտաբերելի արտահայտությունների, մեղմ դեպքում` անգամ «տուզիկ» ու «շարիկ» անվանում միմյանց: Կարծես թե ընտրություններն աշխարհի վերջն են, ու դրանից հետո ոչ աշխարհ է լինելու, ոչ իրար երեսի են նայելու, ոչ էլ նույն կենսական տարածքում ապրելու են: Սովորաբար սովոր ենք այս ֆեյսբուքյան հավատաքննությանը ու շրջանցում ենք դա, բայց անգամ որոշեցինք մատուցել` ընտրողին հնարավորություն տալով գոնե մեր բարձր դասի քաղաքական գործիչներից երկուսի ֆեյսբուքյան ոգորումներին ծանոթանալով համ էլ քարոզարշավի տրամադրության ծանոթ լինել:

ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանն իր ՖԲ էջում մայիսի 5-ի ընտրությունը կարեւորագույն եւ ճակատագրական է համարում` կյանքը փոխելու հազվագյուտ մյուս հնարավորությունը 4-5 տարի հետո միայն խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտարկելով` հարցադրում անելով, թե արդյո՞ք Երեւանը եւ երկիրը կկարողանան շարունակել մնալ այսպիսի լճացման մեջ հաջորդ 4-5 տարիներին: Նա համարում է, որ Երեւանի քաղաքապետը Երեւանի համար վարչապետի պես մի բան է, որը կարող է իր ուրույն տնտեսական քաղաքականությունը վարել, աշխատատեղեր ստեղծել, արտաքին ներդրումներ ներգրավել, եւ անկախ կառավարության կամքից` լուծել երեւանցիների կենցաղային խնդիրները. «Մայիսի 5-ին մայրաքաղաքի ղեկը վերցնելու դեպքումՙ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ոչ միայն քաղաքական հակակշիռ է լինելու իշխող ուժին, այլեւ հակակշիռ ու մրցակից է լինելու կառավարությանը, նրա վարած տնտեսական քաղաքականությանը: Այսպիսի իրավիճակից միայն ու միայն կշահի երկիրը, քաղաքը եւ յուրաքանչյուր քաղաքացի», նշել է Օսկանյանը` ճանապարհ ցույց տալով, թե ԲՀԿ-ին վստահելով` ընտրողը երկրում սկիզբ կդնի քաղաքական մթնոլորտի առողջացմանը, մրցակցության ու քաղաքական հակակշիռների մեխանիզմի հաստատամանը, հա, երկիրն էլ կդրվի ժողովրդավարական զարգացման ճիշտ ճանապարհի վրա: Օսկանյանի կարծիքովՙ Երեւանի բնակիչները մեծ խնդիրներ չեն դնում` դրանք բոլորը լուծելի են այսօրվա բյուջեով, միայն պետք է լինեն քաղաքական կամք, սրտացավություն, հոգատարություն, նոր մտածելակերպ եւ քրտնաջան աշխատանք` առանց նեղ շահերի հետապնդման: Մինչդեռ, ըստ Օսկանյանի, Երեւանի բյուջեի ծախսերում մսխումներն ու կորուստները շատ են, քաղաքային իշխանությունը ճիշտ առաջնահերթություն չի կարողացել դնել իր առաջ: Ինչի՞ համար են քաղաքի կենտրոնի անփոս ասֆալտները քանդում ու նորը անում, ո՞ւմ փողերով եւ ո՞ւմ համար են ծաղիկներ դնում գլխավոր փողոցներում, երբ նրանց կողքին աղբակույտեր են գոյանում, հարցնում է Օսկանյանը` ընտրությունների նախաշեմին կատարվողը աշխատանքի իմիտացիա անվանելով, այն դեպքում, երբ երկրից տարին մեկ կամ մի քանի հարյուր հազար քաղաքացի է արտագաղթում` նվազագույն խնդիրների լուծման հույս չունենալով. «...փոխելու ենք եւ փոփոխությունն սկսելու են Երեւանից», եզրափակել է Օսկանյանը:

Այս գրառմանը եւ գուցե երեկ ցերեկը լրագրողների հանդիպման ժամանակ Օսկանյանի հայտնած այլ մտքերին չի դիմացել ԿԳ նախարարի պաշտոնակատար եւ ՀՀԿ ղեկավար կազմից Արմեն Աշոտյանը, որը նույն` ՖԲ ֆորմատով պատասխանել է` նշելով, թե Օսկանյանի ստատուսագիրներին փոխելու ժամանակն է, քանի որ գրառման հեղինակային իրավունքներ ստանձնած Վարդան Օսկանյանը «Երեւանի մասին» օրենքի լիակատար չիմացություն է դրսեւորում կամ էլ` նենգափոխություն, «իր ողջ ճարտասանությամբ եւ ճկունամտությամբ այդպես էլ չի կարողացել արտաբերել մեկ ընկալելի բացատրություն, թե ինչու իր քաղաքական թիմը «ձեռքերը լվաց» նախագահական ընտրություններին»: Իսկ հիմա էլ, ըստ Աշոտյանի, Երեւանի մասին հանկարծակի հիշած գործիչները այդպես էլ չեն կարողանում ընկալելի բացատրություն տալ, թե ինչու երեւանցու խնդիրներվ սկսեցին մտահոգվել միայն ընտրությունների նախաշեմին, մինչ այդ էլ ունենալով հրաշալի հնարավորություններ բարձրաձայնելու մայրաքաղաքային բազում հոգսերի մասին թե՛ Ազգային ժողովում, թե՛ կառավարությունում եւ թե՛ Երեւանի ավագանիում»: Աշոտյանը, նշելով, որ Օսկանյանը, այդպես էլ չկարողանալով երեւանցիների հետ հանգիստ ու նորմալ շփում հաստատել, միայնակ գեթ մեկ հանդիպում անցկացնել, լավ չէ՞ր լինի, որ գոնե Ծառուկյանի ձեռքը բռնած շրջեր Երեւանում, քան «տիկին Զոհրաբյանի փեշի տակ աքլորանալով խոսեր». ահա այսպես գոտկատեղից ներքեւ է հարվածել Աշոտյանը:

Դե` առաջին դեպքում գոտկատեղից ներքեւ բովանդակությունն է, երկրորդի դեպքում` բովանդակությունն ու ձեւը: Մենք` հանդիսատես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ