RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013



Տեղադրվել է` 2013-04-29 23:42:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1218, Տպվել է` 52, Ուղարկվել է էլ.փոստով` 34

ՄԻ ԵՐԵՎԱՆՑՈՒ ԱՐՁԱԳԱՆՔԸՙ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Երեւանի բնակիչների համար քիչ անսովոր է նախընտրական նամակագրության ձեւըՙ անձնապես անուն-ազգանունով գրություն ստանալ քաղաքապետի ստորագրությամբ: Նամակը սկսվում է հին ծանոթների մտերմիկ ոճով: Թերեւս, ինչ կա որ, չէ՞ որ նա մեր քաղաքապետն է: «Անկեղծ ասած, - գրում է նա,- մարդու իմ տեսակը հակված չէ ճառերի ու միտինգային վարվեցողության, ինձ համար միշտ նախընտրելի է եղել սրտամոտ, մտերմիկ զրույցը մարդկանց հետ, նրանց խնդիրները հասկանալն ու հոգսերը հոգալը: Ես կողմ եմ անմիջական շփումներինՙ անկախ քաղաքական անցողիկ հարաբերություններից: Պաշտոնյա եւ քաղաքացի շինծու տարանջատումը ինձ ավելի քան հասկանալի չէ»:

Այս վերջին խոսքի վրա հայացքս կանգ առավ. մտքերի մեջ ընկա, իսկ ինչո՞ւ մինչ այս նամակը, հավատացած էինք, թե բարձրաստիճան պաշտոնյաները, հասարակության այսպես կոչված էլիտան (սոցիալական) մեզ հետ բնավ կապ չունեն: Ներկա հայ հասարակությունը, եթե այդպիսին, իհարկե, ձեւավորվել է, միմյանցից անկախ, միմյանց կյանքին ու հոգսին անտեղյակ երկու հեռավոր աշխարհներից է կազմվածՙ իշխանական-օլիգարխիկ եւ սովորական աշխատող-բանող զանգված: Զանգված, որովհետեւ հասարակության այդ մասի գրեթե բոլոր շերտերը սոցիալական խնդիրներ լուծելուց զատ այլ նպատակ կարծես չունեն եւ այդպիսին դառնալու համար ավելի քան տասը օբյեկտիվ պատճառներ կան: Առաջինըՙ հենց չարաբաստիկ այդ սոցիալականն է, անկայուն վիճակըՙ սակավաքանակ, անհուսալի աշխատատեղերն ու անբավարար աշխատավարձը: Երկրում գործող օրենքի բացակայությունը, այսինքնՙ քաղաքացու իրավական անպաշտպանվածությունը, հասարակության առաջատար ուժիՙ մտավորականության վախվորած կամ չեզոք կեցվածքը, իսկ ազգային մտածողության ու հոգեբանության մի շարք հատկանիշները բավական են երկրում տիրող անառողջ մթնոլորտ ձեւավորելու համար, ինչն այսօր արտագաղթող հայերի մի զգալի մասի հիմնական պատճառն է: Արտագաղթի ծավալներն այնպիսին են հիմա, որ սոցիալական աղետից վերաճել է ազգային անվտանգության հիմնահարցի:

Ամենացավալինՙ հեռանալու մտայնությունը այնքան համատարած բնույթ է կրել, որ համակել է սոցիալական գրեթե բոլոր խավերին, հատկապես սուր է ձգտումը ինտելեկտուալ երիտասարդության շրջանում, ովքեր մասնագիտական առաջընթացի խնդիր ունեն, ինչու չէՙ դրանով կյանքի բարեկեցիկ վիճակ ապահովելու: Նրանց մեջ նաեւ այնպիսիները, որոնք աշխատանք ունենՙ մեր չափանիշներով բարձր վարձատրվող, սակայն դժգոհության պատճառը, թե հարցնեսՙ ներկա հայաստանյան ընդհանուր միջավայրիՙ հատկապես աշխատանքային փոխհարաբերությունների հիվանդ, անառողջ մթնոլորտն էՙ մեզանում շատ տարածված աշխատանքի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն ու գնահատման միանգամայն տարբեր չափանիշների առկայությունը: Արտագաղթած շատ հայեր, դրսում որքան էլ որ հայտնված լինեն ոչ այդքան բարենպաստ պայմաններում, նույնիսկ այդ պետությունների կողմից արտաքսվածի կարգավիճակում, ամեն հնար գործադրում են որեւէ կերպ մնալու եւ արդեն տարածված խոսք է դարձել. «Դրսում հաց կմուրամ, Հայաստան չեմ վերադառնա» ցավալի արտահայտությունը: Երկրից հեռանալու միտքը բութ ցավի պես հետապնդում է շատերին:

Ահավասիկ, ավելի լավ Երեւան ունենալու ծրագիրն իրականացնելու որպես անհրաժեշտ պայման քաղաքապետը բանիմաց թիմակիցներից բացի, համարում է Երեւանի քաղաքացիների վստահության աջակցությունը: Այսինքնՙ մեր բոլորի: Իսկ մենք ապրում ենք մեր կյանքի այս էլ որերորդ հիասթափություն-հուսահատությունը, եւ երբեմն այնքան խորը, որ վերածվում է ամենավտանգավորինՙ անտարբերության: Շարունակում եմ կարդալ նամակը: Եվ որպեսզի կարողանանք փոխել մեր քաղաքը «նախ պետք է հաղթահարենք մարդկային ջերմության եւ սրտացավ վերաբերմունքի ճգնաժամը մեր մեջ, մեր կյանքից դուրս մղենք հարեւանի ցավ ու հոգսին անհաղորդ մնալու, ազգային եւ ընտանեկան բարի ավանդույթներն անտեսելու միտումը»: Այս ճգնաժամն է, որ մեր հասարակությանը կանգնեցրել է անհաղթահարելի թվացող խնդիրների առաջ:

Այդ ճգնաժամն է անտարբերություն ու չարակամություն ծնողըՙ իրենից ածանցվող բոլոր հետեւանքներով: Տարիներ շարունակ իշխող վերնախավի ներքին քաղաքականության հետեւանքով ստեղծված կյանքային վիճակները, սեփական ժողովրդի հանդեպ քամահրանքը, սոցիալական-բարոյական նվաստացումները մարդկային հարաբերությունների ստորակարգ այնպիսի խճճացանց են գոյացրել, որտեղ գործող չափանիշները միայն հօգուտ պատեհապաշտպության են, կեղծարարության, քծնանքի, ստի ու զոռբայության:

Եվ ահա մեզ հորդորում են դուրս գալ այս վիճակներիցՙ վերադառնալու ազգային եւ ընտանեկան բարի ավանդույթներին: Ինչ-որ բան փոխվե՞լ է մեր իշխանավորների մտածողության մեջ, ավելի մարդկային, ավելի ժողովրդավար են ուզո՞ւմ դառնալ, թե՞ երեւալ: «Զոռբայություն» բառը հատուկ գործածեցի: Ֆեյսբուքյան մի տեսանյութում օրերս Գյումրիում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոսում է քրիստոնեական արժեքներից, օրենքի, արդարադատության ու խոնարհության մասին, թե հետայսու դրանք են վարքագծի գնահատման չափանիշ դիտվելու: Տա Աստված: Այս պարագայում մեր քաղաքի մթնոլորտը սփյուռքահայ մի հայրենակցի խոսքերովՙ կուպրի պես այլեւս ծանր չի լինի: Դա անել հնարավոր է միայն գիտակցության արմատական փոփոխությամբ, նախեւառաջ` իշխող վերնախավի գիտակցության, որպեսզի նրանք չդիտեն սեփական երկրի տարածքը որպես զուտ «ճոխ արոտավայր», իսկ ժողովրդինՙ զուտ «բանող եզ», այլ ստեղծել հասարակություն, որի յուրաքանչյուր անդամ արժանապատիվ քաղաքացու զգացողությամբ ապրի, ինքնավստահ եւ ազատ: Միայն այդ պարագայում է հնարավոր վերագտնել նախկին ջերմությունը միմյանց նկատմամբ, եւ մարդը կդառնա ավելի հաղորդական ու կարեկից: Այլապես շարունակվելու է սեփական հայրենիքում օտարացող անհատների ողբերգությունը եւ դրանց թիվը գնալով ավելանալու է: Որի ելքը նաեւ հեռացումն էՙ երկրից կամ... կյանքից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ