RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-04-29 23:42:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2004, Տպվել է` 85, Ուղարկվել է էլ.փոստով` 68

15 «ՀԱՅԱԿ» ԳՏԱՎ ԻՐ ՏԻՐՈՋԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ամփոփվեց «Հայակ» ազգային կինոյի երկրորդ մրցանակաբաշխությունը:

Այս տարի «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունում որոշակի փոփոխություններ էին կատարվել` 12-ի փոխարեն անվանակարգերն 15 էին:

Հատկանշական է, որ «Եթե բոլորը» ֆիլմն այս տարի հաղթող ճանաչվեց երեք անվանակարգերում` լավագույն սցենարի հեղինակ (Թերեզա Վարժապետյան, Միքայել Պողոսյան), լավագույն կոմպոզիտոր (Վահագն Հայրապետյան), ինչպես նաեւ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Ժենյա Մկրտումյան):

Թե որն է ֆիլմի հաջողության գաղտնիքը, «Ազգի» հետ զրույցում Միքայել Պողոսյանն ասաց. «Ֆիլմը նկարահանել ենք մարդավարի եւ մարդկանց համար»:

Լավագույն խաղարկային ֆիլմ մրցանակին արժանացավ «Այդ ես չեմ» ֆիլմը (ռեժիսոր` Վիկտորյա Լուպիկ), լավագույն ռեժիսոր մրցանակին արժանացավ Հարություն Խաչատրյանն իր «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմով, սակայն նա որոշեց իր մրցանակը փոխանցել երիտասարդ կոլեգային` Մարիա Սահակյանին, լավագույն օպերատոր` Մկրտիչ Մալխասյան («Այդ ես չեմ» ֆիլմ), լավագույն նկարիչ` Արմեն Ղազարյան («Թափառում» ֆիլմ), լավագույն դերասան` Շանթ Հովհաննիսյան («Գարեգին Նժեհ» ֆիլմ), լավագույն դերասանուհի` Մարիամ Դավթյան («Ձայն լռության» ֆիլմ), լավագույն կարճամետրաժ ֆիլմ` «Փետրվարի 19» (ռեժիսոր` Թամարա Ստեփանյան), լավագույն անիմացիոն ֆիլմ` «Բալետ» (ռեժիսոր` Նաիրա Մուրադյան), լավագույն դեբյուտ` «Փասիանի որսորդը» (ռեժիսոր` Մարինե Զաքարյան), իսկ երկրորդ պլանի լավագույն դերասան` Խորեն Լեւոնյան («Գարեգին Նժեհ» ֆիլմ): Դերասան Խորեն Լեւոնյանն «Ազգի» հարցին ի պատասխան ասաց, որ իր հաջողության գրավականը հավանաբար իր հայ լինելն ու աշխատասրությունն է. «Երկար, դաժան, տանջանքներով ու զրկանքներով լի աշխատանքի արդյունքում ութ տարի հետո արժանացա մրցանակի»:

Իսկ լավագույն արտասահմանյան ֆիլմ (սփյուռքահայ ռեժիսորի կողմից նկարված կամ հայկական թեմայով օտարազգի ռեժիսորի աշխատանք) մրցանակին արժանացավ «Սպիտակ վագրը» (ռեժիսոր` Կարեն Շահնազարով), լավագույն վավերագրական ֆիլմ` «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ռեժիսոր` (Հարություն Խաչատրյան):

«Ազգը» զրուցեց նաեւ «Հայակ» մրցանակաբաշխության ժյուրիի անդամների հետ, որոնցից գրող Ռուբեն Հովսեփյանն ասաց. « Այս տարվա արդյունքները այնքան էին, որքան սպասում էի: Ցավոք, անսպասելի հայտնագործություններ չեղան, ժամանակն է այդպիսին: Սակայն շարժ նկատվում է թե՛ գրականության մեջ, թե՛ կինոյում»: Ի դեպ, Ռուբեն Հովսեփյանը եղել է նաեւ «Հայակ» մրցանակաբաշխության անցյալ տարվա ժյուրիի անդամ եւ նշում է. «Քանի որ անցյալ տարի ընտրում էինք վերջին քսան տարիների աշխատանքներից, ապա արժեքավորն ավելի շատ էր, քան այս տարի եւ ավելի գոհ է այդ ընտրությունից»:

Իսկ թատերագիր Կարինե Խոդիկյանը նշում է, որ մտավախություն ուներ, թե այս տարի ինչ արտադրանք ենք ունենալու, քանի որ «Հայակը» տեղի էր ունեցել անցյալ տարի»: Թատերագիրն ընդգծեց նաեւ, որ Հայաստանում ֆիլմ նկարահանելը նվիրյալների գործ է, քանի որ կան մի շարք խնդիրներ եւ դժվարություններ»:

Ժյուրիի անդամներից Նարեկ Թովմասյանը ցանկանում էր, որ այս տարվա արտադրանքն էլ ավելի լավը լինեի, թեեւ փաստում է, որ շատ լավ աշխատանքներ կային, որոնք պարգեւատրվեցին:

Նշենք, որ մրցանակաբաշխությունը միտված է խթանելու եւ զարգացնելու ազգային կինոարտադրությունը, նպաստելու նոր անունների բացահայտմանը, երկրի կինոգործիչների համախմբմանը, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելուն, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ