RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013



90-ամյակ

Տեղադրվել է` 2013-04-30 23:34:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2443, Տպվել է` 134, Ուղարկվել է էլ.փոստով` 72

ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՍԻԼԻ ՄԻՐԶՈՅԱՆ

ԱՇՈՏ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ

Մայիսի մեկին նա կլիներ 90 տարեկան:

Իմ կարծիքովՙ մարդն իրեն գնահատում է երկակի: Փոքր հասակում նա համոզված է, որ աշխարհը գոյություն ունի, որպեսզի իրեն ստեղծեր եւ պտտվեր իր շուրջը: Տարիների հետ նա հասունանում է: Սերը իր հարազատների, երեխաների, իր համաքաղաքացիների, հայրենակիցների, գործընկերների, իր ուսուցիչների նկատմամբ նրան վաղ թե ուշ բերում է այն մտքին, որ ինքը անոթ է եւ պետք է խնամքով ամփոփի իր մեջ նախնիներից ստացածը, ավելացնի իր հնարավորությունների չափով եւ փոխանցի հաջորդ սերունդներին:

Իհարկե կան անձնավորություններ, որոնց այդ մտքին գալու համար կարող է չհերիքել նրանց կյանքը (դա բնորոշ է հատկապես երկարամյա գիտքարտուղարներին, որոնք չգիտեն, թե ինչ պետք է անեն այս կյանքում: Եվ կարող են, ի դժբախտություն իրենց եւ մյուսների, դառնալ կոմերիտմիության դափնեկիր տնօրեն, կուսակցության քարտուղար, պրեզիդենտ եւ այլն):

Սուտը, կեղծիքը, եսակենտրոնությունը, անբարոյականությունը ժանտախտի պես սպանում են ընտանիքը, կոլեկտիվը, ազգը:

Այսօր ցանկանում եմ մայրիկիս, եղբայրներիս, քույրերիս եւ մեր լուսահոգի հարազատների լռելյայն համաձայնությամբ պատմել իմ քեռու, իմ ուսուցչի մասին, եւ հուսով եմ, որ այդ պատմությունը մի փոքր կարող է օգնել իմ ժողովրդին գտնելու առաջանցի ուղիներ: Ես ցանկանում եմ հիշել Միրզոյանին որպես քաղաքացու, որպես ազգակցի, որպես մարդու:

Իմ ընտանիքի ծագումը (մորս կողմից) սկսում է Մակու քաղաքից:

Բարեի Հայրապետը ունեցել է 3 զավակՙ Թադեւոս, Խաչատուր, Անուշ: Անուշը իմ տատն էր: Անուշը խիստ հավատացյալ էր: Միշտ գնում էր եկեղեցի եւ տաղավար տոներին մեզ բերում էր նշխարք, առանց ընդգծելու դնում էր մեր ձեռքերի երեսին, որ հաղորդվենք, բայց առանց ստիպողականության: Ինձ թվում էՙ հայերս հավատում ենք կասկածելով, բայց հավատը չենք փոխում (կոտորածի ժամանակ շատ քիչ մեծահասակներ են փոխել իրենց հավատը փրկվելու համար): Անուշը ուներ 3 զավակ Լյուդվիգը, Աչիկը, Լուսիկը: Ես Աչիկի մեծ տղան եմ, Անուշի առաջին թոռը: Անուշը շատ կապված էր ինձ հետ եւ շատ սիրում էր ինձ պատմել իրենց ընտանիքի մասին: Նա պատմում էր, թե երբ Լյուդվիգին տարել էին ռուսական դպրոց, Լյուդվիգը փախել էր ռուսական դպրոցից եւ ստիպել, որ իրեն տեղափոխեն հայկական:

Լյուդվիգը մեծ սիրով միշտ հիշում էր Սինանյանինՙ իր ուսուցչին:

Անուշի հայրըՙ Հայրապետը, եղել է դարբին եւ եղել է ազգի (Մակվում հայկական համայնքի) առաջնորդը:

90- ական թվականներին եղբայրսՙ Գեղամ Ղարիբջանյանը աշխատում էր Իրանում եւ այցելել էր Մակու: Այնտեղ մի 90-ամյա ծերունի, իմանալով, որ եղբայրս Հայրապետի ծոռն է, համբուրել էր եղբորս ձեռքը մեծագույն հարգանքով եւ երկար հիշել նրան:

Հայրապետի տղաները սովորել են Սբ Էջմիածինի Գեւորգյան ճեմարանում եւ լարանում:

Երբ Հայրապետը, որպես հայերի ներկայացուցիչ, երկու երիտասարդների բերում է Էջմիածին ձեռնադրվելու քահանա, Խրիմյան Հայրիկ կաթողիկոսը ասում է նրան, արի Հայրապետ ձեռնադրեմ քո տղաներին: Հայրապետը հրաժարվում է: Իմ կարծիքով, նա մեծ մարդ էր եւ հասկանում էր իր ժառանգների դերը, նրանց ապագան:

Թադեւոս Ավդալբեգյանը դարձավ հայտնի տնտեսագետ, թարգմանեց Մարքսի «Կապիտալը»: Նա, ի լրացում, ըստ Մարքսի, հասարակության զարգացման 3 օրենքներին, ձեւակերպել է 4-րդը (իհարկե, ես շատ չեմ հասկանում, որ փակագծերը բացեմ): Գրեց տնտեսագիտական տերմինների բառարան եւ այլն:

Ինձ մեծ բավականություն է պատճառում մեր ազգում պատմվող մի փոքրիկ լեգենդ: Մի դիսերտանտ պաշտպանում է թեզ, որտեղ փորձում է ապացուցել, թե մեր պատմիչներից մեկը, ոչ թե 5-րդ դարի հեղինակ է, այլ 10-րդ դարի, որպես ապացույց բերելով մի քանի բառերի ցանկ, որոնք, նրա կարծիքով, չեն օգտագործվել 10-րդ դարից առաջ (դարերը հավաստի չեն, քանի որ ես փոքր տղա էի եւ չեմ հիշում): Թադեւոսը 5-9-րդ դարերի մի շարք հեղինակների մոտ ցույց է տալիս այդ բառերի օգտագործումը:

Մեր ընտանիքում միշտ եղել է քեռու պաշտամունքը: Մենք երդվել ենք քեռու արեւով եւ երբեք չենք եղել երդմնազանց: Ես դարձա աստղագետ, որովհետեւ փոքր հասակից քեռու ազդեցությունը մեծ էր ինձ վրա: Աշխատեցի նրա հետ 30 տարի, եւ երբեք թույլ չտվեց, որ որեւ է մեկը մտածի, թե նա ինձ հովանավորում է. Շնորհակալություն իրեն: Ես ցանկանում եմ մի փոքր լուսաբանել այն միջավայրը, որտեղ ձեւավորվել է Լյուդվիգ Միրզոյանը: Նա միշտ հիշում էրՙ ինչպես Թադեւոսը երկար զբոսնում էր իր զարմիկների եւ զավակների հետ, զրուցելով բարուց ու չարից:

Թադեւոսին գնդակահարեցին 1937-ին: Նա ուներ մեկ տղաՙ Մարտիկ Ավդալբեգյանը, ճարտարապետ, որ կամավոր գնաց պատերազմ, ասելով, թե ցանկանում է վերականգնել հոր բարի անունը:

Տատիկս պատմում էր, որ նրան ըստ երեւույթին գնդակահարել են գերմանացիները, քանի որ նա գերության ժամանակ հրաժարվել է համագործակցել:

Թադեւոսի 3 աղջիկներից Սեդան լեզվաբան էր, Մայիսըՙ հայագետ, Արեւիկըՙ հայտնի դաշնակահարուհի:

Հայրապետի որդի Խաչատուրը բարեբախտաբար չգնդակահարվեց, բայց նա էլ աքսորվեց 2 անգամ 37-46, 49-53 թվերին Ալթայի երկրամաս: Նա հայտնի հայագետ էր եւ բազմաթիվ գրքերի հեղինակ: Նրա տղանՙ Էդուարդը, ջութակահար էր, իսկ Սուրեն Ավդալբեգյանըՙ հայտնի վիրաբույժ, աշակերտել է Յոլյանին եւ Մոսկվայում սովորել Քրիստիան Բեռնարդի հետ: Ասում են, պատերազմի տարիներին կատարել էր ավելի քան 5000 վիրահատություն:

Հիշեցի Յոլյանին, որովհետեւ մեր ազգում չեն մոռանում ուսուցիչներին, անվերապահ պաշտպանում են նրանց ներդրումը: Լյուդվիգը նույնպես-Սինանյան, Մելնիկով, Համբարձումյան: Մելնիկովը եղել է նաեւ իմ գիտական ղեկավարը, աներեւակայելի կիրթ եւ բարի անձնավորություն էր:

Խաչատուր քեռին, վերադառնալով աքսորից, իր պարտքն էր համարում շրջել Հայրապետի թոռների ընտանիքներում: Գալիս էր, թակում դուռը, հարցնումՙ ինչպես եք սովորում: Պատասխանը մեծ մասամբ գոհացուցիչ էր: Հրավիրում էինք տուն, շուռ էր գալիս ու գնում աշխատելու, որովհետեւ աքսորում կյանքից կորցրել էր մոտ քսան տարի:

Կա մի զավեշտական հիշողություն նրա մասին: Մեր երեխաներից մեկը, որը հետագայում դարձավ նվագախմբի ղեկավար (դիրիժոր), Խաչատուր քեռու հարցին, թե ինչպես են թվանշանները, պատասխանել էր, թե մեկ չորս ունի: Մեկ վարկյան իսկ չկասկածելով, որ մնացածները հինգ են, նա արագ ասել էրՙ դա էլ վերացրու, եւ գնացել տուն աշխատելու:

Իմ պապիկըՙ Վասիլ Միրզոյանը, Լյուդվիգի հայրը նույնպես գնդակահարվեց 37-ին: Եղիշե Չարենցը նրա հորաքրոջ թե քեռու տղան էր: Աներձագների ձերբակալվելուց հետո նա պարբերաբար այցելում էր նրանց ընտանիքներին եւ նույնիսկ ՆԿՎԴ-ում փոխանցում էր նրանց ուտելիք, դա աններելի էր:

Տատիկսՙ Անուշը, մնաց մենակ 14 տարեկան Լյուդվիգի, 13 տարեկան Աչիկի եւ 12 տարեկան Լուսիկի հետ: Որպես գնդակահարված հակայի կին չունենալով աշխատելու իրավունք, նա կար էր անում եւ մի կերպ պահում երեխաներին:

Ես չեմ հիշումՙ որ թվին քեռուս զորակոչել են բանակ, բայց որպես հակայի զավակի չեն տարել ռազմաճակատ, այլ նա ծառայել է աշխատանքային գումարտակում Քալաշյան Լորիսի, Շիրոյան Գեղամի եւ մի ուրիշ ընկեր ուներ, անունըՙ Ժորա, ազգանունը, ցավոք, չեմ հիշում:

Այդ ընկերները նրա լավագույն ընկերներն էին, երբեք նրանց չմոռացավ: Նա սիրում էր պատմել Տիգրան Պետրոսյանի մասին մի պատմություն: Երբ Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն, բանակի կենտրոնական մարզական ակումբը նրան առաջարկեց թողնել «Սպարտակը» եւ տեղափոխվել իրենց ակումբ, առաջարկելով չորսսենյականոց բնակարան եւ ուրիշ առավելություններ: Նրա կինըՙ Ռոնան, անընդհատ ստիպում է Պետրոսյանին համաձայնել: Վերջապես Պետրոսյանը նրան հասկացնում է, որ եթե օգուտի համար փոխի ակումբը, ապա կարող է փոխել նաեւ կնոջը:

Լյուդվիգը միշտ լավ եւ վատ օրերը անցկացրել է այդ ընկերների հետ:

Բանակից հետո, վերադառնալով համալսարան (ֆիզմաթի ուսանող էր եղել), նա միշտ պատմում էր, որ կորցրել էր սովորելու փորձառությունը: Պատմում էր, որ մեկ տարի, կերոսինկան ոտքերի միջեւ տեղադրած, աշխատում էր հասկանալ առանց արդյունքի եւ ասում էր, որ որոշել էր, եթե չհասկանա, ապա կթողնի ուսումը: Բարեբախտաբար ճգնաժամը անցնում է, եւ նա ավարտում է համալսարանը որպես մաթեմատիկոս:

Նրա մաթեմատիկայի դասախոսը անվերապահ ցանկանում էր նրան ունենալ որպես ասպիրանտ, սակայն լինելով իր ժամանակի զավակը, ըստ երեւույթին վախենում է եւ խնդրում Լյուդվիգին հարցնել Մայիսին (Թադեւոսի աղջկան), թե ինչպես են վերաբերվում Մայիսի ասպիրանտուրային Մատենադարանում:

Լյուդվիգը նեղանում է (գուցե իզուր) եւ դիմում Բյուրականի աստղադիտարանի ասպիրանտուրա, որտեղ այդ հարցը բարձրանում է այլ կերպ: Մեկ տեղին դիմում են երկու հոգիՙ Լյուդվիգը եւ պարտկոմը: Համբարձումյանը բացում է երկու տեղ եւ ընդունում երկուսին էլ:

Բարեբախտաբար Լյուդվիգը ապրեց մինչեւ այն ժամանակները, երբ պարտկոմները սկսեցին հրաժարվել իրենց կուստոմսերից, իսկ շատ շարքային կուսակցականներ չարեցին այդ բանը:

Եղբայրս հիշեցրեց, թե ինչպես էր նա խնդրել Աշտարակի շրջկոմի առաջին քարտուղար Խաչատրյանին (ով, ցավոք, ունեցավ ծանր ճակատագիր), որեւէ կերպ մաքրություն ապահովել աշխարհում եզակի այբուբենին նվիրված հուշարձանին: Թվում էՙ փոքր բան է, բայց ամենօրյա փոքր արարքներից ձեւավորվում է մարդու տեսակըՙ լավ կամ վատ:

Ես ծնվել եմ 1945 թ. դեկտեմբերին եւ հիշում եմ Բյուրականը 1949 թվից: Հիշում եմ այդ կոլեկտիվի ծնունդից մինչեւ 1995 թվականը:

Սկզբնական շրջանում բարյացակամությունը շատ էր, աշխատակիցները օժտված էին փոխադարձ համակրանքով: Հետագայում ինտրիգների քանակը շատացավ, եւ հակասությունները խորացան:

Սկզբնական շրջանում բոլորը աշխատում էին անձնուրաց, իսկ Համբարձումյանի անառարկելի գերազանցությունը զսպում էր Նարցիսի բարդույթով տառապող որոշ աշխատակիցների նկրտումները: Հետագայում, Համբարձումյանի ստեղծագործական պոտենցյալի նվազման հետ, նրա քաղաքականությունը սկսեց փոխվել: Նա սկսեց տեղ տալ ակնհայտ ավանտյուրիստների եւ անպտուղների: Հին ավանտյուրիստները գոնե ունեին դիմակայությունը գիտական դաշտում պահելու սովորույթ, որովհետեւ ունեին բավական գիտական ժառանգություն, եւ խոսքը գնում էր միայն իրենց գերագնահատման եւ ուրիշների թերագնահատման մասին:

Իսկ նորերը գործը տեղափոխեցին կենտկոմ եւ անվտանգության օրգաններ զրպարտություներ ուղարկելուն: Լ. Վ. Միրզոյանին էլ բաժին հասան հարվածներ, մեղադրանքներ:

Նա երբեք չիջավ փոխադարձ հարվածներ ուղարկելու մակարդակին: Սկզբից մինչեւ վերջ վայելեց կարգին մարդկանց հարգանքը:

Երբ Համբարձումյանը ոչնչացրեց մեր հիմնական բաժիններըՙ անվերականգնելի փոփոխություններ մտցնելով իր իսկ ստեղծած գիտական կառուցվածքում, Լ. Միրզոյանը միշտ պահեց իրեն հավատարիմ Համբարձումյանին. Երբեք ծանր վիրավորանքներին թույլ չտվեց իրեն դարձնելու ոչ օբյեկտիվ եւ փոխելու գնահատականը իր ուսուցիչիՙ Վ. Համբարձումյանի գիտական անհերքելի հեղինակության մասին (ինչը չեմ կարող ասել տասնյակ ոչնչությունների մասին, որոնք այսօր 30 արծաթի (Grant) համար ոչնչացնում են այդ աշխարհահռչակ գիտնականի հեղինակությունըՙ պարելով ամեն տեսակի ավանտյուրիստների երաժշտության տակ):

Իմ կարծիքովՙ գիտության մեջ աշխատողը պետք է օժտված լինի 2 տեսակի ազնվությամբ:

1. Գիտական ազնվություն, որը նշանակում է ինքնահարգանք, մարդն աշխատում է այնպես, որ նրա ստացած արդյունքներին հավատան եւ հարգեն:

2. Հասարակական ազնվություն, որն աշխարհայացք է, մի՛ ստիր, մի՛ դավաճանիր, մի՛ գողացիր եւ այլն:

Լ. Վ. Միրզոյանը, բոլոր ճանաչողների կարծիքով, բարձր կոնցենտրացիայով պարունակում է այդ երկու տիպի ազնվության հայտանիշները:

Բացառիկ արդարացի մարդ էր, առանց չափն անցնելու: Իր աշակերտների հետ աշխատելիս միշտ տալիս էր շատ, քան վերցնում էր:

Ոչ մեկը չի կարող երեսը բաց նրան մեղադրել չհիմնավորված համահեղինակության մեջ:

Ուզում եմ հիշել, որ նրա համար ծանր ժամանակաշրջանում, երբ գիտակազմակերպչական բարելավման անվան տակ կտրեցին ուսուցիչ-աշակերտ բոլոր կապերը, բայց նա չմնաց մենակ: Համբարյան Վալերին եւ Մելիքյան Նորիկը մնացին նրա խմբում:

Իմ կարծիքով, եթե քավարան գոյություն ունենա եւ մենք կանգնենք դատի առաջ, դա կլինի այսպես.

- Ժամանակն անվերջ է, եւ բոլորը կխոսենՙ որքան ցանկանան, իսկ յուրաքանչյուրի հետեւի հեռուստացույցին կերեւան բոլորիս իրական շարժառիթները եւ նկրտումները:

Ինձ համար կանգնելը այդպիսի դատարանի առջեւ ծանր կլինի: Իմ ճանաչած եւ հետս առնչված շատ մարդկանց համար կլինի մահացու:

Բայց Լյուդվիգ Վասիլի Միրզոյանի համար կասկած չունեմ, որ հեշտ կլինի:

Նկար 1. Տիգրան Պետրոսյանի հետ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ