RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2819, Տպվել է` 108, Ուղարկվել է էլ.փոստով` 101

ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՕՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԽԱԽՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Եթե մեր համաքաղաքացիներին հարցնեքՙ ո՞րն է պետության թիվ մեկ խնդիրը, մեծամասնությունը վստահաբար կպատասխանիՙ աշխատատեղերի բացակայությունը: Դա խորացնում է արտագաղթը, աղքատության տոկոսի աճը: Մեր հայրենակիցների մեծ մասը բռնում է խոպանի ճանապարհը հենց աշխատանք չունենալու պատճառով: Սա հարց է, որի մասին խոսվում է գրեթե ամեն օր, սակայն այդպես էլ լուծում չի ստանում: Պատճառները բազմաթիվ ենՙ երկրի սոցիալ-տնտեսական վիճակից մինչեւ մենաշնորհներ ու արտահանման խրախուսում:

Սակայն շատ քչերն են խոսում աշխատանք ունեցող մարդկանց ու հատկապես նրանց իրավունքների մասին:

Խոսքն այս պարագայում «Նաիրտի»-ի, «Արմավիա»-ի կամ նմանատիպ այլ կազմակերպությունների աշխատակիցների մասին չէ, որոնք 8-9 ամիս աշխատավարձ չստանալով արդեն բռնել են փողոցային պայքարի ուղին եւ վարչապետից ու նախագահից են պահանջում իրենց հարցին լուծում տալ:

Իրականում մեր երկրում աշխատողների իրավունքները խախտվում են ամեն օր: Եթե դու միջազգային որեւէ կազմակերպությունում չես աշխատում, ապա մեծ է հավանականությունը, որ քո իրավունքները կխախտվեն, շատ հաճախ հենց քո իմացությամբ: Պատճառն այն է, որ գործատուն գիտի, որ իր մի տեղի համար պայքարում է միանգամից մի քանի տասնյակ մարդ, հետեւաբար կարողանում է չարաշահել եւ ավելի շատ աշխատեցնել նույն վարձավճարի պայմաններում:

Դա վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցներին ու նաեւ բոլորի իրավունքների համար պատերազմող լրատվամիջոցներին:

Շատերը կատարում են այս կամ այն անբարեխիղճ գործընկերոջ կիսատ թողած կամ չսկսած աշխատանքը, սակայն երբեք չեն բարձրաձայնում հավելյալ աշխատավարձի մասին, ինչո՞ւ, որովհետեւ պատասխանն ակնհայտ է. «Դուրդ չի գալիս, կարող ես դուրս գալ, քո նման տասնյակ մարդիկ սպասում են այդ աշխատանքին»: Շատերի աշխատավարձն են ուշացումով տալիս, սակայն այդ մասին հազվադեպ են բարձրաձայնում կամ դիմում լուրջ քայլերի: Աշխատակիցը տիրապետում է իր իրավունքներին, սակայն լռում է, որովհետեւ, մեկ-երկու անգամ խոսելու պարագայում նախ կդառնա տնօրենի «աչքի գրողը», իսկ հետո կհեռացվի: Այս պարագայում աշխատողների իրավունքը պաշտպանող արհմիությունները «մեռած» վիճակում են գտնվում եւ որեւէ կերպ չեն կարող օժանդակել իր իրավունքների համար պայքարող այս կամ այն աշխատակցին: Նոր աշխատանքը գտնելու հավանականությունն էլ զրոյական է: Սա էլ այն պարագայում, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձով հնարավոր չէ գոնե կես ամիս ապրել:

Բացի դրանից, բազմաթիվ կազմակերպություններում չի պահպանվում հանգստյան կամ տոն օրերին աշխատելու համար կրկնակի վարձատրելու սկզբունքը: Դա վերաբերում է ե՛ւ լրատվամիջոցներին, ե՛ւ պետական ու մասնավոր կառույցներին: Լրագրող ընկերներիցս քանի՞սը կհիշեն, որ տոն կամ հանգստյան օրերին աշխատել են, գնացել են հանրահավաքների կամ որեւէ երթի, կամ չնախատեսված գործուղում է եղել շաբաթ-կիրակի օրերին, եւ այդ աշխատանքի համար կրկանկի վարձատրվել են:

Առավել խայտառակ է իրավիճակը սպասարկման ոլորտում: Այստեղ ոչ մի օրենք հաշվի չի առնվում: Մի քանի տարի առաջ, ամանորյա տոներից հետո Ծաղկաձորում էի եւ հոդված էի պատրաստում ծաղկաձորյան հանգստի մասին: Զրուցեցի հյուրանոցային համալիրների մենեջերների եւ մատուցողուհիների հետ: Նրանք բոլորը միաբերան կրկնում էինՙ ամանորյա տոներին աշխատել են քառակի ծանրաբեռնվածությամբ, սակայն վարձավճարը մնացել է նույնը, դա այն պարագայում, երբ գներն այդ օրերին կրկնակի եռակի թանկանում են: Նույնը վերաբերում է սուպերմարկետների աշխատողներին, սակայն այս աշխատակիցները չեն բողոքում. «Իսկ ո՞ւր գնանք, ի՞նչ անենք» պատասխանում են նրանք: Եվ իսկապես, ի՞նչ անի աշխատակիցը, ո՞ւր դիմի: Աշխատանքի պետական տեսչությունն էլ, մեղմ ասած, չի փայլում իր գործունեությամբ, սրան գումարվում է նաեւ հայկական հոգեբանությունըՙ դիմելն ամոթ է, մենք գործ տվող չենք, ու նաեւ այն, որ հնարավոր չէ աշխատանք գտնել... ստացվում է մի իրավիճակ, երբ դժգոհ են թե՛ աշխատողներ, թե՛ աշխատանք փնտրողները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ